Լութերի զայրացկոտ աշակերտը. Ժան Կալվին – Գրադարան – Mashtoz.org

Լութերի զայրացկոտ աշակերտը. Ժան Կալվին

Լութերից հետո ամենահայտնի “ռեֆորմատորը” Ժան Կալվինն է, ծնված 1509 թվականին, Ֆրանսիայի Պիկքարդի նահանգի Նուայոն քաղաքում, բուրժուաների ընտանիքում: Անձամբ երբեք չի հանդիպել Լութերին, բայց կարդացել է նրա գրքերը, հաստատելով, թե այդ գրքերի ընթերցանությամբ վերջապես դուրս է եկել «պապականության խավարից»: Լութերական ազատ մեկնաբանության սկզբունքը գործադրելով, Կալվինը սկսում է մեկնաբանել Աստվածաշունչն ըստ իր քմահաճույքի, որպես մեկնակետ ունենալով Լութերի մարդաբանական միևնույն հոռետեսությունը:
Ի տարբերություն Սբ. Թովմաս Աքուինացու և կաթողիկեների, որոնք հավատում են, որ մարդու մեջ կա հակում դեպի մեղքը, որի պատճառը սկզբնական մեղքն է, բայց կա նաև համանման «հակում դեպի բարին», «ճանաչելու ճշմարտությունը», փնտրելու Աստծուն, Կալվինի համաձայն՝ մարդը «ճանաչում, ցանկանում, ձեռնարկում է միայն այն, ինչը չար է, այլասերված, ամբարիշտ, անմաքուր»: Այս գաղափարից սերում է մի ուրիշ գաղափար ևս, որը նույնպես լութերական ծնունդ է, բայց շատ ավելի ընդգծվել ու շեշտվել է Կալվինի կողմից. նախասահմանումը: Կալվինի համաձայն, ամեն բան ի սկզբանե նախասահմանվել է Աստծո կողմից, անկախ մեր կյանքից, մեր կամքից, մեր կողմից որևէ արժանիքի կամ անարժանության: Ադամի մեղքը ևս, Կալվինի համաձայն, ո՛չ թե սոսկ թույլատրվել է Աստծո կողմից, այլ՝ Նրա կողմից կամեցվել ու նախասահմանվել է: «Հետևաբար», գրում է Կալվինը, «եթե ինչ որ մեկը ձանձրացնում է մեզ, հարցնելով, թե Աստված ինչո՞ւ է ոմանց նախասահմանել դատապարտության, մինչ նրանք դրան չեն արժանացել, քանի որ տակավին գոյություն չունեին, փոխարենը մենք ենք, որ հարցնում ենք նրան, թե Աստված ինչո՞վ է պարտական մարդուն, եթե հաշվի է առնում նրա բնությունը: Քանի որ բոլորս ապականված ենք և մեղքով վարակված, Աստված չի կարող չատել մեզ, և դա ո՛չ թե բռնակալական դաժանության պատճառով, այլ՝ իրավացի արդարության: Քանի որ մարդկանցից յուրաքանչյուրն իր բնական վիճակով իսկ արժանի է մահապատժի, ի՞նչ անարդարության մասին են խոսում նրանք, որոնց Աստված նախասահմանել է մահվան: [...] Եթե բոլորը մաս են կազմում ապականված զանգվածին, զարմանալի չէ, որ ենթակա են դատապարտության»[1]:
Դյուրին է հասկանալը, հետևաբար, որ Կալվինի ընկալածը չափազանց հեռու է Աստվածաշնչի կողմից որպես Լոգոս՝ Բանականություն, որպես Սեր և Ողորմություն, որպես Արդարություն ներկայացված Աստծուց: Կալվինի ընկալածը մի կուռք է, բռնակալ, քմահաճ, սառը, անարդար, դաժան ու զայրացկոտ: Այսինքն մի կուռք է, որ քանդակվել է իր՝ Կալվինի պատկերով և նմանությամբ:
Կալվինի մեծագույն պարադոքսը կայանում է նրանում, որ նա սկսում է Լութերի նման, Եկեղեցու հեղինակության մերժումից, Եկեղեցու, որի դեմ արձակում է ամենասարսափելի անեծքները, հաստատելու համար Աստվածաշնչի ազատ, անհատական մեկնաբանության սկզբունքը: Ապա, կրկին Լութերի նման, դատապարտում է, անիծում, ծաղրում, իսկ երբ կարողանում է՝ մահվան է դատապարտում բոլոր նրանց, ովքեր համարձակվում են իր մեկնաբանություններից տարբերվող մեկնաբանություններ տալ: Ազատ մեկնաբանություն, բայց միմիայն իր համար: Եկեղեցու, Պապերի, Առաքյալների հաջորդների հեղինակության վերջ, բայց իր հեղինակության սկիզբ: Քրիստոսից ավելի քան 1500 տարի հետո նա ինքն իրեն իրավունք է վերապահում հաստատելու, թե իրենից առաջ ոչ ոք ճշգրիտ կերպով չի հասկացել Ավետարանի պատգամը:
Ժնևում, 1541 թվականից մինչև 1564 թվականն ընկած տարիներին, Կալվինը հաստատում է մի անհեթեթ վարչակարգ. ինչպես որ Լութերը, գերմանացի իշխանների պաշտպանությունը փնտրելիս, առանց որոնց օգնության իր ապստամբությունը հաջողության չէր հասնի, ի վերջո ամբողջ իշխանությունը, ներառյալ կրոնականը, վերագրում է նրանց, Եկեղեցին ենթարկելով Պետությանը, նմանապես Կալվինը, հավասար, բայց հակամետ խելագարությամբ, բոլոր հարցերում Պետությունը ենթարկում է Կալվինական Եկեղեցուն, զուգադրելով և միմյանց խառնելով երկու իրականություններ, որոնք անշուշտ չպետք է իրարից հեռու մնան, բայց անկասկած պետք է միմյանցից զատ մնան: Այդ տարիներին, երբ կոշտությամբ ու դաժանությամբ կառավարում էր Ժնևը, Կալվինը մոլի կատաղությամբ վերացնում է այն ամենը, ինչը որ կարող էր հիշեցնել կաթողիկեությունը. «Կաթողիկեությունն ամբողջովին ոչնչացվում է, սրբապատկերներն այրվում են: [...] Դատ ու դատաստանի են ենթարկվում բոլոր նրանք, ովքեր խոսակցությունների ժամանակ իրենց բերանից անզգուշորեն դուրս են թռցնում նաև նվազագույն չափի արտահայտություններ, որոնք հիշեցնում են հին սովորությունները, ինչպես պատահում է, օրինակի համար, մուրացկաններին, որոնք ողորմություն են խնդրում հանուն Սուրբ Կույսի: Բայց դա դեռ ամենը չէ. ով վարդարաններ կամ մոմեր է վաճառում, պարտավորվում է տասը ոսկեդրամի տուգանք վճարել: Արգելվում է բուրվառների, սկիհների, խաչերի, զարդարանքների վաճառքը. արգելվում է մոմեր տանել Ճրագալույցի ժամանակ օրհնելու համար, կատարել կաթողիկե տոնացույցի վրա նշված տոները, արտասանել լատիներեն աղոթքները և ճաշից հետո շնորհակալության մաղթանքները, արգելվում է աղոթել ննջեցյալների համար: [...] Արգելվում է պահել պահքերն ու ծոմերը, որևէ արժանիք վերագրել բարի գործերին, խառը ամուսնություններ կնքել»:
Կրոնական տոների քանակն էլ խիստ սահմանափակվում է, արգելվում են թղթախաղը, պարը, թատրոնը, գարեջուրը և շատ ա՛յլ բաներ, հարկավոր է դառնում առաքինի ու ճգնակյաց լինել օրենքի պարտադրմամբ, առաքինությունն էլ հասկանալով այնպես, ինչպես այն հասկանում է ինքը՝ Կալվինը, այլապես՝ վրա է հասնում ոստիկանությունը, հրապարակային հանդիմանությունն ու նվաստացումը, և ինչը որ պարադոքսների պարադոքսն է նրա համար, ով քարոզում ու պաշտպանում է ազատ մեկնաբանության սկզբունքը, վրա են հասնում բազմաթիվ աքսորումներն ու մահապատիժներն ընդդեմ “հերետիկոսների”, կաթողիկե քահանաների և քաղաքական այլախոհների[2]:
[1] Giovanni Calvino, Istituzione della religione cristiana, UTET, Torino 1983, pp. 1126-1128.
[2] ROBERTO SPATARO, Un quinto centenario da non celebrare: la nascita di Giovanni Calvino (1509-2009), «Il Foglio», 7/7/2009. Այսօր լութերականության և կալվինականության միայն ավերակներն են մնացել, որոնց կործանարար հետևանքները ակնհայտորեն տեսանելի են, օրինակ, Հոլանդիայում, ուր կալվինականությունը ներթափանցեց Օրանժների իշխող տոհմի ներկայացուցիչների շնորհիվ: Պատահական չէ, որ այն ժամանակվա սառն ու անհանդուրժող մաքրապաշտ (պուրիտան) բարոյապաշտությունը (մորալիզմը, որը խիստ տարբեր է քրիստոնեական բարոյականությունից), շատ չանցած իր տեղը զիջեց ծայրահեղ աստիճանի ամենաթող օրենքներին ու բարքերին, ընկնելով հակառակ ծայրահեղության գիրկը. լիովին ապակրոնականացված Հոլանդիայում այսօր թույլատրված են աբորտը, միասեռական “ամուսնությունները”, պետությունում օրինավոր կերպով գործում է մանկապիղծների (պեդոֆիլների) կուսակցությունը, մինչև իսկ 12 տարեկանից ցածր երեխաների էութանազիան, ակնթարթային ամուսնալուծությունները, “սրճարանները”, ուր ամենայն ազատությամբ սպառվում են թմրախոտերն ու թմրանյութերը, և ա՛յլն: Եվ պատահական չէ նաև, որ Հոլանդիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է ինքնասպանությունների քանակով:
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։