Գ. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ – Գրադարան – Mashtoz.org

Գ. - ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՆԱՅՔ

Քրիստոնեության բերած մեծագույն նորություններից մեկը, որը պատմականորեն փաստելի է, վերաբերվում է կնոջ արժանապատվությանը:
Իր սենյակում փակված, բացարձակապես երկրորդական և լուսանցքային իրականություն լինելով հունական մշակույթի երկրներում. տղամարդու՝ հոր, եղբոր կամ ամուսնու մշտական խնամակալության ներքո լինելով հռոմեական աշխարհում, գրեթե մի առարկայի նման. արական ուժի գերին լինելով գերմանական ժողովուրդների մոտ[1]. միակողմանի ապահարզանի ենթակա և իրավական գետնի վրա ստորակարգ լինելով հրեական օրենքներում. անթիվ ու անհամար անիրավությունների ու բռնությունների զոհը լինելով չինա-հնդկական աշխարհամասում, ներառյալ մանկասպանությունը սոսկ այն պատճառով, որ ծնվածը աղջիկ է. վերամարմնավորման ցածրակարգ տեսակ համարվելով ավանդական հինդուիզմում[2]. իր ցածրակարգության ստորացուցիչ արտահայտությանը՝ բազմակնությանը ենթարկված լինելով իսլամական[3] և անիմիստական հասարակություններում. ո՛չ միայն բարոյական, այլ նաև ուղղակի ֆիզիկական անդամահատությունների ենթարկված լինելով բազմաթիվ մշակույթների մոտ. տղամարդու կողմից միակողմանի մերժման ենթարկված լինելով բոլոր հին մշակույթներում. միմիայն Քրիստոնեությամբ է կինը հռչակվում որպես Աստծո արարած, տղամարդուն համահավասար չափով:
Գրում է փիլիսոփա Թոմմազո Պեվարելլոն. «”Աստված ստեղծեց մարդուն Իր պատկերով. Աստծո պատկերով ստեղծեց նրան. արու և էգ ստեղծեց նրանց: Աստված օրհնեց նրանց” (Ծնդ 1, 27): Աստված, տեսանելի աշխարհը ստեղծելուց հետո, որոշում է բնակեցնել այնտեղ ամենաարժանավոր էակին. մարդուն:
“Մարդ” եզրը հավաքական իմաստ է արտահայտում, այսինքն՝ այդ եզրով հասկացվում են մարդկային բոլոր էակները, որոնք բաժանվում են իգական և արական սեռերի: Աստվածաշնչյան այս տվյալը տպավորիչ է. արականի և իգականի տարբերությունը չի հիշատակվում որպես միմյանց դեմ հակառակություն, այլ ընդհակառակն՝ որպես ներդաշնակություն, քանի որ երկուսն էլ մաս են կազմում մարդկային միևնույն էակի միությանը: Հետևաբար, կենդանի էակը, վերջնական հաշվով, ստացվում է “երկուսի միությամբ”. նրանց հավասարությունը կայանում է այն փաստի մեջ, որ նրանք երկուսն էլ “մարդկային էակներ” են, իսկ տարբերությունը՝ արական և իգական սեռերին պատկանելու մեջ է, քանի որ, ինչպես գրում է Էդիթ Շթայնը. “Ո՛չ միայն մարմինն է համակարգված տարբեր եղանակով, ո՛չ միայն տարբեր են ֆիզիոլոգիական գործառույթներից ոմանք, այլ՝ մարմնի ամբողջ կյանքը տարբեր է [տղամարդու և կնոջ մոտ]. հետևաբար, նաև մարմնի և հոգու փոխհարաբերությունները տարբեր են”: Եթե շարունակում ենք աստվածաշնչյան տեքստի ընթերցումը, տեսնում ենք, որ մարդկային էակի արարմանն ընկերանում է Աստծո պատվիրանը. “Աճեցե՛ք և բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրեցե՛ք դրան”:
Աստված միմիայն տղամարդուն և կնոջն է հանձնում երկրին “տիրելու” պաշտոնը, քանի որ միայն նրանք են օժտված այն բանականությամբ, այն Լոգոսով, որը Աստծո հետ նրանց նմանության արդյունքն է: Բայց կա ավելին. Աստված նրանց մատնացույց է անում ծննդաբերության կարողությունը, և հետևաբար՝ սեռականությունը, որպես մի արժեք, որն հարկավոր է պատասխանատվության զգացումով ստանձնել Աստծո դիմաց, մասնակցելով Աստծո արարչագործ ծրագրին և, որոշակի առումով, հնարավոր դարձնելով այդ ծրագրի շարունակականությունը:
“Տեր Աստված ստեղծեց մարդուն երկրի հողից, նրա դեմքին կենդանության շունչ փչեց, և մարդը կենդանի էակ եղավ”. Աստվածաշունչն այսպես է նկարագրում Ադամի արարումը (հիշեցնում եմ, որ Ադամ անունը գալիս է “ադամ” բառից, որ նշանակում է “մարդ” ընդհանուր իմաստով): Այս տողերը մեծապես կարևոր են ո՛չ այն մտքի համար, որ մարդը, երկրի հողից ստեղծված լինելով՝ նաև պատկանում է երկրին, քանի որ սա բնորոշ է նաև բազմաթիվ կենդանիների, այլ՝ մարդու եզակի նկարագիրը կայանում է նրանում, որ նա կյանքը Աստծուց ստանում է մի “փչմամբ”. թեև մարդը իր մարմնական էությամբ մասնակցում է նյութական աշխարհին, ունի շունչ-հոգին, որն իրեն տրված չէ աշխարհից, այլ՝ ուղղակի Աստծուց, և որով նա գրավում է ամենաբարձր դիրքը ամբողջ արարչության մեջ:
“Լավ չէ, որ մարդը միայնակ լինի. նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրա համար”:
Աստվածաշնչյան այս հատվածում ի հայտ է գալիս մի նշանակալի տվյալ. մարդը, որ շրջապատված էր բազմաթիվ կենդանիներով, իրեն միայնակ է զգում և Աստված միջամտում է, որպեսզի օգնի նրան գերազանցելու այդ միայնությունը, որը “լավ բան չէ”, և դա անելու համար պետք է մեկը, որ նրան նման լինի. վերադառնում է քրիստոնեական մարդաբանության հիմնական գաղափարը, որը մարդկային էակին նկատում է որպես “երկուսի միությունը”: Տղամարդը և կինը գոյություն չունեն “միայնակ”, այլ՝ իմաստ և լիություն են ստանում միայն այն ժամանակ, երբ դրվում են “հարաբերության մեջ”: Այսպես է ավարտվում Ծննդոց գրքի սկզբնական մասը, որ վերաբերվում է տղամարդու և կնոջ արարմանը[4]: Կարելի է եզրակացնել, հետևաբար, որ տղամարդը և կինը տեսանելի աշխարհի միակ արարածներն են, որոնց Աստված կամեցել է Իր համար, որոնց կամեցել է դարձնել “անձեր”, որոնց իրագործումը, կամ ավելի ճիշտ է ասել՝“վերագտնումը”, անցնում է սիրո փորձառության և անկեղծ ինքնանվիրումի միջով:
Ինչ վերաբերվում է կնոջը, ուրիշների համար նրա “պարգև լինելը” կարիքն ունի երկու փորձառությունների, որոնք բնորոշ են իրեն և որոնցից է կախված իր ինքնաիրագործումը, իր կյանքի կոչումը. Կուսությունը և Մայրությունը:
Այս հատկանիշներն իրենց համար առավել կատարյալ բնօրինակ չեն կարող գտնել, քան “նազովրեցի կինը”. Մարիամը, որ “կույս է և մայր”:
 
Մի կին, որն արժանանում է իր արգանդում կրելու Ինքնին Աստծուն: Սրանից ավելի մեծ ի՞նչ կարևորություն կարող էր վերագրվել կանանց զարմին Քրիստոնեության կողմից»:
Պեվարելլոն, ապա, շարունակում է. «Հիսուսի վարմունքը կանանց հետ շատ պարզ ու անմիջական է, և թերևս հենց այս պատճառով, այն ժամանակներում, հեղափոխական է: “Զարմանում էին, որ խոսում էր մի կնոջ հետ”, գրված է Ավետարանում, և զարմանում էին ո՛չ միայն դպիրներն ու փարիսեցիները, այլ նաև Առաքյալները: Հրեաների դիմաց, որոնք պաշտպանում էին կնոջը որևէ պատճառով միակողմանի ապահարզան տալու “տղամարդու իրավունքը”, Հիսուսը միանշանակ կերպով արտահայտում է իր անհամաձայնությունը և հորդորում է վերադառնալ “սկզբին”, երբ դա անթույլատրելի էր, այսինքն՝ արարչության ժամանակներին, երբ տղամարդն ու կինը տակավին սիրում էին միմյանց մաքուր սիրով, քանի դեռ Աստծո պատկերն ու նմանությունը մարդու մեջ չէր ապականվել մեղքով:
Տվյալ դեպքում Հիսուսը միջամտում է՝ ջնջելու համար մի “ավանդություն”, որը հաստատվել էր ժողովրդի մոտ, բայց ակնհայտ կերպով հակառակ էր Աստծո կամքին, որը սկզբում կամեցել և հաստատել էր, որ տղամարդու և կնոջ միջև գոյություն չունենար տիրապետության որևէ տրամաբանություն, այլ՝ հարգվեր երկուսի հավասարությունը մեկ մարմնում:
Թերթելով Ավետարանի էջերը, հանդիպում ենք բազմաթիվ կանանց. արյունահոսությամբ տառապող կինը, որ դպչում է Հիսուսի պատմուճանին և, չնայած այն հանգամանքին, որ հրապարակում ամբոխի մեջ էր, իր մեծ հավատքի համար արժանանում է Նրա բացահայտ գովասանքին. “Հավատքդ փրկեց քեզ”. Հայրոսի աղջիկը, որին Հիսուսը վերակենդանացնում է. Նայինի այրի կինը, որին ուղղում է գորովալի կոչը. “Մի՛ արտասվիր” և վերակենդանացնում է նրամահացած միակ որդուն: Եվ օրինակները կարելի է շարունակել, Քանանացի կնոջով կամ այրի կնոջ լումայի պատմությամբ, որով նրան պաշտպանում է ընդդեմ այդ ժամանակվա իրավական համակարգի: Փաստն այն է, որ Աստծո Որդին կանանց հանդեպ միշտ ցուցաբերում է հարգանք և կարեկցանք, օգնության հասնելու պատրաստակամություն:
Մտածենք նաև կանանց այն խմբերի մասին, որոնք հրապարակայնորեն արհամարհված ու հալածված էին (են)[5] հասարակության համընդհանուր (հաճախ կեղծավոր) դատաստանով. մարմնավաճառները, պոռնիկները, ընդհանրապես սեռական հողի վրա որևէ կերպ մեղանչածները: Նրանց համար ևս Հիսուսը բերում է սիրո Իր խոսքը, որն ի վիճակի է փոխելու կյանքը: Սամարացի կնոջն ասում է. “Անշուշտ, հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ”, այդպիսով ցույց տալով, որ ծանոթ է կնոջ կյանքի գաղտնիքներին, իսկ կինն այդպիսով ճանաչում է Նրան որպես Մեսիան և գնում է վկայելու Նրան իր համագյուղացիների դիմաց:
Հանրածանոթ մեղավոր կնոջը, որը լվանում է Իր ոտքերը, այդպիսով գայթակղության առիթ տալով փարիսեցի տանտիրոջը, Հիսուսն ասում է. “Նրան ներվել են իր բազմաթիվ մեղքերը, որովհետև շատ է սիրել”:
Ի վերջո, պոռնկության մեջ բռնված կնոջ հանրահայտ դեպքը, որին Հիսուսի առաջ են բերում, որպեսզի Նրա դեմ խոսելու առիթ ունենան. “Ով որ ձեր մեջ անմեղ է, թող նետի առաջին քարը”:
Այս պատասխանն այնքա՜ն փայլուն է, որ զարմացնում է բոլորին, նրանց մեջ վերարթնացնելով սեփական մեղքերի գիտակցությունը, քանի որ այդ կնոջ մեղքը փաստում էր գոյությունը նաև հենց իրենց իսկ մեղքերի: Այդպես է, որ հերթով դեն են նետում քարերը և մեկը մյուսի ետևից հեռանում, միայնակ թողնելով Հիսուսին և կնոջը, որին Հիսուսը պարզապես կոչ է անում այլևս չմեղանչելու, սեփական ազատությամբ ընտրելու առաքինությունը:
Մարթան, Ղազարոսի քույրը, ականատես է լինում իր եղբոր վերակենդանացմանը, երբ կատարում է Հիսուսի հանդեպ հավատքի իր դավանությունը. “Այո՛, Տեր, ես հավատում եմ, որ դու Քրիստոսն ես, Աստծո Որդին”:
Տակավին կանայք են, որ Հիսուսին ուղեկցում են մինչև Գողգոթա և նրանից լսում են “Երուսաղեմի դուստրեր, մի՛ լացեք իմ վրա” խոսքերը, ևս մեկ անգամ ցույց տալով իգական սեռի հետ հարաբերվելու մի կերպ, որը բացարձակ նորություն էր այդ ժամանակներում: Եվ կանայք էին լինելու Քրիստոնեության հիմքը դնող դեպքի՝ Քրիստոսի Հարության առաջին վկաները, հանձինս Մարիամ Մագդաղենացու, որին Հիսուսը հանձնարարում է Առաքյալներին հասցնել այդ սքանչելի իրադարձության լուրը»[6]:
[1] Բարբարոսական արշավանքների դարաշրջանում, գերմանական ժողովուրդների մոտ կինը, եթե «ի վիճակի չէր զենք կրելու», «նկատվում էր որպես անդարմանելիորեն ցածրակարգ՝ տղամարդու նկատմամբ: Լոնգոբարդների թագավորությունում ոչ մի կին չէր կարող ապրել որպես ազատ քաղաքացի, այլ՝ պարտադիր պայման էր, որ ենթակա լիներ “մունդիուս” կոչվող խնամակալության իրավունքին, որի ենթական կարող էր լինել ամուսինը, հայրը կամ եղբայրները, իսկ ծայրահեղ դեպքում՝ թագավորը: Կանայք չէին կարող ունեցվածքներ վաճառել կամ նվիրել առանց խնամակալի համաձայնության (Rotari, cap. 204)»: Միաժամանակ, սակայն, «կնոջից վախենում էին, սարսափելով տղամարդու դեմ ծածուկ զենքերով (չարությամբ, թույնով, կախարդությամբ) պայքարելու նրա կարողությունից: [...] Լոնգոբարդյան օրենքներում կինն ավելի նկատվում է որպես իրավունքի առարկա, քան նույն այդ իրավունքի ենթակա: Կնոջը վիրավորողը պատասխանատվության էր կանչվում պարզապես այն իմաստով, որ ոտնձգություն էր կատարել տղամարդու ունեցվածքի դեմ» (Storia d'Italia e d'Europa, Jaca Book, Milano 1978, vol. I, p. 161):
[2] Corrado Gnerre, La religiosità orientale, Il Minotauro, Roma 2003.
[3] Իսլամական աշխարհում կինը ենթակա է բազմակնության ստորացուցիչ հանգամանքին, ամուսնու կողմից միակողմանի ապահարզանի իրավունքին, առանց որևէ բացատրության կամ հիմնավորման պահանջի, պարզապես երեք անգամ կրկնելով, երկու տղամարդ վկաների ներկայությամբ, «մերժված ես» բանաձևը: Կինը կարող է գնվել, այն աստիճան, որ օժիտը կարող է էական նշանակություն ունենալ ամուսնության վավերականության համար: Կինը իսլամական հասարակությունում չունի ծնողական իրավունքներ զավակների նկատմամբ: Դատարանում իր վկայությունն ունի տղամարդու վկայության իրավական արժեքի կեսը, և ամուսնուն պաշտոնապես թույլատրվում է ծեծել կնոջը ըստ կանանց սուրայի (Ղուրան, IV, 34): Պոռնկության դեպքում կինը քարկոծվելով սպանվում է, մինչդեռ տղամարդը սովորաբար ստանում է մտրակի հարյուր հարվածի պատիժ: Այս ամենով հանդերձ, սակայն, այնքան էլ հեշտ չէ ասելը, թե Իսլամը վատթարացրել է կանանց վիճակը նախկինի համեմատ. Մուհամմեդը գոնե արգելել է «նորածին աղջիկներին ողջ-ողջ թաղելու արաբական նախկին սովորությունը», մինչ հռոմեացի հեթանոս պատմիչ Ամմիանուս Մարկելլինուսը Չորրորդ դարի, այսինքն՝ Մուհամմեդից առաջ ապրած Արաբների մասին խոսելիս գրում է. «Կանայք ամուսնության են վերցվում վճարով, ժամանակավոր պայմանագիր ստորագրելով» (Cento domande sull'Islam. Intervista a Samir Khalil Samir, Marietti, Genova 2002, pp. 4, 80-87; STEFANO NITOGLIA, Islam, Effedieffe, Milano 1994, pp. 35-52; AMMIANO MARCELLINO, Storie, XIV, 4):
[4] Տղամարդ-կին հավասարության մասին, որպես Քրիստոնեության բերած նորության, գրում է ֆրանսիացի պատմաբան Ժաք Լը Գոֆֆը. «Սբ. Թովմաս Աքուինացին պնդում է աստվածաշնչյան այն տվյալի վրա, որ Աստված Եվային ստեղծել է Ադամի կողոսկրից, և ո՛չ թե՝ գլխից կամ ոտքերից: Եթե կնոջը ստեղծեր տղամարդու գլխից, դա կնշանակեր, որ Աստված հանձինս կնոջ տեսնում է մի էակի, որն Ադամից բարձրակարգ է: Իսկ եթե, ընդհակառակն, ստեղծեր ոտքերից, կնկատեր նրան որպես Ադամից ցածրակարգ էակ: Կողոսկրը գտնվում է մարմնի մեջտեղում, և հետևաբար՝ Աստծո կատարած ընտրությունը հաստատում է Ադամի և Եվայի հավասարությունը, այնպես՝ ինչպես կամեցվել է Աստծո կողմից: Ես համոզված եմ, որ գաղափարը, որի համաձայն՝ կինը հավասար է տղամարդուն, որոշիչ դեր է խաղացել կնոջ վերաբերյալ քրիստոնեական ընկալման վրա և կողմնորոշել է կնոջ հանդեպ միջնադարյան Եկեղեցու տեսությունն ու դիրքորոշումը» («Avvenire» օրաթերթի 21/1/2007 համարում):
[5] Արհամարհված ու հալածված ասելով հարկավոր չէ հասկանալ սոսկ խոսքով տրված գնահատականները: Բազմաթիվ ոչ-քրիստոնյա երկրներում կամ հասարակություններում, այսօր ևս, այդպիսի կանայք ենթարկվում են ֆիզիկական դաժան պատիժների, անդամահատությունների և մինչև իսկ մահապատժի, այն էլ՝ մահապատժի ամենասոսկալի եղանակներից մեկի՝ քարկոծման միջոցով:
[6] Թոմմազո Պեվարելլոն այս տողերը գրել է հատուկ այս գրքի համար:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։