Զրպարտությունները դարերի ընթացքում – Գրադարան – Mashtoz.org

Զրպարտությունները դարերի ընթացքում

Ֆրանսիացի պատմագետ Ժան-Պիեր Մուասսեն իր «Պատմություն Կաթողիկե Եկեղեցու» գրքում բերում է բավական նշանակալի երկու օրինակներ: Առաջինը վերաբերվում է կալվինիստ Պիեր Բայլեին, որը Տասնյոթներորդ դարում գրած իր «Պատմական և քննական բառարան»ում պնդում է, թե առաջին դարերի կաթողիկե եպիսկոպոսները մերժում էին փաստը, որ կանայք հոգի ունեն: Այս գաղափարը, նշում է Մուասսեն, ուրախությամբ վերցվեց, ընդարձակվեց, համեմվեց և որպես ճշմարտացի փաստ քարոզվեց Եկեղեցու դեմ գործող բազմաթիվ պրոպագանդիստների կողմից, հակառակ իր ակնհայտ անհեթեթությանը: Իսկ ո՞րն է իրականությունը: 585 թվականին գումարված Մաքոնի Երկրորդ Ժողովի ժամանակ, եպիսկոպոսներից մեկն իր պաշտոնակիցներին ասել էր, որ «կինը չի կարող անվանվել մարդ» («dicebat mulierem hominem non posse vocari»): Խնդիրը, բացատրում է Մուասսեն, լեզվաբանական բնույթ ուներ. «Արդյոք ճի՞շտ էր կնոջ վերաբերյալ գործածել «homo» (մարդ) ընդհանուր եզրը, որով մատնացույց է արվում մարդկային էակը, թե՞ հարկավոր է գործածել «femina» (իգական սեռի մարդ) կամ «mulier» (կին) եզրերը: Քանի որ խոսակցական լատիներենի հեղաշրջումը հանգեցրել էր այն բանին, որ ձգտում կար ձուլելու «homo» (մարդկային էակ) և «vir» (այր մարդ) եզրերը, այդ եպիսկոպոսը պարզապես առաջարկում էր ի նկատի առնել լեզվական նոր սովորույթը, «homo» եզրը վերապահելով միայն արական սեռի մարդկային էակին: Մյուս եպիսկոպոսները, սակայն, համաձայն չգտնվեցին և պատասխանեցին, որ և՛ բանավոր, և՛ հատկապես գրավոր լեզվում հարկավոր է արտահայտվել գրական լատիներենով, հետևաբար՝ արդարացի է շարունակելը «homo» անվանել նաև կնոջը»: Ահա այսքանը: Եվ սակայն, դեպքից հազար տարի հետո, կալվինիստ Բայլեն և իր նմանները Եկեղեցու հասցեին ուղղեցին այդ սարսափելի հերյուրանքը, որին մինչև օրս էլ շատերը հավատք են ընծայում, թեև պատմական անմերժելի փաստ է, որ Քրիստոնեությունը կանանց տվեց մի արժանապատվություն, ինչպիսին երբեք չէին ունեցել իրենից առաջ և երբեք չունեցան Քրիստոնեության սահմաններից դուրս, ինչպես տեսնելու ենք հաջորդ գլուխներում:
Բազմաթիվ զրպարտություններից Մուասսեն հիշում է ևս մեկը: Բոլորը գիտեն, որ մոտավորապես Հազար թվականին, բարբարոսական արշավանքների դադարի, խաղաղության վերահաստատման, ժողովրդագրական աճի և բազմաթիվ նորարարությունների շնորհիվ՝ Եվրոպայում գրանցվեց մի արտակարգ վերածնունդ: Տասնյոթներորդ և Տասնութերորդ, բայց հատկապես Տասնիններորդ դարերի ընթացքում որոշ հեղինակների կողմից հորինվեց հետևյալ կեղծ բացատրությունը. Միջնադարի քրիստոնյա, “հետամնաց”, “սնոտիապաշտ” մարդիկ Հազար թվականին նախորդող տարիներին իբր թե խուճապահար էին եղել, սպասելով աշխարհի վախճանին, ինչն էլ արտահայտվում էր հավաքական խելացնորությամբ ու տգիտությամբ: Հազար թվականից հետո, իբր թե տեսնելով, որ իրենց ակնկալիքները չէին իրականանում, մարդիկ մի կողմ թողեցին իրենց վախերը և կյանքի կոչեցին մի հրաշալի զարգացում[1]:
Ակնհայտ է, որ գտնվում ենք մի հորինվածքի դիմաց, որն արժանի է ամենատաղանդազուրկ վիպասաններին: Այդ ժամանակներում ժողովրդի ճնշող մեծամասնությունն անգամ չգիտեր, թե ո՛ր թվականին էր ապրում, ուր մնաց թե հաշվարկներ աներ և ինչ որ մի դեպք ակնկալեր: Եվ սակայն, Տասնիններորդ դարի հակաեկեղեցական գրողները, ինչպես, օրինակի համար, Ժյուլ Միշելեն, գործի լծվեցին՝ տարածելու այս կեղծ մեկնաբանությունը, որպես միակ նպատակ ունենալով հնարավորինս առավել մութ ու սահմռկեցուցիչ գույներով ներկայացնել «միջնադարյան ու կղերական գիշերը» (իրականում, մինչդեռ, քրիստոնյա Միջնադարը ծնունդ տվեց այնպիսի արևների, որոնք մինչև օրս էլ փայլում են իրենց ողջ պայծառությամբ):
 
Մի խոսքով, ով գոնե մի քիչ լրջությամբ ուսումնասիրում է Եկեղեցու պատմությունը, տեսնում է, թե ինչպես բողոքականները, կալվինիստներն ու անգլիկանները սկզբում, մատերիալիստ իլլումինիստները հետագայում, կոմունիստներն ու նացիստները վերջում, միշտ աչքի են ընկել Եկեղեցու դեմ սարսափելի մեղադրանքներ հորինելու գործում, որպես միակ նպատակ ունենալով Եկեղեցին վարկաբեկելն ու կործանելը:
Իմ «Ինչու չենք կարող լինել աթեիստ» գրքում հիշել եմ, թե ինչպես էր Կարլ Մարքսը, պաշտպանելով հանդերձ պատմության և մարդու վերաբերյալ իր մատերիալիստական տեսությունը, իր լսարանին եռանդագին բացատրում, որ վերջապես գտնվել էին առաջին քրիստոնյաների նենգության փաստերը, որոնք արդարացիորեն մեղադրվում էին մարդակերության, մանկասպանության ու ամեն տեսակ լկտիությունների մեջ: «Դոմերն ապացուցում է, – սկսեց ճառել Մարքսը, մեջբերելով խոսքերը մի հեղինակի, որն հետագայում հրաժարվեց իր բոլոր տեսություններից և դարձի եկավ Քրիստոնեության, – որ քրիստոնյաներն իսկապես սպանում էին մարդկանց, Պատարագի ժամանակ մարդկային միս ու արյուն էին ուտում ու խմում: Սրանով է բացատրվում փաստը, թե ինչո՛ւ հռոմեացիները, որոնք հանդուրժողական կեցվածք ունեին կրոնական բոլոր ուղղությունների նկատմամբ, հալածեցին քրիստոնյաներին»[2]: Մարքսի օրինակին հետևեցին նացիստական ամենաարյունարբու կուսակցապետերից մեկը՝ Հիմմլերը, որը Եկեղեցուն մեղադրում էր կնատյացության մեջ և պնդում էր, որ Եկեղեցին մեղավոր է «միլիոնավոր» վհուկներ խարույկ բարձրացնելու գործում. նացիստական իդեոլոգիայի ամենաակնառու տեսաբաններից մեկը՝ Ռոզենբերգը, որը, ինչպես կտեսնենք իրեն նվիրված հատվածում, անդադար արտահայտում էր Եկեղեցու դեմ սնուցած իր ատելությունը. Քսաներորդ դարի հարյուրավոր քաղաքական գործիչներ և նրանց պատվերները կատարող վարձկան գրողներ, որոնք մեծ մասամբ պատկանում էին կոմունիստական կուսակցությանը և, մինչ մի կողմից խնամքով ծածկում ու թաքցնում էին աթեիստական իդեոլոգիայի հետևողական կիրառման պատճառով գրանցված վիթխարի ու մարդկության ողջ պատմության ընթացքում չլսված կոտորածները, մյուս կողմից հորինում ու պետական քարոզչամեքենայի միջոցներով տարածում էին ամեն տեսակ սուտ ու կեղծիք Եկեղեցու և քրիստոնյաների հասցեին:
Այսօր էլ միևնույն կրկներգն է երգվում, հատկապես զանգվածային լրատվության միջոցների ընձեռած նորագույն հնարավորություններից օգտվելով. Քորրադո Աուջասի գրքերում Եկեղեցին ներկայացվում է որպես ավազակախումբ, որի միակ նպատակը դրամն է, իշխանությունը և մարդկանց խաբելը, արտահայտելով «անհանդուրժելի» գաղափարներ. Պիերջորջո Օդիֆրեդդիի գրքերում քրիստոնյաներն անվանվում են պարզ «ապուշներ», անուղեղ ու սնոտիապաշտ խաբեբաներ, որոնց պատճառով հասարակությունը կործանվում է. Մայքըլ Օնֆրեյը Եկեղեցին ներկայացնում է որպես նացիզմի և ընդհանրապես բոլոր հարստահարողների իրական դաշնակիցը. Ռիչարդ Դոկինսի համոզմամբ՝ հավատացյալները, բոլորն անխտիր, «չարասիրտ» են, «պրոպագանդիստներ», «որոմ սերմանողներ», «խավարամիտներ», «սադո-մազոխիստներ ու զազրելի անձնավորություններ», «անսանձ գժեր», «ստախոսներ», «ատելի անձնավորություններ», «զզվանք պատճառողներ», «ֆանատիկոսներ», «բացարձակապաշտներ», «ապուշներ». Սեմ Հարրիսի ասելով՝ քրիստոնյաները բոլորն էլ անուղեղ տգետներ են, որ կասեցնում են իրենց երկրների զարգացումը և ավելացնում են հանցագործությունների թիվը[3]. և նմանօրինակ ա՛յլ ու ա՛յլ հորինվածքներ ու հերյուրանքներ:
 
[1] Jean-Pierre Moisset, Storia del cattolicesimo, Lindau, Torino 2008, pp. 184-186.
[2] Մեջբերված է հետևյալ գրքում. N. COHN, I demoni dentro, Unicopli, Milano 1994, p. 31.
[3] Ափսոս, սակայն, որ Հարրիսն ինքն է փայլում տգիտության մեջ, չիմանալով, որ արդի գիտության հայրերը բոլորն էլ համոզված քրիստոնյաներ էին: Ֆ. Անյոլին վերջերս հրատարակեց իր հերթական ընտիր աշխատությունը. «Գիտնականներ, ուստի հավատացյալներ: Ինչպես Աստվածաշունչը և Եկեղեցին կյանքի կոչեցին փորձարարական գիտությունը», ուր մանրակրկիտ և փաստարկված հիշում է գործերն այնպիսի հսկաների, ինչպիսիք էին Ռ. Բիգհիդը, Գ. Գալիլեյը, Ն. Կոպեռնիկոսը, Յ. Կեպլերը, Բ. Կաստելլին, Բ. Պասկալը, Ի. Նյուտոնը, Ա. Վոլտան, Գ. Մենդելը, Լ. Պաստյորը, Ջ. Մերկալլին, Գ. Մարկոնին, Ա. Քարրելը, Ջ.Է. Լըմեթրը, Ժ. Լըժոնը և տասնյակ ուրիշներ:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։