Լութերը և մահացու դաշինքը քաղաքական իշխանության հետ – Գրադարան – Mashtoz.org

Լութերը և մահացու դաշինքը քաղաքական իշխանության հետ

Ժամանակի պարագաներն էին, հետևաբար, որ պատճառ հանդիսացան Լութերի կարճատև հաջողության համար, երկու ա՛յլ պատճառների հետ միասին:
Առաջին. աշխարհիկ հզորների աջակցությունը, առանց որի՝ նա ոչինչ էլ չէր կարողանալու անել: Լութերը իշխանների օգնությունը հայցեց իր «Նամակ գերմանական ազգի քրիստոնյա ազնվականությանը» գրությամբ, ուր նրանց առաջարկեց ենթարկել կրոնական հարցերը «աշխարհիկ սրին», և իշխանները մեծ հոժարությամբ ընդունեցին այդ առաջարկը, անշուշտ ո՛չ կրոնական համոզումներից մղված, այլ՝ որովհետև Լութերի կրոնական ապստամբության մեջ հարմար առիթը տեսան անջատվելու և՛ Եկեղեցուց, բռնազավթելով եկեղեցական ունեցվածքները, և՛ Կարլոս Հինգերորդ կայսեր իշխանությունից, որի դեմ պայքարելու համար չվարանեցին դաշնակցել անգամ մահմեդականների հետ, ինչը որ քաղաքական ավանդություն դարձավ բողոքական երկրների համար մինչև մեր օրերը:
Ավատատիրական հասարակարգի իշխան-եպիսկոպոսներից ոմանք էլ հոժարությամբ ընդունեցին Լութերի գաղափարները և հարեցին նրա ապստամբությանը, որովհետև այդ կերպկարողացան պաշտոնապես ամուսնանալ և իրենց ավատները փոխակերպել ժառանգական իրավունքի սեփականության: Լութերն էլ իր կողմից շնորհակալություն հայտնեց նրանց աջակցության համար և հայտարարեց քաղաքական իշխանությանը տարածքային եկեղեցիների ենթարկվելու սկզբունքը, այդպիսով սկիզբ տալով այնպիսի հրեշային իրականությունների, ինչպիսիք են ո՛չ այլևս ընդհանրական, առաքելական ավանդության, այլ՝ պետական, տարածքային “եկեղեցիները”, որոնք ամբողջովին հպատակված են քաղաքական իշխանությանը[1], որը բողոքականության մեջ պատեհ առիթը տեսավ կենտրոնացնելու իր ձեռքում պետական բոլոր իշխանությունները, այդպիսով ծնունդ տալով պետական արդի վարչահամակարգին, որի գլխավոր նպատակը քաղաքացիների կյանքը հսկողության տակ պահելն է, սահմանափակելով մարդու հիմնական ազատությունները:
Այն, ինչ տեղի ունեցավ Անգլիայում, ուր թագավորն ինքն իրեն հայտարարեց գլուխը մի “եկեղեցու”, որին տվեց պետության անունը. «Անգլիկան»: Եվ դա արեց պարզապես նրա համար, որպեսզի կարողանար լուծարել իր օրինավոր ամուսնությունը և բռնազավթեր եկեղեցական ունեցվածքները: Մի բան, որը գրեթե միաժամանակ տեղի ունեցավ նաև սկանդինավյան երկրներում: Դանիայում, օրինակ, Քրիստիան Երրորդ թագավորը «հրամայեց ձերբակալել կաթողիկե եպիսկոպոսներին և նրանց ազատ արձակեց միայն այն բանից հետո, երբ ենթարկվեցին բողոքական նոր եկեղեցուն, որը հիմնել էր ինքը՝ թագավորը, դարձնելով լութերականությունը Պետության միակ կրոնը և իր ձեռքն առնելով դրա կառավարումը իբրև Ծայրագույն Եպիսկոպոս: Բռնի հարկադրանքի միջոցով լութերական դավանանքը պարտադրվեց նաև Նորվեգիայում և Իսլանդիայում, որոնք երկուսն էլ հպատակվում էին Դանիայի թագավորությանը, հակառակ կաթողիկեների համառ ընդդիմությանը, որը սակայն ի վերջո խեղդվեց տիրող վարչակարգի քաղաքական-կրոնական անհանդուրժողականության ու ճնշումների կողմից»[2]: Բողոքական իշխանները, որոնք այդպիսով դարձել էին միաժամանակ աշխարհիկ և կրոնական միապետեր, սովորաբար վարվում էին Հենրի Ութերորդի նման. «Թագավորը գանձում էր տարեկան հաշիվները, նշանակում էր եպիսկոպոսական ընտրության թեկնածուներին, միջամտում էր թեմական կառավարմանը, իրեն էր վերապահում նաև հերետիկոսների նկատմամբ եկեղեցական իրավասությունը: [...] Ով հակառակվում էր, նկատվում էր որպես պետական դավաճան և սովորաբար ենթարկվում էր մահապատժի, այն բարբարոսական ձևերով, որոնք Անգլիայում կիրառվում էին նման դեպքերում. նախ կախաղան էր հանվում, ապա, քանի դեռ ողջ էր, կտոր-կտոր էր արվում, փորոտիքը դուրս թափվում, գլխատվում, քառատվում. նրա մարմնի կտորները հրապարակավ ի ցույց էին դրվում նիզակների վրա վեր բարձրացված»[3]: Նմանապես աղքատներն ու անտուն թափառաշրջիկները, քանի որ հայտնվել էին այնպիսի իրավիճակում, որ ոչ ոք իրենցով չէր հետաքրքրվում և ոչ ոքից խնամք ու հոգածություն չէին ստանում, – որովհետև աղքատների խնամքով զբաղվող կրոնական միաբանությունները փակվել էին, նկատվելով որպես կաթողիկեության և բարի գործերի կրող, – զանգվածաբար, տասնյակ հազարներով կախաղան բարձրացվեցին բողոքական իշխանների «Վճիռ ընդդեմ թափառաշրջիկության» հրամանագրի համաձայն ու պահանջով:
Քաղաքական իշխանության և կրոնական իշխանության այդ վնասակար միաձուլումը մի կողմից ամբողջովին արժեզրկելու էր հավատքի իմաստն ու նշանակությունը, հետագա տասնամյակներում հանգեցնելով բողոքական երկրների ամբողջական ապակրոնականացմանը, իսկ մյուս կողմից, օրինակ Քսաներորդ դարի Երեսունական թվականների Գերմանիայում, բողոքական եկեղեցիներից շատերին մղելու էր բացահայտ կերպով կողմնակցելու Հիտլերին, – գոնե սկզբնական շրջանում, բայց երկար ժամանակով, – քանի որ սովոր էին նույնացնել և շփոթել քաղաքական իշխանությունն ու կրոնական իշխանությունը, և ամբողջովին՝ մարմնով և հոգով տրվել հերթական տիրակալին:
 
Երկրորդ պատճառը, որը Լութերի գործին հնարավորություն տվեց հասնելու հաջողության, – թեև միշտ բռնի ուժի կիրառմամբ, – այն է, որ բողոքականությունը, մի շարք պատմական, սոցիալական, քաղաքական և ա՛յլ պարագաների բերումով, հաղթանակել տվեց պատմության բոլոր հերետիկոսությունների մեծ ու գլխավոր նպատակին: Ջակոմո Բալմեսը գրում է, որ բողոքականությունը չէ, որ ծնունդ տվեց Աստվածաշնչի ազատ մեկնաբանության սկզբունքին, այլ՝ Աստվածաշնչի «ազատ մեկնաբանության սկզբունքն է, որ ծնունդ տվեց բողոքականությանը: Իրոք, այդ սկզբունքն արդեն իսկ գտնվում էր անցյալի բոլոր հերետիկոսություններում և նկատվում է որպես բոլոր սխալների աղբյուրը»: «Դա սոսկ ապստամբություն էր Եկեղեցու հեղինակության դեմ», մի հեղինակություն, որը գերազանցում է մարդուն և վերանցական, անդրանցական է. այդ ապստամբությունն է, ընդհանուր առմամբ, որ ընդունելություն գտավ և շարունակում է ընդունելություն գտնել նրանց մոտ, ովքեր ցանկանում են միակ դատավորը լինել ամեն ինչի: Ուստի բողոքականությունը, իր այս միակ սկզբունքով, որով միմյանց շաղկապվում են իր բոլոր ենթատեսակները, համապատասխանում է հենց այս հավիտենական փորձությանը, տվյալ դարաշրջանի պարագաներից անկախ. այսինքն, մարդու մշտական փորձությունը՝ ի՛նքը լինելու, միմիա՛յն ինքը, ինքն իր միակ ու լավագույն առաջնորդը:
Առանց նկատելու, որ «հազիվ թե բողոքականների ազատ մեկնաբանության սկզբունքը գրավում է Եկեղեցու հեղինակության տեղը», ջնջվում է Հայտնության իսկ արժեքը, մարդը մնում է միայնակ և «Աստվածության և մարդու վերաբերյալ բոլոր մեծ հարցականները մնում են առանց լուծման. բոլոր դժվարություններն անշարժ մնում են իրենց տեղում, իսկ մարդկային միտքը, խավարի մեջ խարխափելով, առանց գտնելու մի լույս, որն իրեն ծառայի որպես ապահով առաջնորդ, ճնշվելով հարյուրավոր հոսանքների ժխորից, որոնք շարունակ վիճաբանում են առանց ոչինչ հստակեցնելու, ի վերջո ընկնում է մի տեսակ զգայազրկության ու հուսալքվածության մեջ, ինչպիսին որ էր Քրիստոնեությունից առաջ»:
[1] Բողոքական երկրներում մինչև օրս էլ ո՛չ թե եկեղեցականները և հավատացյալները, այլ՝ պառլամենտը կամ թագավորը կամ թագուհին են որոշում ուսմունքային հարցերը ըստ իրենց քմահաճույքի, նաև և հատկապես բարոյական ոլորտում: Բողոքական համայնքների ներկայացուցիչները այդ որոշումներին, նույնիսկ եթե ցանկանան, հակառակվել չեն կարող: Հակառակվելու դեպքում, հնում ենթարկվում էին մահապատժի (օրինակ, Սբ. Թոմաս Մուրը Անգլիայում), այսօր զոհ են դառնում ամենատարբեր տեսակի անարդարությունների ու խտրականությունների, զրկվելով պետական պաշտոններից և նույնիսկ ազնվական տիտղոսներից (օրինակ, Անգլիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը հարկադրված գտնվեց Կաթողիկե Եկեղեցի իր դարձի մասին հայտարարել միայն պաշտոնի ավարտից հետո, այլապես ստիպված կլիներ կիսատ թողնել սկսած բոլոր աշխատանքները):
[2] Annalisa Terranova, La Riforma come origine della modernità, p. 60.
[3] Նույն, p. 58.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։