« ԱՍՏՎԱԾ ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԷՐ ՊԵՏՐՈՍԻՆ ՎՍՏԱՀԵԼ ՄԻ ՎԻԹԽԱՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ » – Գրադարան – Mashtoz.org

« ԱՍՏՎԱԾ ՆՊԱՏԱԿԱԴՐՎԵԼ ԷՐ ՊԵՏՐՈՍԻՆ ՎՍՏԱՀԵԼ ՄԻ ՎԻԹԽԱՐԻ ԺՈՂՈՎՈՒՐԴ »

[...] Պետրոսը պետք է ստանար Եկեղեցու բանալիները, կամ ավելի ճիշտ է ասել՝ Երկնքի բանալիները, և պետք է իրեն վստահված տեսներ մի վիթխարի ժողովուրդ։ Արդարև, ի՞նչ է ասում նրան Տերը. ''Այն ամենը, որ կկապես երկրի վրա, կապված կլինի երկնքում, և այն ամենը, որ կարձակես երկրի վրա, արձակված կլինի երկնքում'' (Մտթ 16, 19)։ Քանի որ Պետրոսը մի քիչ կոշտ բնավորություն ուներ, եթե առանց մեղքի լիներ, ինչպիսի՞ ներում կկարողանային ստանալ իրենից աշակերտները։ Ահա՛ թե ինչո՛ւ աստվածային շնորհը թողեց, որ նա ընկներ մի քանի սխալի մեջ, որպեսզի փորձված լինելը նրան առավել լավ տրամադրված դարձներ ուրիշների հանդեպ։
Տեսնո՞ւմ ես, թե ինչպե՛ս Աստված կարող է թողնել, որ ինչ որ մեկը մեղքի մեջ ընկնի. Պետրոսը՝ Առաքյալների դասապետը, անկործանելի հիմքը, անքանդելի վեմը, Եկեղեցու առաջինը, աննվաճելի նավահանգիստը, անփլուզելի աշտարակը, այս Պետրոսը, որ Քրիստոսին ասել էր. ''Նույնիսկ եթե մեռնելու լինեմ Քո հետ, Քեզ չեմ ուրանա'' (Մտթ 26, 35), Պետրոսը, որ աստվածային հայտնությամբ դավանել էր ճշմարտությունը. ''Դու Քրիստոսն ես, կենդանի Աստծո Որդին'' (Մտթ 16, 16). [...] ։
Բայց, ինչպես ասացի, Աստված տնօրինեց այսպես և թույլ տվեց, որ Պետրոսը մեղանչի, քանի որ նպատակադրվել էր նրան վստահել մի վիթխարի ժողովուրդ, և մտածեց, որ իր կոշտությունը, անմեղանչելիությանը միացած, նրան անգութ կդարձներ եղբայրների նկատմամբ։ Մեղքի մեջ ընկավ, այնպես՝ որ սեփական սխալն ու Տիրոջ բարությունը հիշելով՝ կարողանար ուրիշների առաջ վկայություն տալ մարդասիրության շնորհին, ըստ աստվածային ծրագրի, որ Աստված հաստատել էր։ Անկումը թույլ տրվեց նրան, ում վստահվելու էր Եկեղեցին, Եկեղեցու հիմնասյունին, Հավատքի նավահանգստին, անկումը թույլատրվեց Պետրոսին, տիեզերքի վարդապետին, որպեսզի ստացված ներումը դառնար ու մնար ուրիշների հանդեպ իր սիրո հիմքը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։