Գլուխ ԺԶ. - Համբերել է պետք այլոց թերություններին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԶ. - Համբերել է պետք այլոց թերություններին

1. Համբերությամբ պետք է կրենք այն, ինչը չենք կարող ուղղել մեզնում կամ ուրիշների մեջ, մինչև որ Աստված ա՛յլ կերպ կտնօրինի: Մտածիր, որ թերևս այս կերպը քո համար լավագույնն է, որպեսզի համբերությունդ փորձվի, քանի որ առանց համբերության՝ մեր արժանիքները ոչինչ են: Բայց նաև աղոթիր Տիրոջը, որպեսզի օժտի քեզ կարողություններով՝ հաղթելու այդ արգելքներին, կամ էլ՝ հոժար կամքով համբերելու: Եթե մի որևիցէ անձ մեկ-երկու նկատողությունից հետո չի զգաստանում, մի՛ վիճիր նրա հետ, այլ՝ ամեն բան հանձնիր Աստծուն, որը կարող է չարիքից անգամ բարիք դուրս հանել, որպեսզի Իր կամքը կատարվի և Ինքը փառավորվի Իր ծառաների մեջ: Աշխատիր սիրով հանդուրժել ուրիշների թերություններին ու տկարություններին, քանի որ դու նույնպես թերություններ ունես, որոնք համբերության պատճառ են ուրիշների համար: Եթե ինքդ քե՛զ չես կարողանում ուղղել ուզածիդ պես, ինչպե՞ս ես պահանջում, որ ուրիշներն ուղղվեն կամքիդ համաձայն: Ցանկանում ենք, որ ուրիշները թերություններ չունենան, իսկ մենք մե՛ր տկարություններն ուղղելու եռանդն անգամ չունենք: Կամենում ենք, որ ուրիշները խստությամբ հանդիմանվեն, իսկ մենք թեթև կշտամբանքներ անգամ լսել չենք ուզում: Ուրիշների չափազանց ազատությունը տհաճ է մեզ, բայց պայմանով, որ մեզ չմերժվի ոչինչ: Ուզում ենք, որ նրանք նեղվեն օրենքի զորությամբ, իսկ մենք չենք հանդուրժում փոքրիկ սեղմումներ անգամ: Այս բոլորից բացահայտ երևում է, որ միևնույն չափանիշը չենք գործածում մեր և ուրիշների համար:
Եթե բոլոր մարդիկ կատարյալ լինեին, կրելիք ի՞նչ վիշտ պիտի ունենայինք Աստծո սիրո համար:
Արդ, Աստված այնպես է տնօրինել, որ սովորենք միմյանց բեռները կրել, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի իրենը: Ոչ ոք առանց թերության չէ, ոչ ոք բավական իմաստուն չէ՝ ինքնաբավ լինելու համար: Պետք է համբերենք միմյանց, մխիթարենք, օգնենք, ուսուցանենք ու խրատենք փոխադարձաբար: Նեղությունների ժամին է, որ ի հայտ են գալիս անձի առաքինությունները: Քանզի առիթը մարդուն չի տկարացնում, այլ՝ հայտնում է, թե նա ինչպիսին է իրականում:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։