Քսաներորդ դարի հոգեբացահայտական հեղափոխությունը – Գրադարան – Mashtoz.org

Քսաներորդ դարի հոգեբացահայտական հեղափոխությունը

Հենց այն կապը, որ գոյություն ունի հաճարի արտերը վարակող սնկի՝ եղջերասնկի և LSD կոչվող հզոր թմրանյութի միջև, թույլ է տալիս մեզ ևս մեկ անուղղակի ճշգրտում կատարել: Արդեն ասացինք, որ շատերն են սովոր պնդելու, թե որևէ լուրջ արժեքից զուրկ են այսպես կոչված կախարդների ու վհուկների կողմից հարցաքննությունների ժամանակ տրված վկայությունները: Այսպիսիք պաշտպանում են միայն այն տեսակետը, թե նրանք այդպիսի հայտարարություններ իբր կատարել են սոսկ տանջանքների ենթարկված լինելու պատճառով, ուստի՝ դրանք անհիմն ու անարժեք են: Եվ որ նկարագրված տեսիլքները, թռիչքները, դիվային երևակայությունները մեղադրյալների կողմից իբր խոստովանվել են սոսկ դատավորների կամքը բավարարելու համար, որովհետև իբր թե դատավորներն էին իրական սնահավատները, որ ամեն գնով ցանկանում էին հենց այդպիսի պատմություններ լսել: Եվ սակայն, նման բացատրությունները համոզիչ չեն, գոնե լուրջ մոտեցում ունեցողների համար, քանի որ չափազանց գռեհիկ են և ակնհայտորեն անբավարար: Իրականում, դրանք որևէ լուրջ բացատրությունից խուսափելու փորձեր են: Պատմական տվյալները համեմատելով մեր այսօրվա գիտելիքների հետ, շնորհիվ այն ուսումնասիրությունների և վկայությունների, որոնք ունենք մերօրյա թմրամոլների վերաբերյալ, միմիայն այս կերպ վարվելով է, որ կարողանում ենք հասկանալ և գոնե որոշակի դեպքերում ճշմարտանման համարել Տասնվեցերորդ դարի կախարդների ու վհուկների կողմից ներկայացված պատմությունները:
Ուստի կարող է օգտակար լինել թմրամոլության պատմության արահետներում մի արագընթաց ճամփորդություն կատարելը, հետևելով վիթխարի կարևորություն ունեցող մի աշխատության՝ Մարիո Արտուրո Յաննաքոնեի «Հոգեբացահայտական[1] հեղափոխությունը» գրքին:
Զանց առնելով ասիական և աֆրիկյան տարածաշրջանների քննումը, Յաննաքոնեն հիշեցնում է, որ թմրանյութերի գործածությունը նախատեսված էր հունական էլեուսյան (Դեմետրա աստվածուհուն նվիրված) խորհուրդներում: Այդ արարողությունների ժամանակ կատարվում էին զոհաբերություններ և ներկաներին հրամցվում էր մի սրբազան ըմպելիք, որն անվանում էին «կիկեոն»: Ապա, «արարողության գաղտնի սրտում, [խմիչքն ընդունած անձանց] երևում էին ուրվականներ, կերպարանքներ կամ ստվերներ» և միմիայն այդ ժամանակ սկսնակները դառնում էին «այն, ինչ տեսել էին»: «Էլեուսիի տաճարի դռները բաց մնացին Ք.ա. Տասնհինգերորդ դարից մինչև Ք.հ. 395 թվականը: Էլեուսյան խորհուրդները հին ժամանակների ամենալավ պահպանված գաղտնիքն են: Այդ արարողությունները կատարել են միլիոնավոր մարդիկ երկու հազար տարվա ընթացքում: Այն սակավաթիվ համարձակները, որոնք ակնարկել են այդ խորհուրդներին, սպանվել են, ինչպես պատահեց Դիագորաս Մելիոսացուն»[2]:
Չգիտենք, հետևաբար, թե ի՛նչ բաղադրություն է ունեցել այդ “մոգական” ըմպելիքը: Գիտենք, սակայն, որ Էլեուսյան խորհուրդներին և այդ ըմպելուն ձոնեցին իրենց կյանքն ու գործունեությունը այն մարդիկ, ովքեր Քսաներորդ դարի երկրորդ կեսին Արևմտյան հասարակությունների կենցաղ ներմուծեցին թմրանյութերի գործածությունը: Խոսքս վերաբերվում է Ալբերտ Հոֆմաննին – նա, ով մատնոցուկը և եղջերասունկը ուսումնասիրելով՝ դարձավ LSDի հայրը – և Ռոբերտ Գորդըն Ուասսընին, որը մեքսիկական ցնորածին սնկերի առաջին խանդավառ փորձարկողներից ու տարածողներից մեկն էր: Նրանց կարծիքով, կիկեոնի բաղադրությանը մաս էին կազմում հաճարը վարակող եղջերասունկը (կոչվում է նաև եղնջակիր, լատիներեն՝ Claviceps purpurea) և մամշան (դաշտավլուկազգիներից, լատիներեն՝ Paspalum distichum), ա՛յլ բաղադրիչներից բացի, որոնցից էին նաև գարին և անանուխը:
Պատմական փաստն այն է, որ Էլեուսյան խորհուրդներն արգելողը և դրանց ընծայված տաճարը փակողը եղավ քրիստոնյա կայսր Թեոդոսիոսը: Մինչդեռ Հարավային Ամերիկա մեկնած քրիստոնյա միսիոներները, շարունակում է Յաննաքոնեն, ամեն կերպ փորձեցին արմատախիլ անել արարողությունները, որոնք կապված էին կոկայի, ցնորածին կակտուսի, պեյոտի և ցնորածին ա՛յլ սնկերի գործածությանը, որոնք այդ ժողովուրդների մոտ ներկա էին զոհաբերությունների, մարդակերության և մեռելահարցական “բժշկության” հետ միասին: «Մեքսիկայում, իսպանացիների ժամանումից առաջ, “թեոնանաքաթլ” (“աստվածների միս”) կոչվող ցնորածին սնկերի գործածումը տեղի էր ունենում օրը ցերեկով: Իսպանացիների ժամանումից հետո դրանք արգելվեցին, և ով ցանկանում էր շարունակել ավանդական պաշտամունքը՝ ստիպված էր հարմարվել գիշերային արարողությունների, թաքուն վայրերում», կատարելով արարողություններ, որոնք սկսեցին անվանվել «veladas», ծածուկ, գաղտնի արարքներ:
Թմրախոտերի հանդեպ հետաքրքրությունը Եվրոպայում վերազարթոնք ապրեց Տասնութերորդ դարի վերջավորության, մի դարաշրջանում, երբ իլլումինիզմն իր բռնատիրական կապանքների տակ էր դրել Քրիստոնեությանը, և հետևաբար՝ մարդիկ “հոգեկանության” ա՛յլ ձևեր էին որոնում. «Հետաքրքրասեր ճանապարհորդները, մղվելով ուսումնասիրելու Լապպոնների, սիբիրական և հնդկական ժողովուրդների սովորույթները, պատմում և նկարագրում էին կրոնական սովորույթներ, որոնք հիմնված էին ոգեհարման և թմրանյութերի գործածման վրա: Այդ հեթանոս ցեղերը ճանապարհորդներին բացատրում էին, որ ցնորածին նյութերը թուլացնում են այն պատնեշները, որոնք սովորաբար փակում են գիտակցության վրա գերբնական ազդեցությունների ճանապարհը, այդպիսով թույլատրելով, որ ոգիներն ու դևերը խոսեն: [...] Թմրանյութերը Եվրոպայում բացարձակ նորություն չէին. արբեցնող և ցնորածին նյութերը ճանաչված էին Արևելյան Եվրոպայի գյուղերում և գործածվում էին տոնական օրերին. ալյուրին կամ խմիչքներին խառնված յուրահատուկ նյութերի պատճառով տեղի ունեցող զանգվածային թունավորումները հազվադեպ չէին. վհուկների փոքրիկ ընկերություններ կամ միաբանություններ սերնդե սերունդ փոխանցում էին խոտերի, սնկերի, հյութերի, թուրմերի, մզուկների, թորյալ հեղուկների ճանաչումն ու գործածումը: Քրիստոնեական իմաստությունը պնդում էր, որ թույները, մարդու հոգին իր բնական ուժերից զրկելով և ազատ կամքը թուլացնելով, [...] գործելու տարածք էին տալիս սատանային: [...] Քոլերիջից հետո, բազմաթիվ ա՛յլ գրականագետներ ևս թունավորվեցին, ինչպես Թոմաս դը Քուինսին, Էդգար Ալլան Պոն կամ Չարլզ Բոդլերը: Իրենց մուսան կանչում էին ափիոնով, հաշիշով կամ օշինդրով»: Որոշ ժամանակ անց, Քսաներորդ դարի կախարդության ու էզոտերիզմի ներկայացուցիչների մեծամասնությունը ընտելացավ փսիխոտրոպիկ նյութերի գործածությանը. Ռընէ Դոմալը, Ալեիստեր Քրոուլին, Ռընէ Գենոնը, Յուլիուս Էվոլան և ուրիշներ: Այս անունների կողքին հարկավոր է հիշատակել սուրռեալիզմին մոտ գտնվող ֆրանսիացի գրող Անտոնին Արթոյին, ով առաջիններից մեկը եղավ, որ սկսեց տարածել Լատինական Ամերիկայի պատմության ամբողջովին տակնուվրա արված տարբերակը:
 
Նրա կարծիքով, արյունարբու ացտեկներն էին ներկայացնում իրական քաղաքակրթությունը, մինչդեռ թմրամոլությանը հակառակվող Քրիստոնեությունը բարբարոսություն է: «Հմուտ լինելով ցավազրկող ու հանդարտեցնող թմրանյութերի գործածության մեջ, ինչպիսիք էին լաուդանը և մաքուր ափիոնը, Մեքսիկայում նա գտավ պեյոտը, որի ազդեցությունը առաջինների համեմատ հակառակ և տարբեր հետևանքներ էր առաջացնում»: Արթոն պնդում էր, թե պեյոտի գործածմամբ հնարավոր է դառնում կատարելը «մետաֆիզիկական, ճանաչողական մի փորձառություն, որի շնորհիվ ինքը դուրս էր գալիս կեղծ աշխարհից, ուր ամեն բան պայմանավորված է սովորույթներով, մարմնի կարիքներով, ուրիշների կողմից հաստատված օրենքներով: Ասում էր, թե պեյոտը գործածում էր “կրոնի, մկրտության, խորհուրդների, արարողությունների, դաստիարակության, կրթության, բժշկության, գիտության” որոշումներից վեր բարձրանալու համար»:
«Առաջին Համաշխարհային Պատերազմի պատճառով ծունկի եկած Եվրոպայում», շարունակում է Յաննաքոնեն, «ուրիշ խռովված հոգիներ ևս, Արթոյի քայլերին հետևելով, բացահայտեցին Մեքսիկան: Նա լուր էր տարածել, թե իբր այնտեղ պահպանվել էին հնամենի պաշտամունքներ, որոնց քուրմերն ընդունակ էին պատրաստելու թուրմեր, որոնց ընդունմամբ մարդը կարողանում էր տեսնել ճշմարտության լույսը: [...] Մեքսիկական մոդան տարածվեց, գրավելով Ժորժ Բաթթային, Անդրե Բրետոնին և Օքթավիո Փազին»: Կամաց կամաց պատահեց, որ հրատարակություններում սկսեցին գովերգվել ո՛չ միայն ացտեկների կողմից ցնորածին նյութերի գործածումը, այլ նաև՝ նրանց արյունարբու բարքերը, ծեսերն ու զոհաբերությունները:
Բայց դեռ մի քանի տարի պետք է անցներ, նախքան թմրանյութի մշակույթը ուժգին կերպով մուտք կգործեր արևմտյան աշխարհ, դառնալով զանգվածային երևույթ, նախ Միացյալ Նահանգներում, Քսաներորդ դարի Հիսունական թվականների վերջում, ապա նաև Եվրոպայում, Վաթսունական թվականներին և հատկապես Վաթսունութի հեղափոխությամբ: Ամենատարբեր տեսակի թմրանյութերը մի քանի տարվա ընթացքում դառնալու էին ապակրոնականացված աշխարհի “խորհուրդը”, ազատագրման, գիտակցության ընդարձակման մի փորձառություն միլիոնավոր մարդկանց համար: Եվ ապա իսկույն, անխուսափելիորեն, վրա հասավ ողբերգությունը, որի բաղադրամասերն են բարոյալքումը, վհատությունը, հուսահատությունը, սեփական կյանքի քայքայումը, ընտանիքների կործանումը, չարաշահումների զոհերը, խելագարությունը և նման բաներ:
Մարդիկ, ովքեր այդ տարիներին սկիզբ տվեցին հոգեբացահայտական հեղափոխությանը, որն իր հետքը թողնելու էր մինչև մեր օրերը, հայտնի անձնավորություններ էին, ինչպես արդեն հիշատակված Ալբերտ Հոֆմաննը, Ռոբերտ Գորդըն Ուասսընը, Թիմըթի Լիրին, Ալդուս Հաքսլեյը և ուրիշներ:
Ուասսընը, որը Նյու Յորքի հարուստ բանկիրներից էր, աշխարհի ամենամեծ բանկերից մեկի փոխնախագահը, առաջին եվրոպացիներից մեկը եղավ, որ 1953 թվականին Սիերրա Մանտեկայում ներկա գտնվեց և մասնակցեց մի «velada»ի, ցնորածին սնկեր ճաշակելով շամանական արարողության ժամանակ:
Այդ դեպքի վերաբերյալ Յաննաքոնեն գրում է. «Հոգեբացահայտական հեղափոխությունը սկիզբ առավ 1957 թվականի Հունիսի 10ի առավոտյան, երբ կրպակներին լրագրեր բաժանող մեքենաներն ընթերցողներին հասցրեցին «Life» ամսագրի հերթական համարը: [...] Այդ համարում տպագրվել էր Ռոբերտ Գորդըն Ուասսընի երկար հոդվածը, «Seeking the magic mushroom» («Մոգական սնկի որոնումը») վերնագրով»: Պատմության թեման Ուասսընի ունեցած “տեսիլքներն” էին, և նա «կոչ էր անում ընթերցողներին, որպեսզի ուղղակի փորձառություն կատարեին: Սնկերը, բացատրում էր նա, ի զորու էին խորաթափանց տեսիլքներ պարգևելու և կարող էին նոր գաղափարների ծնունդ ապահովել, քանի որ հայտնում էին անասելին, ճանաչված բաներից անդին գտնվող խոսքերը, տակավին հնչում չունեցող գաղափարները, “երկինքը և գուցե դժոխքը”»:
Ուասսընը բոլորին խորհուրդ էր տալիս այդ “տեսիլքները”, որոնք մանրակրկիտ կերպով նկարագրել էր իր օրագրության մեջ և որոնք իրավացիորեն համարում էր, որ Տասնվեցերորդ դարի վհուկների ունեցած միևնույն տեսիլքներն էին: Իր կողմից տարածված այդ լուրը վիթխարի արդյունք ունեցավ. բազմաթիվ ընթերցողներից մեկը, Թիմըթի Լիրին, դառնալու էր հոգեբացահայտական հեղափոխության գլխավոր դերակատարներից մեկը. ուրիշներ, ինչպես Ջոն Լեննոնը, Փիթըր Թաունշենդը, Միք Ջագգըրը և Բոբ Դիլանը հետևելու էին նրան, ցնորածին սնկերի օգնությամբ “աստծուն գտնելու” համար, իրենց համար որպես քուրանդերա՝ շամանուհի ընտրելով այն նույն Մարիա Սաբինային, որը “տեսիլքների հարցում օգնել էր” Ուասսընին:
 
Ուասսընի կողքին հարկավոր է հիշատակել Ալդուս Հաքսլեյին՝ Թոմաս Հաքսլեյի հայտնի թոռանը և Ջուլիանի՝ «Unesco»ի առաջին ղեկավարի եղբորը: Հաքսլեյի գաղափարները երկու առանցքի շուրջ էին պտտվում. Հեռավոր Արևելքի կրոնա-փիլիսոփայական տեսություններն ու գործնական բարքերը և թմրանյութերի ճանաչողական գործածության գովերգումը: Կարող ենք ամենայն վստահությամբ ասել, որ Հաքսլեյի գաղափարները հիմնական դեր են խաղացել Վաթսունական թվականների հակամշակույթի ի հայտ գալու գործում: Կրկին Յաննաքոնեն, փաստերով հագեցած իր գրքում, գրում է. «Մարիայի (իր կնոջ) մահից հետո Հաքսլեյը է՛լ ավելի նվիրվեց իր նոր կրքին: 1955 թվականին տված հարցազրույցներից մեկում Ամերիկան անվանեց մի պետություն, “ուր երիտասարդությունը լավ կերակրված է, բայց սովահար է մետաֆիզիկական հարթության վրա”, և կարող է երանացնող տեսիլքների հասնել “ճանաչված միակ միջոցով”, այսինքն՝ թմրանյութերով: Հաքսլեյի մարգարեությունը եզակիորեն ճշմարտացի դուրս եկավ, այն աստիճան, որ ոմանք սկսեցին կասկածել, որ հզորների խմբակները, որոնց ձայնը տարածելու գործիքն էր հանդիսանում Հաքսլեյը, ուղղակիորեն նպաստել էին թմրանյութերի տարածմանը»:
Այս կամ այն կերպ, հետևաբար, թմրանյութերի մշակույթը լայնորեն տարածվեց, շաղկապվելով բազմաթիվ երիտասարդների սովորությանը՝ մեկնելու Լատինական Ամերիկա կամ Հնդկաստան, ուր կարող էին ոգեհարցական նիստեր կատարել, կրոնական այլընտրանքային արարողությունների մասնակցել և ամենատարբեր տեսակի թմրանյութեր ընդունել: Նրանցից շատերն են օրագրություններ, ինքնակենսագրություններ գրել, իրենց փորձառությունների, “ճամփորդությունների” նկարագրությունը թղթին հանձնել. բոլորի մոտ էլ պատմությունները միահյուսված են տեսիլքների նկարագրության հետ, որոնք մերթ մխիթարական են, մերթ փոթորկալի, բայց միշտ հարուստ են ուրվականներով, դևերով, հրեշային սարդերով և ա՛յլ ահասարսուռ պատկերներով:
Իրոք, ով գործածում է LSD թմրանյութը, հաճախ թռնելու տպավորություն է ունենում, ոմանք «սպառնալիքներ են լսում անշունչ առարկաներից», ուրիշներ էլ՝ իրենց ներքաշված են զգում «էքստատիկ պտտահողմերի մեջ, կամ էլ՝ իրենց պատված են զգում բացարձակ ու սարսափելի ահով»: Հոֆմաննի համաձայն, LSD թմրանյութը ճանապարհ է հարթում «աշխարհի ոչնչացման և Եսի քայքայման» համար: Համֆրի Օսմոնդ անունով բժիշկը, որն իր հիվանդների շրջանում լայնորեն տարածեց մեսկալին, փսիլոչիբին և LSD թմրանյութերը, վկայում է, որ թմրանյութերի ազդեցության ներքո հասել է «մինչև դժոխքի խորքը»: Ուասսընը պատմում է, որ տեսել է կամարներ, պարտեզներ, ճոխ բակեր, իսկ հետո «ինչ որ մի առասպելական գազան, որը մի արքայական կառք էր վարում»: Ուիլլիամ Բարրոուզը, երբ խմում է տարբեր թմրախոտերից պատրաստվող «այահուասկա» կոչվող թուրմը, իրեն հարձակված է զգում երկնագույն փայլատակումների և տարօրինակ ուրվականների կողմից, որոնք սարսափելի ճիչեր են արձակում: Ալլեն Գինսբերգը պատմում է, որ Պերուում, «այահուասկա»ն խմելուց հետո, տեսել է մի Մեծ Էակի հայտնվելը, ամբողջ տիեզերքը, որ ճակատամարտի էր դուրս եկել իր դեմ, ապա նաև հանդիպում է անձնավորված մահվանը, «խորհրդավոր մի բան էր, մեր ճակատագիրը, այն՝ ինչը մեզ վաղ թե ուշ սպանելու է»: Մի ուրիշ անգամ, բիթ աշխարհի այդ հայտնի ներկայացուցիչը փսիլոչիբինի ազդեցության ներքո մերկանում է, սկսում է տենդագին դողալ, փսխել, լսում է դատաստանի շեփորները, որոնք ազդարարում են տիեզերքի չորս ծայրերով մեկ, և համոզվում է, որ ինքը Փրկիչն է, որ եկել է ազատագրելու աշխարհը:
1956 թվականին լույս տեսած իր ամենահայտնի պոեմը՝ «Howl», «Ճիչ»ը, սկսվում է այս խոսքերով. «Տեսա, թե ինչպես էին իմ սերնդի լավագույն ուղեղները կործանվում խելագարությամբ, սովալլուկ, ջղագար, մերկ, արշալույսին քարշ էր գալիս նեգրերի փողոցներում, կատաղի թմրանյութ որոնելով»: Որից հետո ակնարկում է իր կողմից փորձառությամբ ճանաչված տրանսի վիճակների, ոգեհարման դեպքերի և դիվային տեսիլքների, որոնք նմանվում են Ալդուս Հաքսլեյի նկարագրածներին իր երկու գործերում. «Զգայության դռները» և «Դրախտ և դժոխք», որոնք մեծ հաջողություն գտան ընթերցողների շրջանակում:
[1] «Հոգեբացահայտիչ» եզրը (անգլերեն՝ psychedelic) նորաբանություն է, առաջացել է հունարեն «ψυχή» (փսիխէ, հոգի) և «δήλος» (դելոս, բացահայտել) բառերի միությունից: Առաջին անգամ գործածվել է 1956 թվականին, մատնանշելու համար ցնորածին նյութերը, հատկապես LSD թմրանյութը:
[2] Mario Arturo Iannaccone, La rivoluzione psichedelica, SugarCo, Milano 2009, p. 77.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։