Կանայք Հնդկաստանում – Գրադարան – Mashtoz.org

Կանայք Հնդկաստանում

Կանանց և նրանց արժանապատվության հանդեպ հարգանքի նման մթնոլորտը, որը մենք այսօր՝ Քրիստոնեության քսան դարերից հետո, համարում ենք բնականոն, կարծես ա՛յլ կերպ չի էլ կարող լինել, բնավ էլ այդպիսին չէ, և ո՛չ իսկ այսօր:
Մտաբերենք, օրինակի համար, բազմաթիվ ժողովուրդների մոտ տարածված սովորույթը՝ ամուսինների գերեզմանների մոտ սպանելու ցեղախմբի գլխավորների կանանց, նրանց թաղման արարողության ժամանակ. կամ կենտրոնական և հարավային Աֆրիկայի որոշ ցեղերի մոտ գործողսովորույթը՝ պարտադրելու այրիներին, ամուսինների մահից հետո, «երեք ամիս նստած մնալ մերկ գետնի վրա, նոր ամուսնության բաղձալուց առաջ. կամ էլ՝ հյուղակի ներսում գետնին պառկած մնալ մի ամիս, կրակ չվառել, ոչ ոքի հետ չխոսել», ի նշան սգի: Կամ չմոռանանք այն, ինչ պատահում է Մելանեզիայի Թոբրիան կղզիներում, «ուր այրի կինը վեց ամսից մինչև երկու տարի ժամանակով նետվում է մի տեսակ վանդակի մեջ, ենթարկվելով խստագույն տաբուների» :
Այս հարցն ամբողջությամբ քննարկելու համար արժե մեր ուշադրությունը մի պահ կենտրոնացնել հինդուիստական Հնդկաստանի վրա, ուր – թեև օրենքով արգելվել է Տասնիններորդ դարում անգլիացիների կողմից, հատկապես շնորհիվ մի քրիստոնյա բապտիստ միսիոների գործունեության շնորհիվ – բազմաթիվ վայրերում այսօր էլ տակավին գոյություն ունի «սա՛թի» կոչվող սովորույթը՝ այրի կանանց այրելու ամուսինների թաղմանական խարույկների վրա, մինչ ամենուր տարածված են սարսափելի խտրականություններ նրանց նկատմամբ:
«La Repubblica» օրաթերթն իր 13 Հուլիս 1999 համարում հրապարակել է մի հոդված, որի վերնագրում կարդում ենք. «Ինքնասպանությունից հրաժարվող այրիների քաղաքը Հնդկաստանում: Վրինդավանում են ապաստանում կանայք, որոնք չեն ուզում ինքնասպան լինել ամուսնու մահից հետո, ինչպես թելադրում է ավանդությունը»: Հոդվածում, ի միջի այլոց, կարդում ենք. «Հնդկաստանի բազմաթիվ նահանգներում ամուսնուն կորցնող կինը մեկընդմիշտ մնաք բարով է ասում մարդկային էակի ամենատարրական իրավունքներին: Զրկվում է բոլոր ունեցվածքներից, որովհետև դրանք կիսում են զավակները, չի կարող ո՛չ գնել և ո՛չ էլ վաճառել, քանի որ հարցերի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից վատագույնի դեպքում մահանում է անհայտ պայմաններում: Մի ժամանակ այրվում էին ամուսնու թաղման օրը, միևնույն խարույկի վրա: Այսօր, բարեբախտաբար, այդպիսի դեպքերը գնալով պակասում են, բայց հիմա էլ զոհ են գնում տնային խորհրդավոր պատահարների, որոնց մեծամասնությունը կազմակերպվում է ամուսնու ազգականների կողմից, որոնք չեն ուզում այլևս որևէ կապ ունենալ նրա հետ»:
Մի քանի տարի անց, «Corriere della Sera» օրաթերթը գրում է. «Ամենաքաջերը գալիս են միայնակ, երազելով հասնել “մոքշա”յին՝ դրախտին, ուր ազատվելու են մահվան ու վերամարմնավորման ցիկլից: Բայց մեծամասնությունն այդտեղ բերվում և լքվում է հանգուցյալ ամուսնու ազգականների կողմից: Ամուսնու հետ միասին, ի միջի այլոց, կանայք կորցնում են ամեն ինչ, մինչև իսկ ամուսնու ազգանունը կրելու իրավունքը. դառնում են “դազի”, այսինքն՝ Քրիշնայի հետևորդներ, ինչպես թելադրում է հինդուիստական կրոնը: Եվ սակայն, ամեն տարի հազարավոր կանանց Վրինդավան է բերում ո՛չ այնքան հավատքը, որքան՝ հուսահատությունը: Ուտթար Պրադեշի այդ քաղաքը, Նոր Դելհիից 150 կմ հարավ-արևելք, արդեն 500 տարի է, ինչ ապաստանն է ամեն ինչից զրկված կանանց, որոնք այդտեղ ապրում են – եթե ամեն բան լավ է ընթանում – ողորմությունների ու նվիրատվությունների հաշվին, ժամեր շարունակ երգելով “աշրամ”ներում՝ Քրիշնային նվիրված հասարակություններում: Ճիշտ այդ վայրում “սիրո աստվածը” խոստացել է. “Բախտավոր է նա, ով մահանում է այստեղ, որովհետև կվերածնվի մեղքերից ազատ”: Մեղքերից մեկն էլ ամուսնուց ավելի երկար ապրելն է: Մի երկարատև քավարան է դա երկրի վրա, անվերադարձ ուղևորություն դեպի մոռացում. նրանց մահվան լուրն անգամ չի ուղարկվելու տուն: Վրինդավանը գրեթե ամբողջովին նրանց համար է. 56.000 բնակիչներից գրեթե 15.000ը այրիներ են: Չորս բնակչից մեկը: 5.000ով ավելի, քան 10 տարի առաջ էր: [...] Իրենց հարազատ ընտանիքների կողմից մերժված, հանգուցյալ ամուսնու ընտանիքի համար բեռ դարձած, գործնականում ոչ մի հնարավորություն չունենալով կրկին ամուսնանալու, այրիներն ուրվականների նման ստիպված թափառում են մի տաճարից մյուսը, հուսալով գտնել այդ օրվա հացը. 3 ռուպիա (34 դրամ) և մի աման բրինձ, սա է օրեկան 4 ժամ տևող երգերի ու աղոթքների գինը: Այս պատճառով է նաև, որ Վրինդավանը ընդգծվում է զբոսաշրջային ուղեցույցներում. իրենց սպիտակ սարիներում փաթաթված կանայք, որոնք ողորմություն են խնդրում փոշոտ փողոցներում և “հարե Քրիշնա” են երգում քաղաքի հինգ հազար տաճարներում, ակամա դարձել են գրավիչ իրականություն զբոսաշրջիկների համար: Նրանցից շատերը դեռ չափազանց երիտասարդ են, որոնց ամուսնացրել են մանուկ հասակում, կնության տալով մեծահասակ տղամարդկանց: [...] Վրինդավանում 5 այրիներից 2ը կնության է տրվել 12 տարեկանը դեռ չբոլորած և 3ից 1ը այրի է դարձել 24 տարեկանից առաջ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Հնդկաստանում 4 հնդկուհիներից 1ը կնության է տրվում 18 տարին չբոլորած, ինչպես նախատեսված է օրենքով, և որ 5ից 1ը կնության է տրվում 10 տարեկանից ցածր հասակում: Ամուսնու մահվամբ միայնակ մնալով, մի ժամանակ նրանց այրում էին ամուսնու թաղման միևնույն խարույկի վրա: Այժմ, գոնե, ապրում են: Ապաստանելով “աշրամ”ներում: Ուր, սակայն, հատկապես երիտասարդները, ենթարկվում են սեռական ստրկության, նրանց կողմից, ովքեր պետք է որ պաշտպանեին նրանց: Վրինդավանի այրիներին ընդհանրացնում է նաև ծագումնաբանությունը. նրանց 80%ը գալիս է Արևմտյան Բենգալայից, ուր հինդուիստական օրենքը, որով այրիները բացառվում են ժառանգության բաժանման իրավունքից, չի գործում: Այդ իսկ պատճառով ընտանիքները նրանց հեռացնում են, վախենալով, որ կարող են իրավունք պահանջել ժառանգության վրա»[1]:

[1] «Corriere della Sera» օրաթերթի 20/8/2007 համարում: Նույն թերթի միևնույն համարում կարդում ենք նաև այս լուրը. «Փաստագրական ֆիլմի նկարահանում, սարքավորումների հրդեհում: Հնդիկ այրիների ողբերգությունը էկրանների վրա է բերվել Դիպա Մեթհայի շնորհիվ: «Water» ֆիլմի (Օսկարի թեկնածու 2006ին) գլխավոր դերակատարուհին՝ Չույիան, 8 տարեկան երեխա-կին է, որի ամուսինն արդեն մահացել է և նրան, հինդուիստական ծիսակարգի համաձայն, հարկադրաբար փակում են Այրիների Տներից մեկում: Ֆիլմում նկարագրվող դեպքերը տեղի են ունենում Հնդկաստանում, 1938 թվականին: Բենգալական իշխանություններն ընդդիմացել են ֆիլմի նկարահանմանը, իսկ ֆունդամենտալիստ հինդուիստները հարձակվել են նկարահանող խմբի վրա, ջարդուփշուր են արել սարքավորումները և մահվան սպառնալիքներ են ուղղել Մեթհային և դերասանուհիներին: Պետական իշխանությունները դադարեցրել են ֆիլմի արտադրությունը հանրային ապահովության պատճառաբանությամբ, և միայն 4 տարի անց, գաղտնի, ֆիլմի նկարահանումները շարունակվել են Շրի Լանկայում»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։