Աստծո խաղաղությունը և Աստծո զինադադարը – Գրադարան – Mashtoz.org

Աստծո խաղաղությունը և Աստծո զինադադարը

Բայց հատկապես ուշ Միջնադարում է, որ իրավիճակը սկսում է ավելի արագ ու ավելի արդյունավետ կերպով փոխվել: Տասնմեկերորդ դարի սկզբին հարավային Ֆրանսիայում ծնունդ է առնում «եկեղեցական իշխանությունների կողմից սկզբնավորված խաղաղասիրական մի շարժում, որի նպատակն էր վերջ դնել կամ գոնե զսպել անվերջանալի բռնություններին, որոնք բնորոշ էին ավատատիրական հասարակությանը և որոնց թագավորական իշխանությունը չէր կարողանում հսկողության տակ պահել: Եկեղեցին առավել իրավացիությամբ միջամտում է այդ հարցին, քանի որ այդ բռնություններին զոհ գնացողների թվում քիչ չէին նաև եկեղեցականները: Խաղաղարար երկու ուղղությունները մատնանշելու համար խոսվում է “Աստծո խաղաղության” և “Աստծո զինադադարի մասին”: Առաջինը պատերազմական բռնություններից զերծ էր պահում որոշակի մարդկանց և որոշակի վայրեր, իսկ երկրորդը արգելում էր պատերազմական գործողություններ կատարել որոշակի ժամանակաշրջաններում (1037-1041 թվականներին Արլսում գումարված Ժողովը արգելում է պատերազմել չորեքշաբթի օրվա մայրամուտից մինչև երկուշաբթի օրվա լուսաբացը): Աստծո խաղաղության շարժումը սկիզբ առավ 987 թվականին Լը Փյուիի եպիսկոպոսի նախաձեռնությամբ, որն իր թեմի ասպետներին հավաքելով՝ նրանց պարտադրեց խաղաղասիրության երդում տալ: Երկու տարի անց՝ 989 թվականին, շարժումն արդեն զգալիորեն ծավալվել էր. Շարթրուի Ժողովի ժամանակ այլևս ո՛չ թե միայն մի եպիսկոպոս, այլ՝ Բորդոյի եկեղեցական նահանգի բոլոր եպիսկոպոսներն ու Լիմոժի եպիսկոպոսը նզովքի գերագույն պատժով սպառնում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն բռնագրավել կամ գողանալ գյուղացիների ունեցվածքները կամ բռնություն գործադրել անզեն կրոնավորների նկատմամբ: Հաջորդ տարիներին ուրիշ Ժողովներ էլ են գումարվում Աքուիտանիայում և Բուրգոնիայում, որտեղ հավաքված Եպիսկոպոսները ազնվականներից ու ասպետներից պահանջում են խոստանալ՝ հարգել Աստծուց կամեցված խաղաղությունը: 1016 թվականին Վերդան-սյուղ-լը-Դու քաղաքում ժողովի հավաքված Եպիսկոպոսները բուրգոնիացի ասպետներին պարտադրում են Սրբերի մասունքների վրա երդվել, որ հարգելու են անզեն բնակչությանը, պաշտամունքի վայրերը, իսկ եկեղեցիների ու վանքերի հարակից տարածքները համարվելու են ապաստանի վայր»[1]:
Աստծո խաղաղության հետ միասին, – որն անվանում էին նաև «խաղաղության դաշինք» («pactum pacis»), «խաղաղության վերահաստատում» («restauratio pacis»), – հաստատվում է նաև Աստծո զինադադարը («tregua Dei»), որը «պարտավորեցնում էր դադարեցնել զենքերի գործածումը ծիսական օրացույցի բազմաթիվ տոների կապակցությամբ, ինչպես նաև շաբաթվա որոշ օրերում: [...] Ի հիշատակ Քրիստոսի Չարչարանքների և Հարության, արգելվում է մարտնչել հինգշաբթիից մինչև Կիրակի, այսինքն՝ չորեքշաբթի օրվա մայրամուտից մինչև երկուշաբթի օրվա արևածագը: Սրանից բացի, արգելվում է զենք գործածել Հիսնակաց և Քառասնորդաց, Զատկվա, Համբարձման, Հոգեգալստյան ծիսական ժամանակներում և Աստվածածնին ու որոշ Սրբերի նվիրված տոնական օրերին»[2]:
Ակնհայտ է, որ Եկեղեցու կողմից հաստատված այս կանոնները միշտ չէ, որ հարգվում էին, բայց անժխտելի է, որ Եկեղեցու կողմից առաջ տարված քարոզչությունը հսկայական ու եզակի դեր էր խաղում ժողովրդին ու ազնվականներին խաղաղության ու հարգանքի գաղափարին վարժեցնելու, խաղաղության արժեքների համաձայն դաստիարակելու, ավատատիրական դարաշրջանի բռնությունները հնարավորինս սահմանափակելու և հատկապես՝ ասպետի կերպարը արմատապեսփոխակերպելու գործում. մինչ այդ որպես անխիղճ ու անօրեն թափառաշրջիկ ավազակ ճանաչված այդ հեծյալին Եկեղեցին վերադաստիարակեց, դարձրեց պատվի գաղափարը կրող և տկարներին պաշտպանող ասպետ, այն աստիճան, որ այդ անունը դարձավ վեհ գաղափարներ կրող մարդու հոմանիշ[3]: Բայց ամեն ինչից ավելի, Աստծո խաղաղությունը «բացառիկ կերպով նպաստեց հաստատելու այն գաղափարը, որ զենք չկրողները և նրանց ունեցվածքները բնական իրավունքով իսկ անձեռնմխելի են: Աստծո խաղաղության ուղղակի հետևանքը այն եղավ, որ կազմվեց և ընդունվեց ցանկը այն անձանց, ովքեր պատերազմի ժամանակ “ընդհանուր ապահովագրություն”, այսինքն՝ անձեռնմխելիություն էին վայելում. եկեղեցականները, եպիսկոպոսներից սկսած մինչև ուխտավորները, մատրանապետները, վանականներն ու միայնակյաց ճգնավորները, “հողագործներն ու բոլոր դաշտերում աշխատողները”, վաճառականները, ծերերը, երեխաները և կանայք»[4]:
Խաղաղասիրական այս շարժման ընդհանուր հետևանքը եղավ այն, որ Միջնադարում տեղի չունեցավ ոչ մի դասակարգային պատերազմ (ինչպես, օրինակ, ստրուկների մեծամասշտաբ ապստամբություններն էին Հռոմեական Կայսրությունում), ոչ մի «գերիշխանական պատերազմ, որի նպատակն է միայն մի ժողովրդի կամ մի տոհմի տիրապետությունը վիթխարի տարածքների վրա». Միջնադարը չունեցավ զանգվածային զինվորագրության համակարգը, որը բնորոշ էր Հռոմեական Կայսրությանը և հետո բնորոշ դարձավ արդի պետությունների համար, այլ՝ կար «մասնագիտացած ռազմիկների մի փոքրամասնություն», ինչպես նաև՝«բնակչության մեծամասնությունը կազմող զանգվածը», որն անվանվում էր «անզեն» («inermis»), շատ հազվադեպ մասնակից դարձվեց բախումներին: Սա նշանակում է, որ բազմաթիվ տարածաշրջաններում բնակչությունը «Միջնադարի կենտրոնական դարերի ընթացքում վայելեց պատերազմների եթե ո՛չ ամբողջական անհետացումը, գոնե դրանց տևական սահմանագծումը, ուստի նույնիսկ եթե պատերազմ էր բռնկվում, դրա հետևանքները չէին տարածվում ողջ բնակչության վրա»[5]: Ինչը որ կրկնակի դրական հետևանք ունեցավ հասարակության համար. առաջինը ժողովրդագրական ուղղությամբ, ավելի քիչ թվով երիտասարդներ պատերազմի երախը նետելով, հետևաբար՝ ավելի բազմաթիվ նոր ընտանիքների ձևավորումը հնարավոր դարձնելով, որի հետևանքն էլ, բնականաբար, ավելի շատ երեխաների ծնունդն էր և հասարակության թարմացումը. երկրորդ, որը առաջինի ուղղակի հետևանքն է, ժողովրդագրական աճը ապահովեց տնտեսական աճ և հարստության գրանցում, որովհետև բնակչության մեծ մասն իր ժամանակն անցկացնում էր ո՛չ թե պատերազմելով, այլ՝ աշխատելով և իր երկիրը շենացնելով:
 
Այս ամենով է բացատրվում նաև պատմական այն հանգամանքը, որ Տասնմեկերորդ դարի սկզբից Իտալիայում և ապա նաև ամբողջ Կաթողիկե Եվրոպայում կարողացան ծնունդ առնել և սքանչելի զարգացում ապրել Քրիստոնյա Միջնադարի հրաշալիքները. ճարտարապետական գլուխգործոցներ հանդիսացող վիթխարի տաճարները, համալսարանները, եղբայրակցությունները, հիվանդանոցները, գրականության, գեղարվեստի, երաժշտության գլուխգործոցները, և այն բոլոր բարի ու գեղեցիկ ժառանգությունը, որն այդ դժվարին, բայց լույսերով գերհարուստ դարաշրջանը ստեղծել ու ավանդել է մինչև մեր օրերը (և որոնց մասին գոնե համառոտ կերպով կխոսենք Տասնչորսերորդ գլխում):
[1] Jean-Pierre Moisset, Storia del cattolicesimo, p. 181; Տե՛ս նաև. Regine Pernoud, Luce del Medioevo, Volpe, Roma 1978, pp. 102-103.
[2] Jean-Pierre Moisset, Storia del cattolicesimo, p. 182.
[3] GEORGE DUBY, L'anno mille. Storia religiosa e psicologia collettiva, Einaudi, Torino 1976, pp. 139-141. Հեղինակն այս էջերում մեջբերում է երդման տեքստը, որը Բուվեի եպիսկոպոս Գուարինը 1023-1025 թվականներին փորձում էր պարտադրել ասպետներին, որոնք իրենց զենքերը մինչ այդ գործածում էին տկարներին կողոպտելու համար. «Ոչ մի պատճառով չեմ ներխուժի եկեղեցի: [...] Բռնի չեմ վերցնի ցուլը, կովը, խոզը, ոչխարը, գառը, այծը, էշը, վրայի բեռը, ձին ու իր քուռակը: Չեմ հարձակվի գյուղացի տղամարդու կամ կնոջ վրա, տասնապետի կամ վաճառականի վրա. չեմ վերցնի նրանց դրամը. չեմ ստիպի, որ փրկագին տան: [...] Չեմ հրկիզի, չեմ քանդի տները, [...] չեմ կտրի ծառերը, պատերազմը պատճառ բռնելով չեմ քաղի ուրիշի խաղողի ողկույզները: [...] Չեմ ավերի ջաղացները և չեմ գողանա այնտեղ գտնվող ցորենը [...]»: Եթե այս բաները գրի են առնվել երդման տեքստում, ապա ակնհայտորեն պարզ է, որ մինչ այդ նրանք հենց դրանով էլ զբաղվում էին:
[4] Philippe Contamine, La guerra nel medioevo, pp. 371, 414.
[5] Նույն, pp. 13, 411-416. Հեղինակը, հատկապես ուշ Միջնադարին ակնարկելով, հավելում է. «Ի վերջո հնարավոր է ասել, որ Միջնադարում պատերազմները սոցիալական հարթության վրա նվազ կործանարար հետևանքներ են ունեցել, քան ա՛յլ դարաշրջաններում. գերիներին ու պարտվածներին այլևս չէին ստրկացնում, ինչպես կատարվում էր հնում, խիստ հազվադեպ էին սեփականությունից բռնի կերպով զրկելու դեպքերը, ամբողջական ժողովուրդների տեղահանությունը: Բախումների մեծ մասը վերաբերվում էր հասարակության վերնախավին: [...] Ամբողջովին սխալ է պատկերացնելը, թե Միջնադարը անվերջանալի պատերազմների դարաշրջան էր»: Ավարտեմ, խոսքը կրկին տալով Ջակոմո Բալմեսին, որը մանրակրկիտ կերպով վերլուծել է այդ դարաշրջանի եկեղեցական ժողովները և բռնությունները նվազեցնելու նրանց փորձերը. «Ռոսսիլիոնե նահանգի Էլնայի թեմում 1041 թվականին Նարբոնայի Արքեպիսկոպոս Գոֆֆրեդոյի նախաձեռնությամբ գումարված Թուբուձայի Ժողովում հաստատվեց “Աստծո զինադադարը”: [...] Ով կհամարձակվեր խախտել այդ կանոնը, պետք է հաշտության պատժավճար վճարեր, որը հավասար էր մահապարտների պատժավճարին, այլապես՝ պետք է նզովվեր և արտաքսվեր երկրից: Այս կանոնի կիրառումը այնքա՜ն ոգևորություն ստեղծեց, որ այդ նույն տարում Ֆրանսիայի ուրիշ նահանգներում ևս ժողովներ գումարվեցին միևնույն կանոնը իրենց տարածքներում ևս հաստատելու համար: [...] Այդ նույն ժողովի կանոններում գտնվում է նաև մի հետաքրքրական հոդված, որի համաձայն՝ արգելվում է հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր գնում են եկեղեցի կամ վերադառնում են եկեղեցուց, ինչպես նաև՝ այն տղամարդկանց վրա, ովքեր ուղեկցում են կանանց» (GIACOMO BALMES, Il protestantesimo paragonato col cattolicesimo nelle sue relazioni con la civiltà europea, cap. XXXIII):
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։