« ԵՐԱՆԻ՜ Է ՁԵԶ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻԴ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՁԵՐՆ Է ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԱՆԻ՜ Է ՁԵԶ՝ ԱՂՔԱՏՆԵՐԻԴ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ՁԵՐՆ Է ԵՐԿՆՔԻ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). « Տաղեր », 48 (SC 196).

 

[...] Վա՜յ նրանց, ովքեր իրենց համար են պահում իրենց հարստությունները։

Վա՜յ նրանց, ովքեր ցանկանում են փառք ստանալ մարդկանցից։

Վա՜յ նրանց, ովքեր խառնվում են հարուստների հետ՝ փոխանակ բաղձալու Աստծո տված փառքը, Աստծո պարգևած հարստությունը,

և փոխանակ տենչալու միացած լինել Նրան և ուրիշ ոչինչ, քանի որ փուչ է աշխարհը և այն ամեն ինչը, որ աշխարհում է,

ամեն բան լինելու է ունայնություն ունայնությանց։ [...]

Վա՜յ, հոգի իմ, նրանց, ովքեր ցանկանում են մարդկանց տված փառքը,

քանի որ զրկվելու են Աստծո տված փառքից։

Վա՜յ, հոգի իմ, նրան, ով իր համար է պահում կուտակած հարստությունը,

քանի որ այնտեղ՝ ներքևում հառաչելու են մի կաթիլ ջրի համար։

Վա՜յ, հոգի իմ, նրանց, ովքեր իրենց հույսը դնում են մարդկանց վրա,

քանի որ մարդը մեռնելու է, և նրա հետ՝ նաև նրանց հույսերը,

և այնժամ զրկված են մնալու որևէ հույսից։

Վա՜յ, հոգի իմ, նրանց, ովքեր այստեղ՝ ներքևում գտնում են իրենց հանգիստը,

քանի որ այնտեղ՝ ներքևում գտնելու են հավիտենական վիշտը։

Ասա՛ ինձ, հոգի իմ, ինչո՞ւ ես տխուր, դու, որ փնտրում ես այս կյանքի բարիքները։

Պատասխանի՛ր ինձ և կուսուցանեմ քեզ դրանցից յուրաքանչյուրի օգտակարությունը.

թո՛ւյլ տուր ուսուցանել քեզ, հասկացի՛ր այն, ինչը որ բարի է դրանցից յուրաքանչյուրի մեջ։

Ուզում ես փառավորվա՞ծ լինել, ասա՛ ինձ, ուզում ես գովասա՞նք ընդունել։

Լսի՛ր, ուրեմն, թե ի՛նչ է պատիվը և թե ի՛նչ է անպատվությունը։

Պատիվը բոլոր էակներին պատվելն է, բայց բոլորից ավելի՝ Աստծուն,

որպես հարստություն՝ Նրա պատվիրանները շահելը,

և դրանց համար վիրավորանքներ, դրանց համար նախատինքներ կրելը, դրանց համար ամեն տեսակ թշնամանքի համբերելը։

Երբ, արդարև, հոգի իմ, ինչ որ մի առիթով ջանք ես գործադրում

պատվելու Աստծուն, փառավորելու Նրան,

և դրա համար վիրավորանք ես կրում ու արհամարհվում,

ա՛յդ ժամանակ է, որ ստանում ես մնայուն պատիվն ու փառքը,

որովհետև Աստծո փառքն անկասկած կիջնի քո վրա.

այդ ժամանակ է, որ բոլոր հրեշտակները կգովեն քեզ,

քանի որ պատիվ ընծայած  կլինես Աստծուն,

Աստծուն, Ում նրանք էլ են գովաբանում։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։