Իսպանական գաղութացումը և Կաթողիկե Եկեղեցու դերը – Գրադարան – Mashtoz.org

Իսպանական գաղութացումը և Կաթողիկե Եկեղեցու դերը

Լատինական Ամերիկայի իսպանական գաղութացումը, ինչպես արդեն ասացինք, նշանակալիորեն տարբերվում էր անգլիականից: Ո՛չ որովհետև նրանում բացակայում էին դաժանությունները, որոնք միշտ էլ ներկա են եղել մարդկության պատմության մեջ, այլ՝ որովհետև նրանում, միաժամանակ, չէին բացակայում նաև արդարության շարունակական կոչերը և բնական իրավունքներն հարգելու հիշեցումները:
Ամերիկայի բացահայտման դարաշրջանում արդեն, կաթողիկե թագուհի Իզաբելլա Կաստիլիացին, լիովին տարբերվելով Եղիսաբեթից, որն, ինչպես տեսանք, ծովահեններով ու ստրկավաճառներով էր շրջապատել իրեն, դեպի Նոր Աշխարհ մեկնող իր հպատակներին շարունակ պատվիրում էր, որ հարգանք ցուցաբերեին բնիկների նկատմամբ և չդիմեին ո՛չ տնտեսական շահագործմանը, ո՛չ էլ բռնի կրոնադարձությանը:
Երբ Քրիստափոր Կոլումբուսը իր բազմաթիվ ճամփորդություններից մեկից վերադառնում է Իսպանիա, իր հետ բերում է մի քանի ստրկացված ինդիոսների: Թագուհին իսկույն հրամայում է ազատ արձակել նրանց: 1501 թվականի Սեպտեմբերի 16ին Իզաբելլան Գրանադայում ստորագրում է մի Ցուցմունքագիր, հասցեագրված՝ Հնդկաստանների կառավարիչ Նիկոլաս Դե Օվանդոյին, հրամայելով ամեն կերպ պաշտպանել բնիկների իրավունքները եվրոպացի գաղթականների հնարավոր ոտնձգություններից: Ապա նաև կոչ է անում դարձի բերել այդ ժողովուրդներին «առանց նրանց վրա որևէ բռնություն գործադրելու»[1]: Վերջերս գտնված իր նամակներից մեկում, որը գրել է 1503 թվականի Հոկտեմբերի 30ին և որի հասցեատերը ցավոք անհայտ է, գրում է. «Պետք է իմանաք, որ մեր տիրակալ թագավորը և ես [...] հրամայել ենք, որ մեր կողմից այդ երկրներ ուղարկված մարդկանցից ոչ մեկը չհամարձակվի բռնել կամ գերեվարել ինդիոսներից ոչ մեկին, տեղափոխելու համար իր թագավորության սահմաններից ներս, ո՛չ էլ ուրիշ ինչ որ մի տեղ, և որ ոչ մի վնաս չհասցվի մարդկանց կամ իրենց ունեցվածքներին, և հրամայում ենք, որ ազատություն տրվի նախապես գերեվարված բոլոր ինդիոսներին»[2]:
1519 թվականին, ինչպես հայտնի է, Կորտեսը թողնում է Կուբան և ափ է դուրս գալիս ացտեկների կայսրության հողերում, Մեքսիկայի արևելյան ափին: Իսպանացիները սկսում են մայրցամաքի գաղութացումը: Կորտեսն իսկույն ստանում է բազմաթիվ բնիկ ցեղերի դաշնակցությունը, որոնք որոշում են օգնել նորեկներին ընդդեմ ացտեկների արյունարբու բռնատիրության, որի մասին կխոսենք հետո: Պատմաբանների համար այլևս կասկածից վեր է, որ առանց բնիկ ցեղերի օգնության՝ Կորտեսը ոչ մի հաջողության չէր կարողանա հասնել: Բայցկարևորը միայն սա չէ. Կորտեսն, այո՛, հարստությունների ագահ որոնումի մեջ էր, բայց միաժամանակ, ինչպես միանշանակ երևում է իր կյանքի բազմաթիվ դրվագներում, անկեղծ նողկանք էր զգում ի տես ացտեկների կողմից կատարվող մարդկային զանգվածային զոհաբերությունների և իրեն իսկապես զգում էր որպես ազատարար: Մահապատժի սպառնալիքով նախևառաջ պաշտոնապես արգելում է երեխաների, իսկ հետո նաև որևէ մեկի զոհաբերումը: Բարոյական ռելատիվիզմի պաշտպանների կարծիքով դա բացասական պարտադրանք էր, բայց հաստատ այդպիսին չէր այն հազարավոր մարդկանց համար, ովքեր փրկվեցին Կորտեսի միջամտությունների շնորհիվ և որոնց այլապես սպասվում էին քառատումը, խեղդամահությունը և սպանության ա՛յլ կերպերը, որոնք ացտեկները կիրառում էին՝ իրենց կուռքերին հագուրդ տալու համար[3]:
Միաժամանակ, Կորտեսը ոչ մի “ռասիստական” ժխտական նախապաշարում չուներ բնիկների նկատմամբ. իրոք, ամուսնացավ մի բնիկ աղջկա՝ Մարինայի հետ, և իր նման վարվեցին իր զինվորներից ուրիշ շատերը ևս: Իսպանացիների և բնիկ ինդիոսների միջև խառն ամուսնությունները սկզբից ևեթ դարձան բնականոն ու հաճախակի գրանցվող դեպքեր, մի բան, որ երբեք տեղի չունեցավ անգլիական գաղութներում, ուր ցեղային բաժանումը միշտ մնաց իբրև գրեթե բացարձակ իրականություն, այնպես՝ ինչպես որ է մինչև այսօր:
Կորտեսի օրոք Իսպանիայի թագավորը Կարլոս Հինգերորդ կայսրն էր: Թեև երբեք չկարողացավ անձամբ այցելել Նոր Աշխարհի իսպանական տիրույթները, այդուհանդերձ Կարլոսը մեծապես հետաքրքրվում և անդադար տեղեկություններ ու հաշվետվություններ էր ստանում այդ տարածքներից. «Մի կողմից բարձրաստիճան պաշտոնյաներն էին, [...] որոնք հակված էին թագավորի առաջ արդարացնելու իրենց կողմից գործված բռնությունները և նկարագրելու իրավիճակն իբրև տանելի. բայց մյուս կողմից, կրոնական միաբանությունների անդամները դառն բողոքներ էին գրում իշխանությունների դեմ: Ալեքսանդր ֆոն Ռանդան խոսում է մի իրական “կրոնավորական հեղափոխության” մասին»: Եկեղեցականներն անդադար ցուցմունքներ էին ուղարկում թագավորին տեղի ունեցող անարդարությունների մասին (որոնք անգլիացիները հետագայում օգտագործեցին իսպանական գաղութացման մասին իրենց “սև առասպելը” ստեղծելու համար): Պատմական փաստն այն է, որ Կարլոս Հինգերորդը, թեև անորոշ վիճակում էր գտնվում տեղեկատվության երկու տարբեր աղբյուրների կողմից առաքված լուրերի միջև, այդուհանդերձ լրջորեն գործի է անցնում՝ կանխարգելելու համար չարաշահումները, ոտնձգություններն ու դաժանությունները, քաղաքական և եկեղեցական հատուկ պաշտոններ ու պատիվներ շնորհելով Բարթոլոմե Դե Լաս Քազասին (տե՛ս այս գլխի հաջորդ հատվածը), վավերացնելով Նոր Օրենքները (Leyes Nuevas) և կոչ անելով իր հպատակներին հարգելու ինդիոսների ազատությունը[4]:
 
Եվ հասնում ենք խնդրի առանցքային կետին. իսպանացիների մեջ էլ, անշուշտ, միշտ անպակաս են եղել մարդիկ, որ պատրաստ են եղել օգուտ քաղելու նոր հողերից, իրենց շահին անխղճորեն ծառայեցնելու նոր իրավիճակները, կողոպտելու նոր մայրցամաքի հարստությունները, ստրկացնելու բնիկներին, անհնազանդ գտնվելու իրենց թագավորի և թագուհու կողմից տրված հստակ ցուցմունքներին: Բայց սա ինչպե՞ս է տեղի ունեցել: Այսպիսիների ստրկատիրական միտումներին ու անմարդկային անարդարություններին ընդդիմացողներ գտնվեցի՞ն: Արդյոք կարո՞ղ ենք անտեսել իսպանական Արքունիքի և Եկեղեցու կողմից ձեռնարկված գործողությունները: Հռոմեական Կաթողիկե Եկեղեցին այդ ամենին հանդիսատեսի նման դիտում է անկարող կամ մինչև իսկ բարեհաճ հայացքո՞վ, թե՞ իր կարողությունների չափով գործի է լծվում՝ հարգել տալու համար բնիկների իրավունքները և սանձելու համար իր բարոյական իշխանության ներքո գտնվողների ագահությունն ու դաժանությունը:
Այս հարցերին հնարավոր է պատասխանել մի քանի ուղղություններով:
Նախևառաջ հիշեցնելով Հռոմի Սրբազան Քահանայապետների դիրքորոշումը: Հնարավոր օրինակները չափազանց բազմաթիվ են, ուստի այստեղ մեջբերենք դրանցից միայն մի քանիսը. 1435 թվականի Հունվարի 13ին, Ֆլորենցիայում, Եվգենիոս Չորրորդ Պապը հրապարակում է «Sicut dudumե կոչվող Կոնդակը, որով Կանարյան կղզիներ հասած իսպանացիներին պատվիրում է «ազատության նախկին վիճակին վերադարձնել արական և իգական սեռի բոլոր անձանց, որոնք նախապես բնակվում էին Կանարյան այդ կղզիներում», սպառնալով, որ չհնազանդվողները կենթարկվեն նզովքի. 1492 թվականի Հոկտեմբերի 7ին, պորտուգալական Գվինեայի Եպիսկոպոսին ուղղված (Rubicensem կոչվող) իր նամակում Պիուս Երկրորդ Պապը գրում է, որ սևամորթների ստրկությունը «մեծ ոճիր» է (magnum scelus). 1537 թվականին Պողոս Երրորդ Պապը երեք վճռագիր է ստորագրում Նոր Աշխարհում գլուխբարձրացրած ստրկատիրության դեմ: Դրանցից առաջինում, որ կոչվում է «Sublimis Deus», բոլոր նրանց, ովքեր ժխտում էին բնիկների մարդ լինելը, – որպես ապացույց բերելով նրանց կողմից լայնորեն կիրառվող մարդկային զոհաբերությունների և մարդակերության գազանային լինելը, – Սրբազան Քահանայապետն ընդգծում է, որ «իրականում հնդիկներն իրական մարդիկ են» և որ ոչ ոքի թույլատրելի չէ ազատությունից կամ ունեցվածքներից զրկել «նույն այդ հնդիկներին կամ ուրիշ որևէ ա՛յլ ժողովրդի, նույնիսկ եթե չեն պատկանում մեր կրոնին»: 1639 թվականին Ուրբանոս Ութերորդ Պապը վերահաստատում է նզովքը, որը ժամանակին Պողոս Երրորդն արձակել էր բոլոր նրանց դեմ, ովքեր որևիցէ կերպ գործակցում էին ստրկավաճառությանը[5]: 1741 թվականին Բենեդիկտոս Տասնչորսերորդ Պապը, հազիվ գահ բարձրացած, հիշեցնում է իր նախորդների կողմից արձակված նզովքները, մինչ Պիուս Յոթներորդ Պապը 1815 թվականի Վիեննայի Վեհաժողովում պահանջում է արգելել ստրկավաճառությունը:
 
1839 թվականին Գրիգոր Տասնվեցերորդ Պապն իր կոնդակներից մեկում կրկին հիշեցնում և վերահաստատում է իր նախորդների նզովքներն ու հորդորները. «Ավետարանական օրենքը, համընդհանուր և հիմնական կերպով անկեղծ սեր հաստատելով բոլորի նկատմամբ, և հռչակելով, որ Տերը որպես անձամբ Իր համար արված կամ մերժված է համարում բարեգործության կամ ողորմության բոլոր այն գործերը, որոնք արվում կամ մերժվում են աղքատներին ու տկարներին, որպես հետևանք առաջացրեց արդյունքը, որ Քրիստոնյաները ո՛չ միայն իբրև եղբայրներ դիտեին իրենց ստրուկներին, հատկապես երբ նրանք դարձի էին եկել Քրիստոնեության, այլ՝ որ հակված լինեին ազատություն շնորհելու նրանց, ովքեր իրենց վարքով արժանացել էին դրան. ինչը որ սովոր էին անել հատկապես Զատկվա հանդիսավոր տոնակատարությունների ժամանակ, ինչպես վկայում է Սբ. Գրիգոր Նիկեացին: Եղել են նաև այնպիսիք, որ ամենաջերմ սիրով բոցավառված՝ իրենք են հանձն առել իրենց եղբայրների շղթաները, նրանց ազատագրելու համար, և առաքելաշավիղ այր, սրբալույս հիշատակ ունեցող մեր նախորդ Կղեմես Առաջին Պապը վկայում է, որ բազմաթիվ մարդիկ է ճանաչել, որոնք կատարել են ողորմության այդ գործը: Եվ այս պատճառով է, որ սիրո ուժով շարժվող հավատքի ընձեռած նպաստների շնորհիվ ժամանակի ընթացքում հեթանոսական սնապաշտությունների փարատմամբ և ամենաբարբարոս ժողովուրդների սովորույթների մեղմացմամբ՝ պատմությունն հասավ այն արդյունքին, որ քրիստոնյա ժողովուրդների մեծամասնության մոտ բազմաթիվ դարերից ի վեր չէին գտնվում ստրուկներ: Չնայած սրան, – և սա ասում ենք ամենախորը ցավով, – եղան մարդիկ, նաև Քրիստոնյաներից, ովքեր կեղտոտ շահի ցանկությամբ ամոթալի կերպով կուրացած՝ չերկմտեցին հեռավոր երկրներում ստրկացնելու հնդիկներին, սևամորթներին և ա՛յլ տարաբախտ ժողովուրդների, կամ գործակցելու նման անարգ չարությանը, հիմնելով և կազմակերպելով այդ տարաբախտների առևտուրը, որոնց ուրիշները կապել էին շղթաներով: Փառահեղ հիշատակի արժանացած Հռոմեական Քահանայապետներից՝ մեր նախորդներից շատերն անհոգ չգտնվեցին, որքան որ իրենց կարողությունների սահմաններում էր, արգելք դնելու այդպիսի մարդկանց գործին, ցույց տալով, որ դա հակառակ է իրենց փրկությանը և նվաստացուցիչ է քրիստոնյա անվան համար: [...] Այդ նպատակի համար առաքվեցին Պողոս Երրորդի 1537 թվականի Մայիսի 20ի Առաքելական Նամակները [...] և Ուրբանոս Ութերորդի 1639 թվականի Ապրիլի 22ի շատ ավելի ընդարձակ ուրիշ նամակները ևս [...] : Նամակներ, որոնց մեջ բովանդակված են ամենախիստ ու ամենաուժգին հանդիմանություններն ընդդեմ նրանց, ովքեր հանդգնում են ստրկացնել արևմտյան և հարավային Հնդկաստանների բնակիչներին, վաճառել նրանց, գնել, փոխանակել, նվիրել, բաժանել իրենց կանանցից ու երեխաներից, զրկել իրենց ունեցվածքներից, տեղափոխել կամ ուղարկել օտար թագավորություններ, և որևէ ձևով զրկել նրանց ազատությունից. պահել նրանց ստրկության մեջ, և կամ որևէ պատճառով կամ պատրվակով օգնել ու նպաստել նրանց, ովքեր զբաղվում են նման գործերով. ուսուցանել կամ տարածել, թե դա օրինավոր է. ի վերջո, որևէ կերպ մասնակցել այդ գործին: Բենեդիկտոս Տասնչորսերորդ Պապն, ապա, նորոգեց և վերահաստատեց արդեն հիշատակված Պապերի պատվիրաններն Առաքելական նոր Նամակներով, հասցեագրված՝ Բրազիլիայի և մի քանի ա՛յլ երկրամասերի Եպիսկոպոսներին, 1741 թվականի Դեկտեմբերի 20ին, որոնցով նույն նպատակի հանդեպ հոգատարությանն էր հրավիրում այդ Եպիսկոպոսներին: Նրանից շատ առաջ, մեր ամենահին նախորդներից մեկը՝ Պիուս Երկրորդը, որի քահանայապետության օրոք Պորտուգալացիների իշխանությունը տարածվեց Գվինեայի և սևամորթների երկրի վրա, 1482 թվականի Հոկտեմբերի 7ի իր Առաքելական Նամակներն ուղղեց Ռուվոյի Եպիսկոպոսին, երբ վերջինս պատրաստվում էր մեկնել դեպի այդ երկրները: Այդ Նամակներում նա չսահմանափակվեց այդ բարձրաստիճան եկեղեցականին պատշաճ իշխանություններ շնորհելով, որպեսզի առավել արդյունավետությամբ գործադրեր իր սրբազան պաշտոնն այդ երկրներում, այլ նաև առիթը գործածեց՝ խստորեն քննադատելու համար այն Քրիստոնյաների վարքը, որոնք ստրկացնում էին նոր մկրտվածներին: Ի վերջո, մեր օրերում Պիուս Յոթներորդը, իր նախորդների սիրո և կրոնի միևնույն հոգիով ոգևորված, նախանձախնդրությամբ միջնորդեց ազդեցիկ անձանց շրջանակներում, որպեսզի ամբողջովին դադարեր սևամորթներիվաճառքը Քրիստոնյաների մոտ: Մեր նախորդների նման պատվիրաններն ու հորդորները Աստծո օգնությամբ մեզ զորավիգ եղան՝ պաշտպանելու համար հնդիկներին և մյուս ժողովուրդներին քրիստոնյա վաճառականների վայրագություններից, նվաճումներից ու ընչաքաղցությունից: Բայց հարկավոր է, որ Սուրբ Աթոռը կարողանա ուրախանալ իր ջանքերի և իր նախանձախնդրության ամբողջական հաջողությամբ, քանի որ սևամորթների վաճառքը, թեև մասամբ վերացվել է, այդուհանդերձ տակավին շարունակում է կիրառվել բազմաթիվ Քրիստոնյաների կողմից: Այս իսկ պատճառով, կամենալով վերացնել նման անարգանքը քրիստոնեական բոլոր երկրներից, ժողովի գումարված մեր մեծարգո եղբայրների՝ Հռոմեական Սուրբ Եկեղեցու Կարդինալների հետ խորհրդակցելուց հետո, և մեր նախորդների օրինակին հետևելով, Առաքելական Հեղինակության ուժով և Տիրոջ զորությամբ զգուշացնում և ազդարարում ենք որևէ դասակարգի ու վիճակի պատկանող բոլոր Քրիստոնյաներին և նրանց արգելում ենք, որ ոչ ոք այսուհետև հանդգնությունը չունենա անարդար կերպով չարչարելու հնդիկներին, սևամորթներին և ուրիշ որևէ մարդու, զրկելու նրան իր ունեցվածքներից և ստրկացնելու նրան. ո՛չ էլ օգնի կամ թիկունք կանգնի նրանց, ովքեր նվիրվում են նման գործերի, կամ կատարել նման անմարդկային վաճառականություն, որի համար սևամորթները – կարծես թե մարդ չլինեին, այլ՝ իրական ու անմաքուր կենդանիներ, սրանց նման ստրկացված, առանց զանազանման և ընդդեմ արդարության ու մարդկայնության օրենքների – գնվում են, վաճառվում և դատապարտվում ամենածանր աշխատանքներին»:
 
Կաթողիկե Եկեղեցին որևէ արդյունքի հասա՞ւ իր այս բարոյական պայքարով: Այո՛, արդյունքները մեծապես զգալի եղան, ո՛չ թե չարիքի արմատական վերացման, բայց գոնե նրա սահմանափակման, զսպման, խոչընդոտման, վայրագությունների ու անարդարությունների մեղմացման իմաստով: Ո՛չ բոլոր իսպանացիներն էին ջերմեռանդ քրիստոնյաներ, բայց գոնե նրանք, ովքեր այդպիսին էին, անհապաղ հետևեցին Քահանայապետի ձայնին: Ռոդնիյ Սթարքը, սակայն, հիշեցնում է, որ տեղական իշխանությունները հաճախ արգելում էին պապական գրությունների հրապարակումը և խոչընդոտում էին դրանց տարածմանը. նախևառաջ հարկավոր է հաշվի առնել, որ «բազմաթիվ տեղական Եպիսկոպոսներ, որոնք նշանակվել էին Իսպանիայի թագավորի կողմից», առանց Սուրբ Աթոռի համաձայնությունը ստանալու, «թիկունք չէին կանգնում Հռոմի դիրքորոշմանը», փաստացի դավաճանելով եկեղեցական կարգին. երկրորդ, նույնքան կարևոր է հաշվի առնելը, որ եթե կային իսպանացի թագավորներ, որոնք ուշադիր էին իրենց նոր հպատակների՝ հնդիկների իրավունքները հնարավորինս պաշտպանելու գործին, եղան նաև այնպիսի թագավորներ, որոնք խոչընդոտեցին Նոր Աշխարհում պապական գրությունների հրապարակմանը, սահմանափակելու համար դրանց ազդեցությունը քրիստոնյաների վրա. երրորդ, բազմաթիվ առիթներով պատահել է, որ կրոնավորների կողմից ստրկատիրությունը դատապարտող պապական գրությունների ընթերցումը հանգեցրել է խռովությունների և վանքերի ու եկեղեցիների վրա հարձակման, նրանց կողմից, ովքեր հանձինս Եկեղեցու տեսնում էին մի կառույց, որն իր բարոյական քարոզներով խոչընդոտում էր իրենց գերշահութաբեր վաճառականությանը: Այնուամենայնիվ, «իսպանական Ամերիկայի Եպիսկոպոսները», այն Եպիսկոպոսները, որոնք հավատարիմ էին մնացել Սուրբ Աթոռին, «ձեռքները ծալած չնստեցին: Անդադար դիմումներ ներկայացնելով իսպանական Արքունիքին և առաջ քաշելով պատճառաբանությունը, որ բնիկների ստրկացումը խանգարում էր նրանց քրիստոնեության դարձի բերելու իրենց ջանքերին, 1542 թվականին Եպիսկոպոսներն հասան “Նոր Օրենքների” ստորագրմանը, որով ստրկատիրությունն արգելվում էր: [...] Որոշ ժամանակ անց, երբ բավականին մեծ թվով ստրուկներ բերվեցին Նոր Աշխարհի իսպանական տարածքներ, Եպիսկոպոսները կարողացան իսպանական Արքունիքին ստորագրել տալ Սևամորթների Իսպանական Կանոնագիրքը (Código Negro Espagnol), որով մեծապես մեղմացվեցին ստրուկների կյանքի փաստացի պայմանները: Եպիսկոպոսների կողմից ձեռնարկված այս երկու միջամտություններն էլ պատճառ հանդիսացան “քաղաքական և կրոնական իշխանությունների միջև սաստիկ ընդհարումների համար”»[6]:
Պատմական փաստն այն է, հետևաբար, որ պատմագետների համընդհանուր հավաստմամբ՝ ամերիկյան բնիկների ու սևամորթների հետ իսպանացիների հարաբերությունները շատ ավելիբարենպաստ մակարդակի վրա են եղել, քան անգլիացիներինը. «Տարբերության պատճառը մասամբ այն էր, որ Իսպանացիները ռասսայական նախապաշարումներ չունեին, ինչն էլ իրենց թույլ էր տալիս առավել հաճախակի և հարաբերաբար առավել սիրալիր շփումներ ունենալ սևամորթների հետ: Այս իրողությանը օգնում էր նաև կաթողիկե քահանաների ծավալած գործունեությունը, որոնք բողոքական հովիվներից շատ ավելի էին նպաստում սևամորթների մկրտություններին, ամուսնություններին, ազատագրմանը: Իսկ մասամբ էլ բխում էր քաղաքական կազմակերպումից. իսպանական գաղութների առավել կենտրոնաձիգ ու ինքնակալ կառավարումը հնարավոր էր դարձնում ստրուկների պաշտպանությունը մի քիչ ավելի արդյունավետ եղանակով, քան անգլիական ամբողջովին ինքնուրույն գաղութներում, ուր ստրուկների նկատմամբ տերերի սեփականության իրավունքն անսահմանափակ էր»[7]:
[1] Jean Dumont, La regina diffamata, Sei, Torino 1992, p. 125.
[2] «30 giorni»պարբերական, Ապրիլ 1991.
[3] Otto von Habsburg, Carlo V, Ecig, Genova 1993, p. 253.
[4] Նույն, p. 245. Ֆոն Հաբսբուրգն իր աշխատության 255րդ էջում մեջբերում է Կարլոս Հինգերորդի հետևյալ խոսքերը. «Հնդիկների հոգիները չպետք է փրկվեն բռնի ուժով: Հարկավոր է արգելել մարդկային զոհաբերություններն ու մարդակերությունը. կուռքերի պատկերներն ու տաճարները պետք է կործանվեն: Աստված, մեր Տերը, ստեղծել է հնդիկներին որպես ազատ մարդիկ, ո՛չ թե իբրև ստրուկներ: [...] Իսպանիայի և հնդիկների միջև թույլատրված է միայն ազատ փոխանակումը: Արգելված է հնդիկներից բռնագրավել իրենց ունեցվածքը. ոչինչ չպետք է վերցվի սեփականատիրոջից առանց համապատասխան հատուցում տալու: Այս արգելքը խախտողները խստորեն կպատժվեն: Մենք պետք է հնդիկներին ընդառաջ գնանք սիրո և ընկերության ոգով»:
[5] Rodney Stark, La vittoria della ragione, Lindau, Torino 2006, pp. 298-299.
[6] RODNEY STARK, La vittoria della ragione, pp. 299-300. Իր մի ա՛յլ աշխատությունում (For the Glory of God) Սթարքը բացատրում է, թե ինչպես «Սուրբ Աթոռի անդադար ճնշումները գոնե հանգեցնում են ստրուկների հետ վարվելու կանոնագրքերի ընդունմանը Տասնութերորդ դարում, ինչպես Սևամորթների Ֆրանսիական Կանոնագիրքը (Code Noir) և Սևամորթների Իսպանական Կանոնագիրքը (Código Negro)», որոնք Սթարքը հանճարեղ կերպով համեմատում է նույն դարաշրջանում գործող անգլիական Բարբադոսյան Կանոնագրքի հետ (Code of Barbados), որը վավերական էր բոլոր բրիտանական Կարայիբներում: Ֆրանսիական և իսպանական օրենքները ստրուկներին հռչակում են անմահ հոգիով օժտված մարդկային անձինք, որոնք կարող են մկրտվել, ստանալ քրիստոնեական գիտելիքներ, ամուսնանալ կաթողիկե ծեսով, և որ չպետք է բռնի կերպով բաժանվեն կողակցից կամ զավակներից: Նմանատիպ ոչ մի խոսք չկա անգլիական տեքստում, որի առանցքը կազմում է ստրուկի իրավական հավասարեցումը ընտանի կենդանիներին: Բնականաբար, Սթարքը նշում է, որ ոչինչ չի կարող արդարացնել ստրկատիրության ձևերից ոչ մեկը, բայց այդուհանդերձ, պատմագիտության առումով սխալ է հաշվի չառնել այն փաստը, որ մինչ անգլիական Կանոնագրքում խոսք անգամ չկա հանգստի օրերի մասին, Սևամորթների Իսպանական Կանոնագիրքը, կիրակիները և ամեն տեսակի կրոնական տոները իրար գումարելով, ստրուկներին երաշխավորում էր տարեկան 87 օրվա հանգիստ» (http://www.cesnur.org/2003/mi_stark.htm):
[7] Enciclopedia Treccani, ''Schiavitù''. Տե՛ս նաև E. FUETER, Storia universale degli ultimi cent'anni, Einaudi, Torino 1947, ուր բացատրվում է, որ իսպանացի գաղութաբնակները հաճախ բացասաբար էին դիտում իրենց մայրհայրենիքը հանդիսացող Իսպանիային, որովհետև գաղութներում ծնվածների և ինդիոսների միջև ծագող ընդհարումների դեպքում «իսպանացի պաշտոնյաները չեզոք դիրք էին բռնում, իսկ երբեմն էլ՝ մինչև իսկ հակված էին երևում պաշտպանելու բնիկների ժառանգներին եկվորների ժառանգներից»: Անգլիական գաղութներում, մինչդեռ, «հնդկական ցեղերի մնացորդները թվային ոչ մի կարևորություն չունեին, իսկ սևամորթ ստրուկները, ազատությունից ամբողջովին զուրկ լինելով, քաղաքական ոչ մի կշիռ չէին ներկայացնում»:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։