« ՏԵՐԸ ԿԱՄԵՑԱՎ ՀԱՇԻՎ ՏԵՍՆԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵՐԸ ԿԱՄԵՑԱՎ ՀԱՇԻՎ ՏԵՍՆԵԼ ՆՐԱՆՑ ՀԵՏ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). « Տաղեր », 54 (SC 196).

 

[...] Արարածը կարո՞ղ է ճիշտ ճանաչողություն ունենալ առանց իր Արարչի։ Այն, ինչ ստացել է ճանաչողության ոլորտում, հարկավոր է լինելու, որ այդ ամենի համար հաշիվ տա, իր գործերի և իր գործունեության համար, ամենայն արդարությամբ ու անկողմնակալությամբ։ Արդարև, մուրճը, մանգաղը, տապարը, սղոցը, կացինը, գավազանը, գեղարդը, դաշույնն ու աղեղը, նիզակը և առօրյա գոյության մյուս բոլոր գործիքները, յուրաքանչյուրն իրեն հատուկ գործողությունն ունի. բայց ինքն իրենից չէ, որ կատարում է այդ գործողությունը, անշուշտ մեզնից է, և արհեստավորն իր գործիքներից յուրաքանչյուրն աշխատացնում է արհեստի կանոնների համաձայն, ըստ այն նպատակի, որ որոշել է ի կատար ածել։ [...] Ճիշտ այսպես է, հավատա՛ ինձ, որ Աստված ստեղծել է մեզ՝ հավատարմորեն գործելու համար, յուրաքանչյուրս, կյանքի գործողությունների մեջ։ [...]

Ի նկատի՛ առ, [...] ինչպես որ վերոնշյալ գործիքներից որևէ մեկին երբևէ հնարավոր չէ ինքնուրույն շարժվել՝ գործելու համար, կամ ինչ որ մի բան իրականացնել առանց մարդու ձեռքի, որ բռնի այդ գործիքը, և մարդու ձեռքի հետ գործիքն ինչ որ մի բան արտադրի, նմանապես մարդը չի կարող, առանց Աստվածային Ձեռքի, որևիցէ մի լավ բան մտահղանալ կամ իրականացնել դա։ Խորհի՛ր. արհեստավոր Բանն(*) ինձ ստեղծել է այնպես, ինչպես կամեցել է, ինձ աշխարհի մեջ է դրել։ Ինչպե՞ս, ուրեմն, ասա՛ ինձ, կկարողանայի մտածել կամ իրականացնել, ինչպե՞ս կկարողանայի որևիցէ մի բան կատարել առանց աստվածային ուժի։

Ով ինձ պարգևել է խելքը, ինչպես որ կամեցել է բնականոն կերպով անել, տակավին Նա է, Ով ինձ տալիս է մտածել այն ամենը, ինչը որ գիտի, որ օգտակար է ինձ, և ինձ հնարավորություն է տալիս կատարելու այն, ինչ կամենում է։ Եթե այսպես է, որ վարվում եմ, վստահաբար Նա կտա ինձ ավելին և կպարգևի առավել կատարյալ մտքեր՝ Իր սիրո մեջ. բայց եթե անտեսում եմ մինչև իսկ այն քիչը, որ ինձ վստահվել է, արդարացի կերպով կկրեմ Աստծո կողմից դրանից զրկվելու պատիժը, – Աստծո, Ով այն տվել էր ինձ, – և կտեսնեմ ինձ անարդյունավետ, անօգուտ գործիքի վերածված, քանի որ չկամեցա գործադրել Արարչի պատվիրանները, և հանձնեցի ինձ ծուլությանն ու չկամությանը։ Ահա՛ թե ինչո՛ւ դեն նետվեցի Վարպետի ձեռքից։ [...]

 

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։