« ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐՍՈՐԴ ԿԼԻՆԵՍ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՅՍՈՒՀԵՏԵՎ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՐՍՈՐԴ ԿԼԻՆԵՍ »

Սբ. Հովհան Ոսկեբերան (մոտ 345-407). « Քարոզ քանանացի կնոջ մասին », 10-11.

 

[...] Չհամոզեցի իմ ունկնդրին այսօր, բայց թերևս կանեմ դա վաղը, թերևս երեք կամ չորս օրից, կամ որոշ ժամանակ անց։ Ձկնորսը, որ իր ցանցերն ապարդյուն գցել է ողջ օրը, երբեմն որսում է երեկոյան, երբ ուր որ է մեկնելու է, ձուկը, որին չէր կարողացել բռնել օրվա ընթացքում։ Գյուղացին չի դադարում մշակել իր հողը, նաև եթե լավ բերք չի ստացել մի քանի տարի շարունակ. և, վերջում, միայն մեկ տարին հաճախ առատորեն հատուցում է նախորդ բոլոր կորուստների փոխարեն։

Աստված մեզնից չի պահանջում, որ հաջողություն ունենանք, այլ՝ որ աշխատենք. և մեր աշխատանքը նվազ պարգևատրված չի լինի, եթե մեզ չլսեն։
Կա ավելին. սատանան դադարո՞ւմ է փորձել հավատացյալներից յուրաքանչյուրին, որովհետև կանխավ իսկ գիտի, որ նրանցից շատերը փրկվելու են։ Տեսնո՞ւմ ես, թե ինչպիսի՜ հոգատարությամբ, ինչպիսի՜ դժոխային հարատևությամբ, ինչպիսի՜ ատելի խնամքով հետապնդում է հոգուն մինչև նրա վերջին շունչը. մինչև այդ վայրկյանը երբեք չի հուսահատվում, և կարծում ես, որ եպիսկոպոսդ հոգիդ փրկելու համար չի՞ անելու այն, ինչը որ սատանան անում է՝ այն կործանման հասցնելու համար։

Քրիստոսը գիտեր, որ Հուդան դարձի չէր գալու, և սակայն՝ մինչև վերջ կամեցավ փորձել՝ դարձի բերել նրան, հանդիմանելով նրան՝ նրա մեղքի համար, ամենահուզիչ խոսքերը գործածելով. «Ընկեր, ինչո՞ւ ես եկել» (Մտթ 26, 50)։ Արդ, եթե Քրիստոսը՝ հովիվների բնօրինակը, մինչև վերջ աշխատեց մի անհույսի դարձի համար, ի՞նչ չպետք է անենք մենք՝ նրանց համար, որոնց վերաբերյալ մեզ տրված է հույս ունենալ։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։