Գլուխ ԺԹ. - Համբերել արհամարհանքին – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԺԹ. - Համբերել արհամարհանքին

1. Հիսուսը. Որդյակ, մի կողմ թող տրտնջալը և խորհրդածիր իմ ու իմ բոլոր Սրբերի չարչարանքների շուրջ: «Տակավին արյունդ հեղելու չափ չես դիմադրում» (Եբր 12, 4): Քո կրածը աննշան կետ է՝ համեմատությամբ ուրիշների կրածի, որոնք ենթարկվում են կատաղի փորձությունների, ծանրակշիռ նեղությունների, բազմատեսակ աննկարագրելի վշտակրությունների ու տառապանքների: Պետք է որ մտաբերես ուրիշների դառնակսկիծ վիշտը, մեծագույն դյուրությամբ համբերել կարողանալու համար քո փոքրիկ, մանր նեղություններին: Եվ եթե նույնիսկ չես համարում դրանք փոքր, ուշադիր եղիր, թերևս անհամբերությունդ է ուռճացնում դրանք: Բայց փոքր լինեն թե մեծ, սկսիր բոլորն էլ համբերությամբ կրել:
 
2. Որքան լավագույնս տրամադրես քեզ տառապելուն, այնքան ավելի հանդես կգաս և կգործես իբրև իմաստուն, կբազմապատկես արժանիքներդ, և պատրաստակամ ու վարժ հոգի ունենալով՝ շատ ավելի նվազ կզգաս բեռան ծանրությունը: Երբեք մի՛ ասա. «Այս մարդուն չեմ կարող համբերել: Մի՞թե ես մեկն եմ, որ արժանի է այսպիսի նախատինքների: Մեծ վնաս հասցրեց ինձ, և դեռ զրպարտում է, վերագրելով ինձ հանցանքներ, որոնք մտքովս անգամ չեն անցել: Եթե մի ուրիշը լիներ սրա փոխարեն, ավելի մեծ խաղաղությամբ կհամբերեի, գնահատելով իրավիճակը որպես տանելի»: Սրանք խոսքեր են, որ հարմար են հիմար մտածելակերպի, որը չի ճանաչում համբերության արժեքը, և ո՛չ էլ՝ այդ համբերությունը վարձատրողին, այլ՝ հաշվի է առնում միայն անձերը և նրանցից ստացած վիրավորանքները:
 
3. Իրական համբերատար չէ նա, ով կամենում է խոնարհեցումներ ընդունել այնքան, որքան իրեն է հաճելի, և միայն նրանից, ումից իրեն է հաճելի: Իրական համբերատարը ուշադրություն չի դարձնում, թե ումից է ընդունում արհամարհանքը, թե իր մեծից կամ հավասարից կամ ստորադասից, թե բարի և սուրբ մարդուց կամ անառակ ապիրատից: Նրա համար միևնույնն է, թե ինչօրինակ արարածից են բխում հակառակությունները, որքան էլ ծանր լինեն այս վերջինները և հաճախակի: Ընդունում է ամեն բան Աստծո ձեռքերից, երախտագիտությամբ, մեծարելով որպես քանակաշատ շահ: Որովհետև Աստծո առաջ չկա մի վիշտ, որքա՛ն էլ փոքր լինի, որ ընդունվի համբերությամբ, ի սեր Իր, և մնա անվարձ:
 
4. Պատրաստ եղիր, ուրեմն, պատերազմի, եթե կամենում ես հաղթանակ տոնել: Առանց ճակատամարտի չես կարող շահել համբերության դափնեպսակը: Եթե չես կամենում ճիգ գործադրել, հրաժարվիր նաև վարձատրումից: Իսկ եթե փափաքում ես հասնել վարձատրությանը, մարտնչիր խիզախությամբ և դիմացիր համբերությամբ: Առանց հոգնության չկա հանգիստ, և նմանապես՝ առանց պայքարի չկա հաղթանակ:
 
5. Հավատացյալը. Տեր, շնորհիդ միջոցով հնարավոր դարձրու իմ համար այն, ինչն անհնարին է ըստ բնության: Դու գիտես, թե որքան անընդունակ եմ տառապելուն, և թե որքան շուտով եմ անձնատուր լինում անարիությանը, հազիվ թե ծագում է մի որևէ հակառակություն: Հանուն Քո թող այսուհետև սիրելի ու փափաքելի դառնան իմ համար բոլոր նեղությունները, որովհետև հոգուս համար փրկավետ են ի սեր Քո ստացած տառապանքն ու նախատինքը:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։