Գլուխ ԽԹ. - Հավիտենական կյանքի փափաքը – Գրադարան – Mashtoz.org

Գլուխ ԽԹ. - Հավիտենական կյանքի փափաքը

1. Հիսուսը. Որդյակ իմ, երբ քեզնում զգում ես ի վերուստ արծարծվելը հավիտենական երանության փափաքի և անփոփոխ ու աննվազ փառքիս ճառագայթումով հագենալու համար կամենում ես ազատվել այս մահկանացու վիճակից, ընդլայնիր սիրտդ և վառ կարոտով ընդունիր այս սուրբ ներշնչումը: Երախտագիտությունդ հայտնիր գերագույն Բարությանը, որ այսքա՜ն գթությամբ է վարվում քո հետ, այցելում է քեզ կարեկցանքով, խրախուսում, օգնում, որպեսզի տկարությանդ պատճառով չհակվես դեպի երկրային իրողությունները: Այս շնորհը չես ստանում որպես վարձատրություն մտածումներիցդ կամ ջանքերիցդ մեկի փոխարեն, այլ՝ տրվում է քեզ իբրև ձրի պարգև, աստվածային նախախնամության կողմից, որպեսզի առաջադիմես առաքինության ասպարեզում, մեծագույն խոնարհությամբ պատրաստվես գալիք պայքարներին, ինձ ապավինես սրտիդ ամբողջ գորովով և վճռորոշ կամքով ծառայես ինձ:
 
2. Որդյակ, կրակն այրում է, բայց բոցը չի բարձրանում առանց ծխի: Նմանօրինակ կերպով, ոմանք վառվում են երկնային իրողությունների փափաքով, այնուամենայնիվ ազատ չեն մարմնի փորձություններից: Հետևանքում, իմ փառքի համար չէ միայն, որ կատարում են իրենց աղոթքները: Այսպիսին է նաև քո պարագան, որ ծանր է կշռում ուսերիդ: Այո՛, որովհետև մաքուր ու կատարյալ չէ այն, որին խառնված են անձնական շահն ու եսասիրությունը:
 
3. Երբեք մի՛ խնդրիր այն, ինչ հաճելի է քեզ ու հարմարավետ, այլ այն, ինչ համապատասխանում է կամքիս և ուղղված է փառքիս մեծվայելչությանը, որովհետև եթե իմաստությամբ մտածես, բոլոր փափաքներդ և փափաքելի ամեն բան կստորադասես կամքիս վճիռներին: Հայտնի են ինձ փափաքներդ, լսում եմ հաճախակի հառաչանքներդ: Կամենում ես արդեն իսկ լինել «Աստծո որդիների փառքի ազատության մեջ» (Հռմ 8, 21): Արդեն համտեսում ես հավիտենական բնակավայրի և հարազվարթ երկնային հայրենիքի նախաճաշակները, բայց ժամը դեռ չի հնչել: Տակավին ժամն է պայքարի, հոգնության ու փորձությունների: Բաղձանքն ունես գերագույն Բարիքով հագենալու, բայց առայժմ պատրաստ չես Լույսին միանալու: Ես եմ գերագույն Բարիքը, «սպասիր ինձ, մինչև գա թագավորությունս» (Սոփ 3, 8; Ղկս 22, 18):
 
4. Դու դեռ պարտավոր ես փորձվել երկրի վրա և կրթվել զանազան եղանակներով: Ժամանակ առ ժամանակ կստանաս նաև մխիթարություններ, բայց երանության լիությունը, այն էլ հագենալու աստիճան, ո՛չ: «Զորավոր եղիր ու քաջարի» (2Օր 31, 7), ինչպես աշխատանքի մեջ, այնպես էլ բնությանը հակառակ իրողություններում: Հարկ է, որ «նոր մարդով զգեստավորվես» (Եփս 4, 24) և ուրիշ մարդ դառնաս: Հարկ է, որ հաճախ զբաղվես գործերով, որոնք չէիր կամենա կատարել. հարկ է, որ հրաժարվես կամքիցդ: Այն, ինչ հաճելի է ուրիշներին, կգտնի հաջողություն. ինչը հաճո է քեզ, առաջ չի քայլի: Ինչ որ կասեն ուրիշները, կգտնի ընդունելություն. ինչ որ դու կարտահայտես իբրև կարծիք, կարհամարհվի: Ուրիշները կխնդրեն ու կստանան. դու կհայցես, չընդունելով սակայն ոչինչ: Ուրիշները կմեծարվեն մարդկանց շուրթերում, քո մասին չի խոսվի անգամ: Ուրիշները կզբաղեցնեն աթոռներ ու պաշտոններ, դու մինչդեռ կհամարվես անպիտան ողորմելի:
 
5. Այս ամենի համար բնությունդ երբեմն կվշտանա և ուսերիդ ծանր կկշռի այս ամենը լռության մեջ կրելը: Ահա այսպես և նմանօրինակ ուրիշ միջոցներով են փորձվում իմ հավատարիմ ծառաները, որպեսզի բացահայտվի, թե արդյոք կարողանո՞ւմ են մերժել իրենց անձնականը և ինքնատիրապետել որևէ իրավիճակում: Մի՞թե երբեմն չեն պատահում դեպքեր, որոնցում նախընտրում ես ավելի մեռնել, քան կամքիդ հակառակ իրողություններ տեսնել և դրանց համբերել, մանավանդ երբ հրամայվում է քեզ կատարել գործեր, որոնք թվում են քեզ անիմաստ ու անօգուտ: Եվ քանի որ, ենթակա լինելով, չես համարձակվում ընդդիմանալ հեղինակությանը, այս իսկ պատճառով քեզ դժվարին է թվում հնազանդության կյանքը և անձնական բոլոր հակումներդ ու ձգտումներդ մի կողմ թողնելը:
 
6. Բայց մի պահ խորհիր, որդյակ, այս բոլոր հոգնություններիդ պտուղի, ամեն ինչի շուտափույթ վախճանի և այսքա՜ն մեծ վարձատրության մասին: Այսպես վարվելով՝ չես զգա բեռան ծանրությունը և հզոր սփոփանք կստանաս համբերությանդ համար: Երկրի վրա կամքիցդ հրաժարվելով՝ կկարողանաս կամքդ հավիտյան Երկնքում կատարել: Այնտեղ կգտնես այն ամենը, որ կկամենաս, այն ամենը, որ կկարողանաս փափաքել: Այնտեղ կտրվի քեզ ամեն բարիք առատությամբ, առանց կորցնելու վախի: Այնտեղ, ինձ մեկընդմիշտ միանալով, կամքդ երբեք չի ունենա օտար կամ եսապաշտ ցանկություններ: Այնտեղ ոչ ոք չի ընդդիմանա քեզ, ոչ ոք չի տրտնջա քո դեմ, ոչ ոք չի խոչընդոտի ընթացքդ, ոչ ոք արգելք չի հանդիսանա ճանապարհիդ: Այլ՝ փափաքելի ամեն բան կներկայանա քեզ ի միասին և կհագեցնի ծարավդ լիովին. և դե՛ռ ավելի՝ զեղմամբ: Այստեղ կրածդ արհամարհանքը այնտեղ կփոխհատուցեմ փառքով, տառապանքդ՝ հոգեզվարթության պատմուճանով, երկրի վրա վերջին տեղը սիրով զբաղեցնելուդ փոխարեն արքայական գահ ու գահիսոն կունենաս հավետ: Այնտեղ կհռչակվի հնազանդությանդ արժեքը, խիստ ապաշխարանքը կվայելի և խոնարհ ենթակայությունը կպսակվի փառքով:
 
7. Այժմ, հետևաբար, հեզությամբ խոնարհվիր բոլորի ձեռքի տակ և ուշադրություն մի՛ դարձրու, թե ո՛վ է քեզ խոսողը կամ հրամայողը: Բայց ամենից ավելի՝ ուշադիր եղիր, որ ո՛վ էլ քեզնից ինչ որ մի բան խնդրի կամ պահանջի, – լինի քեզ մեծավոր, հավասար կամ ստորադաս, – ամեն ինչ բարի մտքով ընդունես և կատարես հոժար կամքով: Թող մեկն այս առարկան փնտրի, մի ուրիշն՝ այն մյուսը. մեկը թող իր փառքն այս իրողությանը կապի, երկրորդը՝ մի ա՛յլ իրողության. թող գովվեն մարդիկ մարդկանցից: Ինչ վերաբերվում է քեզ, մի՛ ուրախացիր ոչ մի բանի համար, միայն ինքնաարհամարհմամբդ հրճվիր, նաև իմ կամքով ու փառքով: Ահա՛ այն, ինչ պարտավոր ես փափաքել. որ Աստված փառավորվի քեզնում միշտ, կյանքիդ ընթացքում և մահվանդ պահին:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։