« ՆՐԱՆ, ՈՎ ԲԱԽՈՒՄ Է, ԿԲԱՑՎԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ՆՐԱՆ, ՈՎ ԲԱԽՈՒՄ Է, ԿԲԱՑՎԻ »

Սբ. Սիմեոն Նոր Աստվածաբան (մոտ 949-1022). « Քրիստոնեական Ուսուցում », 33 (SC 113, 257).

 

[...] Քրիստոսն ասում է օրենսգետներին. «Վա՜յ ձեզ, որ գաղտնի եք պահել գիտության բանալին» (հմմտ. Ղկս 11, 52)։ Ո՞րն է գիտության բանալին, եթե ո՛չ՝ Սուրբ Հոգու շնորհը, տրված՝ հավատքի միջոցով, որը լուսավորության շնորհիվ արդյունաբերում է լիակատար ճանաչողությունը և բացում է մեր փակ ու քողածածկ միտքը։ [...]

Եվ կասեմ ավելին. դուռը Որդին է. «Ես եմ դուռը», ասում է (հմմտ. Հվհ 10, 7.9)։ Դռան բանալին Սուրբ Հոգին է. «Ստացեք Սուրբ Հոգին. ում մեղքերը որ արձակեք, արձակված կլինեն, իսկ ում մեղքերը որ չարձակեք, չարձակված կմնան» (հմմտ. Հվհ 20, 22-23)։ Տունը Հայրն է. «Բազմաթիվ տեղեր կան իմ Հոր տանը» (հմմտ. Հվհ 14, 2)։ Մեծ հոգատարությամբ, ուրեմն, ուշադիր եղիր այս խոսքերի հոգևոր իմաստին։ [...] Եթե դուռը չի բացվում, ոչ ոք չի կարող մտնել Հոր տուն, ինչպես ասում է Քրիստոսը. «Ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ո՛չ՝ իմ միջոցով» (հմմտ. Հվհ 14, 6)։

Արդ այն, որ Սուրբ Հոգին է, որ առաջինն է բացում մեր միտքը և ուսուցանում մեզ այն, ինչ վերաբերվում է Հորը և Որդուն, տակավին Նա Ինքն է ասել. «Երբ կգա Մխիթարիչը, որին ես ձեզ կուղարկեմ Հորից, Նա կվկայի իմ մասին և ձեզ կառաջնորդի դեպի ամբողջական ճշմարտությունը» (հմմտ. Հվհ 15, 26)։ Ահա՛ տեսնում ես, թե ինչպես Հոգու միջոցով, կամ ավելի ճիշտը՝ Հոգու մեջ, Հայրն ու Որդին իրենց ճանաչել են տալիս անբաժանելի կերպով։ [...]

Արդարև, բանալի են անվանում Սուրբ Հոգուն, որովհետև նախևառաջ Իր միջոցով և Իր մեջ է, որ մեր հոգին լուսավորվում է, և որ մենք, մաքրագործված, լուսավորվում ենք ճանաչողության լույսով և մկրտվում ի վերուստ, վերածնվում և դարձվում Աստծո զավակներ, ինչպես ասում է Պողոս Առաքյալը. «Հոգին Ինքը հարատև միջնորդում է մեր համար, անարտահայտելի հեծեծանքներով» (հմմտ. Հռմ 8, 26), և տակավին. «Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց Իր Որդու Հոգին, որ գոչում է. ''Աբբա՜, Հա՜յր''» (հմմտ. Գղտ 4, 6)։ Ուստի, Նա է ցույց տալիս մեզ Դուռը, – Դուռը, որ Լույս է, – և Դուռը մեզ ուսուցանում է, որ նաև Նա, Ով բնակվում է Տան մեջ, անմերձենալի Լույս է։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։