Գլուխ ԾԵ. - Մարդկային բնության ապականությունը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԾԵ. - Մարդկային բնության ապականությունը

1. Հավատացյալը. Տեր Աստված իմ, որ ստեղծեցիր ինձ ըստ Քո պատկերի ու նմանության, տուր ինձ շնորհդ, որն հայտնեցիր այսքան մեծ և անհրաժեշտ փրկությանս համար, որպեսզի կարողանամ հաղթել անկյալ բնությանս, որ քաշում է ինձ դեպի մեղքերն ու հավիտենական կորուստը: Մարմնիս մեջ զգում եմ ներկայությունը մեղքի օրենքի, որ հակոտնյա է հոգուս օրենքին, և որ բռնանում է վրաս ինչպես ստրուկի, ստիպում է ենթարկվել զգացմունքայնությանը բազմաթիվ անգամներ: Եվ չեմ կարող դիմադրել նրա կրքերին, եթե ինձ թիկունք չկանգնի սրտիս մեջ բորբոք հեղված ամենասուրբ շնորհդ:
 
2. Կարիքն ունեմ շնորհիդ, և առատազե՛ղ շնորհիդ, հաղթելու համար բնությանս, որ դեպի ապականությունն է հակված պատանեկությունիցս ի վեր: Ընկնելով հանձինս առաջին մարդ Ադամի և մեղքի հետևանքում խավարելով, մարդկանցից յուրաքանչյուրն այժմ կրում է այդ ճակատագրական սխալի արդյունքները, այնպես, որ Քո կողմից բարի ու կատարյալ ստեղծված բնությունն այժմ հոմանիշն է ախտերի ու խեղճության, որովհետև նրա մղումներն ու ազդակները, անղեկ թողնված, ձգտում են դեպի չարն ու ստորինը: Իսկ կորովի այն չնչին քանակը, որ տակավին կենդանի է մեզնում, նման է մոխրի տակ թաքնված կայծին: Փոքրիկ այդ առկայծումը մարդկային միտքն է, որ թեպետ շրջապատված է խիտ մշուշով, բայց այնուամենայնիվ դեռևս ունակ է դատաստաններ կնքելու չարի և բարու միջև, տեսնելու այն անդնդային տարածքը, որ բաժանում է ճշմարտությունը կեղծիքից: Ցավոք, չի կարողանում այլևս հասնել այն ամենին, ինչը ճանաչում է իբրև բարի, չունի այլևս ճշմարտության լույսն ամբողջովին, ինչպես նաև փափաքների կատարելությունը:
 
3. Այս իսկ պատճառով, պատահում է, Աստված իմ, որ «ըստ հոգևոր մարդու՝ տալիս եմ իմ հավանությունը պատվիրաններիդ» (Հռմ 7, 22), ըմբռնելով, որ «օրենքներդ բարի են, արդար և սուրբ» (Հռմ 7, 12), ինչպես նաև հասկանում եմ, որ հարկ է փախչել չարից ու մեղքերից. բայց հետո, «ըստ մարմնի՝ ծառայում եմ մեղքի օրենքին» (Հռմ 7, 25), և հնազանդվում եմ զգայարաններին ավելի, քան բանականությանս: Հետևաբար, «բարու հանդեպ կամք կա ինձնում, բայց չունեմ այն իրագործելու ուժը» (Հռմ 7, 18): Հետևանքում, հաճախ առաջադրում եմ գործադրել շատ բարիք, բայց որովհետև բացակայում է հիվանդությունս դարմանող շնորհը, փոքրագույն արգելքների առաջ անգամ ետ եմ ընկրկում ու նվաղում: Ճանաչում եմ դեպի կատարելություն առաջնորդող ուղին, և հստակ կերպով տեսնում եմ, թե ինչպես պետք է վարվեմ. բայց ապականությանս բեռան տակ կքված, չեմ կարողանում ոտքի կանգնել և բարձրանալ դեպի կատարյալը:
 
4. Տեր, քանի՜ցս անհրաժեշտ է ինձ շնորհդ, բարին սկսելու, շարունակելու և մինչև վերջ կատարելու համար: Որովհետև առանց շնորհիդ չեմ կարող անել ոչինչ, մինչ ամեն բան կարող եմ Քեզնում, շնորհիդ օգնությամբ: Ո՜վ շնորհ իրոք երկնային, առանց որի մեր արժանիքները ոչինչ են, և բնական ձիրքերը նույնպես՝ անարժեք: Առանց շնորհի, Տեր, ոչինչ են Քո համար արվեստը, հարստությունները, գեղեցկությունը, ուժը, տաղանդն ու պերճախոսությունը: Որովհետև բնական ձիրքերը տրված են և՛ բարիներին, և՛ չարերին. մինչդեռ ընտրյալներիդ յուրահատուկ ունակությունը շնորհն է, այսինքն՝ գերմարդկային, աստվածային սերը, և նրանք, ովքեր զարդարվում են այս պարգևով, արժանի են նկատվում հավիտենական կյանքին: Այնքա՜ն գերազանց է շնորհը, որ ո՛չ մարգարեության, ո՛չ հրաշագործելու, և ո՛չ էլ ամենավերասլաց հայեցողության պարգևներն ինչ որ մի բան արժեն առանց նրա: Եվ նմանապես հավատքը, հույսը և մյուս բոլոր առաքինությունները ընդունելի չեն Քեզ առանց սիրո և շնորհի:
 
5. Ո՜վ սրբաօծ շնորհ, որ առաքինություններով հարստացնում ես հոգով աղքատին և երկնային բազում բարիքներով լիացնում ես սիրտը խոնարհի: Ե՛կ, հեղվիր նաև իմ վրա, հագեցրու ինձ Քո մխիթարություններով, որպեսզի հոգիս չնվաղի՝ հոգնությունից ու ցամաքությունից սպառված: Տեր իմ, թող ծառադ շնորհ գտնի Քո առաջ. «շնորհդ բավական է ինձ» (2Կր 12, 9), եթե նույնիսկ բնությունս գոհացնող ոչինչ էլ չստանամ: Եթե փորձվեմ և տառապեմ ընդմեջ զանազան նեղությունների, չեմ սարսափի ոչ մի չարիքից, երբ զինակիցս շնորհդ է: Նա՛ է իմ զորությունը, նա՛ է տալիս ինձ խորհուրդ և օգնություն. ավելի հզոր է, քան բոլոր թշնամիները, և առավել իմաստուն, քան գիտունները բոլոր: Նա՛ է ճշմարտությունն ուսուցանողը, կանոնապահության կրթողը, սրտի լույսը, նեղություններում մխիթարողը, տրտմությունը հալածողը, երկյուղներում խաղաղեցնողը, բարեպաշտությունը սնուցողը և սրտահոս արցունքների ակունքը: Եվ ի՞նչ եմ ես առանց շնորհի, եթե ոչ միայն՝ ցամաք փայտ և տատասկ անպիտան, կրակ նետվելիք: Թող ուրեմն շնորհդ, Տեր, միշտ զորակցի ինձ և օգնի, մղի կատարելու գործեր բարի, շնորհիվ Հիսուս Փրկչի՝ Որդուդ արժանիքների. ամեն:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։