« ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ԱՐՄԱՏԱՑԱԾ ՕՐԵՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ ԱՐՄԱՏԱՑԱԾ ՕՐԵՆՔԸ »

Սբ. Իրենեուս Լուգդունացի (մոտ 130-208). « Ընդդեմ հերետիկոսությունների », IV, 13, 3 (SC 100, 525).

 

[...] Կան Օրենքի բնական հրահանգներ, որոնք արդեն տալիս են արդարությունը. նաև նախքան Օրենքը կտրվեր Մովսեսին, կային մարդիկ, որ պահում էին այդ կանոնները, և որ արդարացան իրենց հավատքով և հաճելի եղան Աստծուն։

Սա հաստատված է այս խոսքերով. «Ասվեց հներին. "Մի՛ շնացիր"։ Բայց ես ասում եմ ձեզ. Ով մի կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդեն իսկ շնացավ նրա հետ իր սրտում»։ Եվ տակավին. «Ասվել է. "Մի՛ սպանիր"։ Բայց ես ասում եմ ձեզ. Ով զայրանում է իր եղբոր դեմ, կենթարկվի դատաստանի» (Մտթ 5, 21)։ [...] Եվ այսպես շարունակ։

Բոլոր այս պատվիրաններն իրենց հետ չեն բերում ո՛չ հակասություն նախկին պատվիրանների հետ, ո՛չ էլ դրանց չեղարկում, այլ՝ դրանց լրումն ու դրանց ընդարձակումը։ Ինչպես Տերն Ինքն ասաց. «Եթե ձեր արդարությունը չգերազանցի օրենսգետների ու փարիսեցիների արդարությանը, Երկնքի Արքայություն չեք մտնի» (Մտթ 5, 20)։

Ինչի՞ մեջ է կայանում այս գերազանցելը։ Նախ՝ հավատալ այլևս ո՛չ միայն Հորը, այլ նաև՝ Իր Որդուն, Ով այլևս հայտնվել է։ Նա, իրոք, առաջնորդում է մարդուն դեպի Աստծո հետ միությունը։

Ապա, գործելու մեջ, փոխանակ ասելու՝ առանց անելու, – քանի որ նրանք «ասում են, բայց չեն անում» (Մտթ 23, 3), – և խուսափելու մեջ ո՛չ միայն չար գործերից, այլ նաև՝ դրանք ցանկանալուց։

Սա ուսուցանելով՝ չէր հակասում Օրենքին, այլ ավելի՝ Օրենքը հասցնում էր իր լրմանը և Օրենքի պատվիրաններն արմատավորում էր մեր մեջ։ [...] Պատվիրելը՝ հեռու մնալ ո՛չ միայն Օրենքով արգելված արարքներից, այլ մինչև իսկ՝ դրանց ցանկությունից, չի հայտնում առկայությունը մի դիրքորոշման, որ հակասում է Օրենքին և չեղարկում է Օրենքը, այլ՝ որ հասցնում է Օրենքն իր լրմանը և ընդարձակում է այն։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։