Գլուխ Բ. - Ճշմարտությունը խոսում է առանց խոսքերի ժխորի – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Բ. - Ճշմարտությունը խոսում է առանց խոսքերի ժխորի

1. Հավատացյալը. «Խոսիր, Տեր, ծառադ ահա լսում է Քեզ» (1Թգ 3, 10): Ես Քո ծառան եմ, տո՛ւր ինձ պատվիրաններդ հասկանալու իմաստություն: «Շուրթերիցդ բխած խոսքերով հմայիր ինձ, Աստված» (Սղմ 118, 38): «Խոսքերիդ ղողանջը թող արշալույսի ցողի նման հասնի ինձ» (2Օր 32, 2):
Իսրայելացիներն ասում էին Մովսեսին. «Դո՛ւ խոսիր մեր հետ և մենք կլսենք քեզ. Աստված թող չխոսի, որովհետև կարող ենք մեռնել» (Ել 20, 19): Ես, սակայն, այսպես չեմ աղոթում, Աստված իմ: Սամուել մարգարեի նման, խոնարհությամբ կարոտագին աղերսանքս առաքում եմ դեպի Քեզ. «Խոսիր, Տեր, ծառադ ահա լսում է Քեզ»: Ո՛չ Մովսեսը, ո՛չ էլ մարգարեները թող չխոսեն իմ հետ: Դո՛ւ միայն խոսիր իմ հետ, Տեր իմ, որովհետև Դո՛ւ ես ներշնչում ու լուսավորում մարգարեներին: Միայն Դո՛ւ կարող ես ողողել հոգիները ճշմարտության լույսով. մարգարեներն առանց Քեզ ի՞նչ կարող են անել:
 
2. Նրանք կարող են խոսքեր հնչեցնել, բայց լոկ խոսքերն ամուլ են: Վեհաշուք են մարգարեների պատգամները, բայց եթե Դու լուռ մնաս, նրանք ի զորու չեն լինի հուզելու սրտերը: Մարգարեներն ավանդում են մեզ գրություններ, բայց Դու ես բացահայտում դրանց գաղտնախորհուրդ իմաստները: Քարոզում են այլաբանորեն, մինչ Դու Ինքդ ես մեջտեղից վերցնում դրանք ծածկող քողը: Հռչակում են պատվիրաններդ, բայց Դու ես տալիս դրանք գործադրելու կարողությունը: Նրանք մատնանշում են ուղին, սակայն Դու ես պարգևում նրանով առաջ ընթանալու արիությունը: Նրանց գործն արտաքին է, մինչ Դու լուսավորում և կրթում ես սրտերը: Նրանք ջրում են, իսկ Դու՝ աճեցնում: Նրանք մեծաձայն աղաղակում են և հռչակում ճշմարտություններ, բայց Դու ես տալիս դրանք ըմբռնելու կարողությունը:
 
3. Թող ուրեմն Մովսեսը չխոսի իմ հետ, այլ միայն Դու, Տեր իմ, ճշմարտություն հավերժական, որպեսզի դժբախտությունը չունենամ մեռնելու նախքան որևէ բարի արդյունք տալս և խրատներդ անսեր կերպով լսելով՝ հոգիս չմնա կենսապարգև ջերմությունից զուրկ: Որպեսզի դատապարտության վճիռ չլինի իմ համար խոսքդ, ունկնդրված և չգործադրված, ճանաչված, բայց չսիրված, արժանահավատ ու հավաստի, բայց արհամարհված:
Խոսիր, ուրեմն, Տեր, որովհետև ծառադ լսում է Քեզ: «Ահա Դու խոսքեր ունես հավիտենական կյանքի» (Հվհ 6, 69): Խոսիր ու մխիթարիր և օգնիր ուղղելու ընթացքս ի գովեստ, ի փառս և ի հավիտենական պատիվ Քո սուրբ Անվան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։