Գլուխ ԼԳ. - Սրտի անհարատևությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԼԳ. - Սրտի անհարատևությունը

1. Հիսուսը. Որդյակ, մի՛ վստահիր զգացումներիդ, որովհետև փոփոխական են և միմյանց հաջորդում են գլխապտույտ արագությամբ: Քանի դեռ ապրում ես երկրի վրա, ենթակա ես լինելու շարունակական փոփոխման, նույնիսկ կամքիդ հակառակ. երբեմն ուրախ կզգաս քեզ, երբեմն էլ տխուր. երբեմն խաղաղ, երբեմն խռով. երբեմն եռանդուն, երբեմն սպառված. երբեմն ջանասեր, երբեմն ծույլ. երբեմն լուրջ, երբեմն ծիծաղկոտ:
Բայց գերիվեր, քան այս փոփոխությունները, իմաստուն և հոգևոր կյանքում փորձառու եղողը մնում է անայլայլ, առանց ուշադրություն դարձնելու իր զգացումներին կամ թե ո՛ր կողմից է փչում փոփոխականության քամին, այլ միայն հոգալով, որ իր մտքի դիտավորությունը ուղղված լինի պատշաճ ու փափաքված նպատակին: Այսպիսով, դեպքերի ելևէջների մեջ, մնում է միշտ նույնը. անփոփոխ, անսասան, դիտավորության ջինջ հայացքը իմ վրա կենտրոնացրած:
 
2. Որքան ավելի մաքուր է դիտավորության ակնարկը, այնքան ավելի խիզախորեն է կատարվում նավորդությունը աշխարհի զանազան ալեկոծումների վրայով: Բայց շատերի դիտավորության աչքը խավարած է, որովհետև հազիվ թե հանդիպում են հաճելի իրողության, կանգ են առնում դիտելու: Դժվար է գտնել եսասիրությունից բացարձակ կերպով ազատ գեթ մի հոգի. մինչդեռ այդպիսիներին եմ կոչում սուրբ և ինձ մտերիմ: Այդպես էր, որ Բեթանիայում հրյաները եկան ո՛չ միայն ինձ տեսնելու, այլ նաև «որպեսզի տեսնեն Ղազարոսին» (Հվհ 12, 9): Հարկ է, ուրեմն, մաքրագործել դիտավորության կողմնորոշումները, որպեսզի լինեն պարզ և ուղիղ, սևեռված ի՛մ վրա, մոռացության մատնելով մնացած ամեն բան:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։