« ԵՐԲ ՎԵՐ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՔ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒՆ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՄԱՆԱՔ, ՈՐ ԵՍ ԵՄ » – Գրադարան – Mashtoz.org

« ԵՐԲ ՎԵՐ ԿԲԱՐՁՐԱՑՆԵՔ ՄԱՐԴՈՒ ՈՐԴՈՒՆ, ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՄԱՆԱՔ, ՈՐ ԵՍ ԵՄ »

Սբ. Հովհան Ոսկեբերան (մոտ 345-407). « Մկրտական ուսուցումներ », 3, 16.

 

[...] Ուզո՞ւմ ես իմանալ, թե ի՞նչ զորություն է թաքնված Քրիստոսի Արյան մեջ։ Տե՛ս, թե որտեղի՛ց է այն սկսել հոսել և թե որտեղի՛ց է այն բխում. վար է հոսում Խաչից, Տիրոջ կողից։ Ասում է Ավետարանը, որ Հիսուսն, արդեն մահացած, դեռ Խաչի վրա էր, [երբ] զինվորը մոտեցավ և «գեղարդով խոցեց Նրա կողը և իսկույն այնտեղից արյուն և ջուր դուրս ելավ» (Հվհ 19, 33-34)։ Այդ Ջուրը Մկրտության խորհրդապատկերն էր, իսկ Արյունը՝ Գոհաբանական խորհուրդների(1)։ [...] Հետևաբար՝ զինվորն է, որ խոցեց Նրա կողը. անցք բացեց Սուրբ Տաճարի պատի վրա. և ես գտա գանձը և այն դարձրեցի իմ հարստությունը։ [...]

«Եվ այնտեղից արյուն և ջուր դուրս ելավ»։ Անտարբեր մի՛ անցիր խորհրդի դիմաց։ [...] Ասացի, որ այս Ջուրն ու այս Արյունը խորհրդապատկերներն էին Մկրտության և Գոհաբանական խորհուրդների։ Արդ, Եկեղեցին այս երկու խորհուրդներից է ծնվել. վերածնության ավազանով և Հոգու մեջ վերստին նորոգմամբ. Մկրտությամբ, հետևաբար, և [Գոհաբանական] խորհուրդներով։ Մկրտության և [Գոհաբանական] խորհուրդների նշանները սերում են [Քրիստոսի] կողից։ Հետևաբար, Քրիստոսը Եկեղեցին կազմավորեց Իր կողից, ինչպես որ Եվային կազմավորեց Ադամի կողից (Ծնդ 2, 22)։

Նաև Պողոսն է ասում. «Մարմնից ենք, ոսկորից» (հմմտ. Գրծ 17, 29; Ծնդ 2, 23), դրանով մատնանշելով Տիրոջ կողը։ Ինչպես որ, արդարև, Տերն Ադամի կողից միս վերցրեց՝ կնոջը կազմավորելու համար, այնպես էլ Քրիստոսը մեզ Իր կողի ջուրն ու արյունը տվեց՝ կազմավորելու համար Եկեղեցին։ Եվ ինչպես այն ժամանակ Ադամի կողից միսը վերցրեց [նրա] քնի ընթացքում, այնպես էլ այժմ արյունն ու ջուրը տվեց մեզ [Քրիստոսի] մահից հետո, [...] քանի որ մահն այլևս ա՛յլ բան չէ, եթե ո՛չ՝ ընդամենը քուն։

Տեսա՞ք, թե ինչպե՛ս է Քրիստոսը միացել Իր Հարսին։ Տեսա՞ք, թե ի՛նչ կերակուր է Նա մատուցում մեզ բոլորիս։ Այս նույն կերակուրից է, որ ծնվել ենք ու սնվել։ Ինչպես որ կինը զավակներին ծնում է իր արյունով և սնում իր կաթով, այնպես Քրիստոսն Իր Արյունով մշտապես սնում է նրանց, որոնց ծնել է։ [...]

 

(1) Այսինքն՝ Սուրբ Պատարագի և Ամենասուրբ Հաղորդության խորհրդի։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։