Գլուխ ԼԷ. - Սեփական անձից կատարյալ հրաժարումը
-
01
-
-
02
-
-
03
-
-
04
-
-
05
-
1. Հիսուսը. Որդյակ, լքիր անձդ և կգտնես ինձ: Մի՛ նախընտրիր ոչինչ, մի՛ կապվիր ոչնչի և կշահես միշտ: Որովհետև քեզ գերագույն աստիճանի լի ու գերագույն աստիճանի առատ շնորհ կտրվի, հազիվ թե անվերադարձ կերպով կհրաժարվես ինքդ քեզնից:
2. Հավատացյալը. Տեր, քանի՞ անգամ պետք է հրաժարվեմ անձիցս և ինչի՞ց անջատեմ սիրտս:
3. Հիսուսը. Միշտ և ամեն վայրկյան, ինչպես փոքր, այնպես էլ մեծ իրողություններում: Ոչ մի բացառություն չեմ ընդունում, կամենում եմ քեզ ազատ տեսնել ամեն ինչից: Ա՛յլ կերպ ինչպե՞ս կարող ես լինել իմը և ես քոնը, եթե չես հրաժարվում կամքիցդ ներքուստ և արտաքուստ: Որքան շուտով ի կատար ածես սա, այնքան ավելի լավ հոգեվիճակում կգտնես քեզ. և որքան ավելի լիովին ու անկեղծորեն, այնքան ավելի հաճելի կլինես ինձ և կշահես:
4. Ոմանք հրաժարվում են, բայց որոշ վերապահումներով. ամեն բան ինձ չեն հանձնում, և հետևաբար՝ մտահոգվում են իրենց անձով: Ոմանք էլ սկզբում նվիրում են ամեն բան, բայց հետո, երբ սկսվում է փորձությունը, ետ են վերցնում իրենց նվերը, այդպիսով չառաջադիմելով առաքինության մեջ: Այդպիսիք երբեք չեն հասնի մաքուր սրտի իրական ազատությանը և իմ քաղցրիկ մտերմության շնորհին, եթե չհրաժարվեն ամեն ինչից և եթե իրենց չմատուցեն որպես ամենօրյա զոհ. առանց այս պայմանի չկա, և ո՛չ էլ կարող է լինել հոգեսփոփ միություն իմ հետ:
5. Հաճախ եմ քեզ ասել, և այժմ կրկնում եմ նույնը. Լքիր անձդ, հրաժարվիր ինքդ քեզնից և կվայելես ներքին մեծ խաղաղություն: Տուր ամեն բան, ամեն բան ստանալու համար: Մի՛ կամեցիր ոչինչ, մոռացիր ամեն ինչ:
Ձգտիր ինձ հասնել մաքրությամբ ու հարատևությամբ, և կունենաս ինձ: Սիրտդ կլինի ազատ և ստվերները չեն ծանրանա ուսերիդ: Աշխատիր սրա՛ համար, սա՛ խնդրիր աղոթքներումդ, սա՛ փափաքիր. աղքատանալ անձնասիրությունիցդ և որպես աղքատ հետևել աղքատ Հիսուսին. մեռնել անձիդ համար և ապրել ինձնում հավերժ: Այդժամ միայն կանէանան ունայն մտապատկերներն ու ցնորքները, հանցապարտ խռովքները, ավելորդ մտահոգությունները: Այդժամ նաև կհեռանա քեզնից սարսափը և սատակմամբ կմեռնի նպատակաշեղ սերը: