« ՆՄԱՆՎԻՐ ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՆՄԱՆՎԻՐ ԱՍՏԾՈ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆԸ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). « Օրհներգություններ », 42 (SC 196).

 

[...] Բանը(*)՝ Աստված Աստծուց, հավիտենակից է Հոր և Որդու հետ, և միևնույն կերպով՝ իմ հոգին Իր պատկերով է։ [...]

Երբ լավ մաքրագործված կլինես և դարձած կլինես մի կատարյալ պատկեր, չես տեսնի Բնօրինակին, Նրան չես հասկանա, եթե Ինքը չհայտնվի քեզ Սուրբ Հոգու միջոցով։ Քանի որ Հոգին ուսուցանում է ամեն բան, պայծառ փայլելով անասելի լույսի մեջ, և քեզ իմացական եղանակով ցույց կտա բոլոր իմացական իրականությունները, այնքան՝ որքան դու կարող կլինես տեսնելու դրանք, այնքան՝ որքան որ հասանելի է մարդուն, քո հոգու մաքրության չափով, և կդառնաս Աստծո նման՝ ճշգրիտ կերպով նմանվելով Նրան Իր գործերի մեջ՝ չափավորության, արիության ու մարդասիրության, [...] և սիրելով քո թշնամիներին։

Որովհետև սա՛ է մարդասիրությունը. բարիք անել քո թշնամիներին և նրանց որպես ընկերներ համարել, որպես ճշմարիտ բարեգործներ. աղոթել բոլոր նրանց համար, ովքեր քեզ չարիք են մաղթում, և անկեղծ սեր տածել բոլորի՝ բարիների ու չարերի հանդեպ, միևնույն ձևով. և ի վերջո, տալ սեփական կյանքը բոլորի համար, ի նկատի ունեմ՝ նրանց փրկության համար, որպեսզի նրանցից մեկն անգամ կարողանա փրկվել, կամ նաև բոլորը, եթե հնարավոր է։

Սա՛, որդիս, Վարդապետին նմանվող կդարձնի քեզ, և քո մեջ տեսանելի կդարձնի Արարչիդ պատկերը, և դու ամեն ինչի մեջ կնմանվես Ինքնին Աստծո կատարելությանը։ [...]

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։