Վհուկները հռոմեական աշխարհում – Գրադարան – Mashtoz.org

Վհուկները հռոմեական աշխարհում

Կրկնում եմ, մի “կարճատև” փակագիծ քրիստոնեական պատմության մեջ, բայց մշտատև ներկայություն ոչ-քրիստոնեական պատմության բոլոր ժամանակաշրջաններում:
Մի պահ հիշենք ասիական կախարդներին ու շամաններին, ացտեկների ու ինկասների մարդասպան ու մարդակեր քուրմերին, և մինչև իսկ հունա-հռոմեական աշխարհից մեզ հասած վկայություններին. հունական Մեդեայից մինչև Կիրկեն, այդ վհուկը, որը մարդկանց կերպարանափոխում էր խոզերի, Էրիններից մինչև Ֆուրիաները, Լամիաներից մինչև Լարվաները, խոսքը միշտ վերաբերվում էր չարքերի, “վհուկների”, “կախարդների”, որոնք գողանում էին նորածիններին, լվացվում էին ամեն տեսակի մոգական թուրմերով և իրենց զոհերի նկատմամբ գործի էին դնում ամեն տեսակի դաժանություններ:
Լատին բանաստեղծ Հորացիոսը պատմում է վհուկ Քանիդիայի մասին, որը մոգական թուրմեր էր պատրաստում երեխաներին սպանելով և միմյանց խառնելով «բվեճի փետուրներ, դոդոշի արյունախառն ձվեր, Յոլքոսի խոտեր» և այլն: Այս բանաստեղծությունները մեկնաբանելիս, լատինագետ Էնցո Մադրուցցատոն գրում է. «Մոգությունը հնում այնքան տարածված էր և նրանից այնքան էին սարսափում, – հավաստի վկայություններ ունենք նաև առևանգված երեխաների զոհաբերման մասին, – որ (Հորացիոսի կողմից) կախարդությանը հասցեագրված այս ամբաստանությունները լիովին ճշմարտանման են»[1]: Լատին հեթանոս մեծ մատենագիրներից Պրոպերցիուսը և Օվիդիուսը նույնպես հիշատակում են «դիվային» կանանց կամ տղամարդկանց գոյությունը, որոնք իրենց մոգական նպատակներին հասնելու համար կատարում են ամեն տեսակի ոճիրներ:
Օվիդիուսը գրում է. «Ասում են, թե կեռ դանակով կտրում են կաթնակեր մանուկների աղիքները և իրենց կոկորդները լցնում են զոհի մարմնից ծծված արյունով: Մարդիկ նրանց գիշերային գիշատիչներ են անվանում, և այդ անունը այս հանգամանքից է առաջացել. որ դրանք սովոր են գիշերվա մթության մեջ ոռնալ ու ճչալ սոսկալի ձայներով» (Fasti, VI, 131):
Ք.հ. Երկրորդ դարում հեթանոս Ապուլեյոսն այսպես է նկարագրում վհուկ Պանֆիլիային. տանիքում խորհրդավոր խոտեր է պահում, տարօրինակ գրություններով մետաղական տախտակներ, դիակների մնացորդներ, սպանված մարդկանց արյուն և տարբեր տեսակի քսուքներ: Այդ քսուքներից մեկի օգնությամբ վհուկը իբր թե կարողանում է ինչ որ մի թռչունի կերպարանափոխվել և թռչել: Ահա նկարագրությունն այն բանի, թե ինչպես է վհուկը դա անում. «Գիշերվա առաջին ժամերի մոտ, վհուկ Պանֆիլիան սկսում է իր վրայից հանել բոլոր զգեստները և մի պահարան բացելով՝ այնտեղից հանում է բազմապիսի ամաններ: Բացում է այդ ամաններից մեկի կափարիչը, մատներով վերցնում է դրա մեջ պարունակված քսուքից, երկար ժամանակ այդ քսուքը տարածում է ձեռքերի վրա, որից հետո քսում է իր ամբողջ մարմնին, ոտքի ծայրից մինչև մազերի ծայրը: Եվ ցածր ձայնով լապտերին ինչ որ բաներ ասելով, սկսում է ոտքերն ու ձեռքերը շարժել, ամբողջ մարմնով թպրտալով: Քանի դեռ թպրտում է, կամաց կամաց նրա վրա աճում են փափուկ, ապա նաև պինդ փետուրներ, քիթը կարծրանում է ու կեռվում, եղունգները ճիրաններ են դառնում: Պանֆիլիան դառնում է բու: Ապա սոսկալի ճիչեր արձակելով, վհուկը սկսում է ցատկոտել գետնի վրա և հանկարծակի օդ բարձրանալով՝ փախչում է թևերը տարածած»:
Հռոմեական օրենսդրությունը նույնպես – օրինակ, Կորնելիոսի օրենքները (lex Cornelia) – վկայում է թույների (veneficia), վիժեցնող թուրմերի, սիրո թուրմերի, «եփեսական գրերով» շարադրված անեծքների (defixiones) գոյությանը, որոնց պատճառած հետևանքները նմանվում էին աֆրիկյան վուդուի տիկնիկների ազդեցությանը, որոնք երբեմն թաթախվում են զոհաբերվածի արյան մեջ:

[1] Orazio, Odi ed epodi, Bur, Milano 1985, p. 534.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։