« ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ ԼՍԵԼՈՒ, ԹՈՂ ՈՐ ԼՍԻ » – Գրադարան – Mashtoz.org

« ՈՎ ԱԿԱՆՋ ՈՒՆԻ ԼՍԵԼՈՒ, ԹՈՂ ՈՐ ԼՍԻ »

Սբ. Հովհան Ոսկեբերան (մոտ 345-407). « Մատթեոսի Ավետարանի մեկնություն », 44 (PG 57, 467).

 

[...] Եթե սերմը չորանում է, դրա պատճառը տապը չէ։ Հիսուսը չասաց, թե սերմերը չորացան տապի պատճառով, այլ՝ որովհետև «արմատներ չունեն» (Մտթ 13, 6)։ Եթե խոսքը խեղդվում է, դրա պատճառը փշերը չեն, այլ՝ նրանք, ովքեր թողել են, որ փշերն ազատորեն աճեն։ Կամքովդ կարող ես կասեցնել դրանց աճը, կարող ես հարստությունդ պատշաճ ձևով գործածել։ Այս իսկ պատճառով, Փրկիչը խոսում է ո՛չ թե «աշխարհի» մասին, այլ՝ «աշխարհի մտահոգությունների», ո՛չ թե «հարստության» մասին, այլ՝ «հարստության խաբեության»։ Հետևաբար, չպետք է մեղքը իրողությունների վրա դնենք ինքնըստինքյան, այլ ավելի՝ մեր խղճի ապականությանն է, որ պետք է մեղադրենք։ [...]

Ինչպես կարող ես նկատել, ամեն ինչ կախում ունի ո՛չ թե մշակից, ո՛չ էլ սերմից, այլ ավելի՝ այն հողից, որն այն ընդունում է, այսինքն՝ մեր սրտի տրամադրվածությունից։ Այստեղ էլ մարդու հանդեպ Աստծո բարությունը վիթխարի է. միևնույն չափի առաքինություն պահանջելուց հեռու, Նա ընդունում է առաջիններին, չի մերժում երկրորդներին, տեղ է տալիս երրորդներին։ [...]

Հետևաբար, հարկավոր է նախ ուշադրությամբ լսել Խոսքը, ապա հավատարմորեն պահպանել այն, ապա զինվել արիությամբ, հետո արհամարհել հարստությունը և ազատվել աշխարհի բոլոր բարիքների սիրուց։ Եթե Հիսուսը Խոսքի հանդեպ ուշադրությունը դնում է առաջին տեղում և մյուս բոլոր պայմաններից առաջ, դրա պատճառն այն է, որ սա՛ անհրաժեշտ պայմանն է։ «Ինչպե՞ս կարող են հավատալ, եթե լսած չլինեն» (Հռմ 10, 14)։ Մենք էլ, եթե ուշադրություն չդարձնենք այն բանին, որ մեզ ասվում է, չենք իմանա, թե որո՛նք են պարտականությունները, որ պետք է կատարենք։ Միայն հետո են գալիս արիությունն ու աշխարհի բարիքների հանդեպ արհամարհանքը։ Համենայն դեպս, այս դասից օգուտ քաղելու համար՝ գոտեպնդվե՛նք. ուշադիր լինենք Խոսքին, թույլ տանք, որ մեր արմատներն աճեն դեպի խորքերը, և ազատվենք աշխարհի բոլոր մտատանջություններից։ [...]

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։