« ՓՐԿՉԻՆ ՀԵՏԵՎԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՓՐԿՉԻՆ ՀԵՏԵՎԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՓՐԿՈՒԹՅԱՆԸ »

Սբ. Իրենեուս Լուգդունացու (մոտ. 130 - մոտ. 208) « Ընդդեմ Հերետիկոսությունների » աշխատությունից, 4, 14.
 
 
 
[...] Հայրը պատվիրեց մեզ հետևել Բանին(*) ո՛չ այն պատճառով, որ իբրև թե կարիքն ուներ մեր ծառայութան, այլ՝ տալու համար մեզ փրկությունը։ Փրկչին հետևել, արդարև, նշանակում է մասնակցել փրկությանը, ինչպես որ լույսին հետևել՝ նշանակում է շրջապատվել լուսավորությամբ։ Ով գտնվում է լույսի մեջ, անշուշտ ինքը չէ, որ լուսավորում է լույսը և շողացնում է այն, այլ՝ լույսն է, որ լուսավորում է նրան և նրան դարձնում է լուսավոր։ Նա ոչինչ չի տալիս լույսին, այլ՝ լույսից է, որ ստանում է պայծառության բարիքը և մյուս բոլոր օգտակարությունները։
 
Այսպես է նաև Աստծուն մատուցված ծառայության դեպքում. ոչինչ չի տալիս Աստծուն, և մյուս կողմից՝ Աստված մարդկանց կողմից Իրեն մատուցված ծառայության կարիքը չունի. բայց նրանց, ովքեր ծառայում են Իրեն և հետևում են Իրեն, Նա տալիս է հավիտենական կյանքը, անապականությունն ու փառքը։ [...] Աստված ակնկալում է ծառայություն ստանալ մարդկանց կողմից, որպեսզի հնարավորությունն ունենա – Նա, որ բարի է ու ողորմած – Իր բարերարությունները հեղելու նրանց վրա, ովքեր հարատևում են Իրեն մատուցվող ծառայության մեջ։ Մինչ Աստված ոչնչի կարիքը չունի, մարդը կարիքն ունի Աստծո հետ հաղորդության։ Մարդու փառքը կայանում է Աստծուն մատուցված ծառայության մեջ հարատևելու մեջ։
 
Սրա համար էր Տերն ասում Իր աշակերտներին. « Դուք չէ, որ ընտրել եք ինձ, այլ՝ ես եմ, որ ընտրել եմ ձեզ » (Հվհ 15, 16)։ [...] Եվ տակավին. « Կամենում եմ, որ նաև նրանք, որոնց տվեցիր ինձ, իմ հետ լինեն այնտեղ, ուր ես եմ, որպեսզի տեսնեն իմ փառքը » (Հվհ 17, 24)։ [...] Նրանց մասին է Աստված ասում Եսայի մարգարեի գրքում. « Ասելու եմ հյուսիսին. ''Վերադարձրո՛ւ նրանց'', և հարավին. ''Մի՛ պահիր նրանց''. վերադարձրո՛ւ որդիներիս հեռվից, և դուստրերիս՝ երկրի ծայրերից. նրանց, որ կրում են իմ անունը և որոնց իմ փառքի համար եմ ստեղծել » (Ես 43, 6-7)։ [...]

(*) Գրաբարյան «բան» եզրը (հունարեն՝ լոգոս), որ սովորաբար թարգմանվում է որպես «խոսք», բայց կարող է նշանակել նաև «միտք», «իմաստ», բան-ականության, բան-ավորության արմատն է, որով մատնանշվում է գոյություն ունեցող ամեն ինչի գոյութենական իմաստը և հակառակվում է անիմաստությանը, ան-բան-ությանը, ան-բան-ականությանը։ Հատկանշական է, որ հայերենում գոյություն ունեցող ամեն ինչ մատնացույց է արվում որպես «մի բան», այսինքն՝ իր մեջ բանականություն պարունակող միավոր։ Գրվելով մեծատառով, «Բան» («Լոգոս»), հասկանում ենք Աստվածային Միտքը, Իմաստությունը, Խոսքը (Ամենասուրբ Երրորդության երկրորդ Անձը՝ Որդին), որը ստեղծված որևէ բանականության արմատն ու աղբյուրն է, որից կտրվելու, հեռանալու դեպքում ամեն բան դառնում է անբան, իմաստազուրկ, հակասական, անտրամա-բան-ական։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։