Գլուխ Գ. - Բարի ու խաղաղասեր մարդը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ Գ. - Բարի ու խաղաղասեր մարդը

1. Նախ ինքդ քեզ խաղաղության մեջ պահիր, որպեսզի հետո այն ուրիշներին հաղորդել կարողանաս: Խաղաղասեր մարդիկ ավելի են բարեգործում, քան մտքով զարգացածները: Կրքոտ մարդիկ չարիքի են փոխում բարիքներն անգամ, և դեպի առաջինն են հակված ավելի, քան դեպի երկրորդը. իսկ խաղաղասերներն ամեն բան բարիքի են վերածում: Ով հաստատ է խաղաղության մեջ, կասկած չի սնուցում ոչ ոքի հանդեպ: Իսկ դժգոհ ու մտահոգ մարդիկ տարուբերվում են ընդմեջ կասկածների. իրենք չեն հանդարտվում և չեն թողնում, որ գեթ ուրիշները հանդարտվեն: Հաճախ ասում են այն, ինչ չպետք է ասեին, և հեշտորեն են զանցառնում իրենց պարտականությունները: Ուշադիր են այլոց պարտականությունների կատարմանը, մինչ իրենք իսկ զանցառու են իրենց պարտականություններում:
 
2. Նախ ինքդ քո հանդեպ եղիր նախանձախնդիր, որպեսզի արդարացի լինի ընկերոջդ հանդեպ ցուցաբերած նախանձախնդրությունդ: Հմուտ ես սխալներդ արդարացնելու և գունազարդելու գործում, սակայն չես կամենում ընդունել ուրիշների չքմեղանքները: Ավելի արդար կլինեիր, եթե ինքդ քեզ ամբաստանեիր և արդարացնել ջանայիր ընկերոջդ վարքը: Համբերիր ուրիշներին, եթե կամենում ես, որ ուրիշներն էլ քեզ համբերեն: Տե՛ս, թե դեռևս որքա՜ն հեռու ես ճշմարիտ սիրուց ու խոնարհությունից: Իրական աստվածասերն ու խոնարհը չի բարկանում ու չի զայրանում, եթե ոչ՝ իր անձի դեմ միայն: Մեծագույն առաքինություն չէ բարի ու հեզ մարդկանց հետ զրուցելը, որովհետև բոլորին էլ հաճելի է նման խոսակցությունը: Խաղաղությունը հաճելի է բոլորին և բոլորն էլ իրենց համախոհներին են փնտրում: Մինչդեռ խաղաղությամբ ապրել խիստ, չարամիտ ու կռվազան մարդկանց հետ՝ մեծ շնորհ է, գովասանքի արժանի առաքինություն և առնական կորովին հատուկ գործ:
 
3. Կան մարդիկ, որ բնավորությամբ իսկ հեզաբարո են և այլոց հետ միշտ համերաշխ: Կան սակայն նաև այնպիսիները, որ խաղաղություն չունեն իրենց սրտերում և խանգարում են ուրիշների անդորրը նույնպես. այդպիսիք ծանր բեռ են թե՛ ուրիշների և թե՛ իրենք իրենց համար: Կան էլ ուրիշներ, որոնք խաղաղության մեջ են պահում իրենց հոգիները և աշխատում են փոխանցել այն իրենց շրջապատողներին: Եվ սակայն, այս վաղանցուկ կյանքի ընթացքում, մեր ամբողջ խաղաղությունն ավելի խոնարհ տառապանքի մեջ պետք է որ գտնենք, քան անվիշտ կյանքի: Ով գիտի վիշտ ու նեղություն կրելու լավագույն ձևը, մեծագույն խաղաղություն կվայելի: Նա՛ է հաղթողն իր անձի, տերը երկրի, բարեկամը Հիսուսի և ժառանգորդը Երկնքի:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։