« ՏԵ՜Ր, ԼՑՐՈ՛Ւ ԻՄ ՍԻՐՏԸ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ » – Գրադարան – Mashtoz.org

« ՏԵ՜Ր, ԼՑՐՈ՛Ւ ԻՄ ՍԻՐՏԸ ՀԱՎԻՏԵՆԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՎ »

ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 43 (ed. Spanos, pp. 176-178).
 
 
[...] Մաքրագործվի՛ր, և կտեսնես երկինքը քո մեջ: Քո մեջ կտեսնես հրեշտակներին և նրանց լույսը, և նրանց Տիրոջը նրանց հետ և նրանց մեջ: [...]
Մաքրագործված հոգու տեր մարդու հոգևոր հայրենիքը իր ներսում է: Նրա ներսում փայլող արևը Երրորդության լույսն է: Նրա ներսում ծնվող մտքերի շնչած օդը Մխիթարիչ Սուրբ Հոգին է: Նրա հետ են բնակվում հրեշտակները: Նրանց կյանքը, նրանց ուրախությունը, նրանց տոնը Քրիստոսն է, Հոր լույսի լույսը: Այդպիսի մարդը ամեն պահ ուրախանում է իր հոգու տեսությամբ, ապշում է տեսած գեղեցկություններով, որոնք հարյուրապատիկ ավելի պայծառ են, քան արևի ամենափայլուն ցոլքը: [...] Մեր ներսում թաքնված Աստծո Արքայությունն է, Տիրոջ խոսքի համաձայն: [...]
 
***
 
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 38 (ed. Spanos, p. 164).
 
 
[...] Սերը կյանքից էլ ավելի քաղցր է:
Է՛լ ավելի քաղցր, մեղրից ու մեղրի խորսխից էլ ավելի քաղցր է Աստծո գիտակցումը, որից ծնվում է սերը:
Սերը չի տրտմում, եթե ընդունելու է ամենադաժան մահը նրանց համար, ում սիրում է:
Սերը ճանաչողության զավակն է: [...]
Տե՜ր, լցրո՛ւ իմ սիրտը հավիտենական կյանքով: [...]
 
***
 
ԻՍԱՀԱԿ ՆԻՆՎԵԱՑԻ, Հոգեմարզական ճառեր, 8 (ed. Spanos, p. 39).
 
 
[...] Որոշակի պահերի պատահում է, որ բերկրանքն ու վայելքը ներթափանցում են ամբողջ մարմնի մեջ: Եվ մարմնեղեն լեզուն այլևս ոչինչ չի կարողանում ասել, այնքան որ երկրային իրողություններն իրեն ա՛յլ բան այլևս չեն թվում, քան սոսկ հող ու մոխիր: Առաջին վայելքները, որոնք սրտինն են, մեզ լիացնում են արթուն ժամանակ. միտքը բոցավառվում է աղոթքի ժամին, ընթերցանության պահին, հաճախակի կատարվող խորհրդածությունների կամ երկարատև հայեցողությունների ժամանակ: Վերջին վայելքները, մինչդեռ, այցելում են մեզ ա՛յլ կերպ, հաճախ գիշերվա մեջ, և այս եղանակով. երբ գտնվում ենք քնի ու արթնության միջև, երբ քնած ենք առանց քնելու և արթուն ենք առանց իրոք արթուն լինելու: Այս վայելքները ներթափանցում են մարդու մեջ, տրոփելով նրա ամբողջ մարմնի մեջ: Այդ ժամանակ նրան հայտնվում է, որ դա ա՛յլ բան չէ, եթե ոչ՝ Երկնքի Արքայությունը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։