Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապ

Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապը (2005-2013), ով Ընդհանրական Եկեղեցու նորագույն ժամանակների ամենաականավոր և ամենաազդեցիկ աստվածաբաններից է, շարունակեց իր նախորդների ծրագիրը՝ զարգացնելու և խորացնելու ուսումնասիրությունները մարեմաբանության մեջ՝ առավել լավ ըմբռնելու համար Աստծո ծրագիրը:

«Անհրաժեշտ է ետ վերադառնալ դեպի Մարիամը, եթե ուզում ենք վերադառնալ Քրիստոսի մասին ճշմարտությանը, Եկեղեցու մասին ճշմարտությանը և մարդու մասին ճշմարտությանը», գրում է նա:

Բենեդիկտոս Տասնվեցերորդն իր 2005թ.ի «Deus Caritas Est» - «Աստված Սեր է» Կոնդակի 41-42-րդ կետերում գրում է.

«Սրբերի մեջ հստակ կերպով առանձնանում է Մարիամը` Տիրոջ Մայրը և ամբողջ սրբության հայելին: Ղուկասի Ավետարանում տեսնում ենք, որ Մարիամը սիրո գործ է անում իր զարմուհու` Եղիսաբեթի համար, և նրա հետ «մնում է մոտ երեք ամիս» (Ղկս 1, 56), որպեսզի օգնի նրան հղիության վերջին փուլում: «Իմ անձը կմեծարի Տիրոջը», ասում է Մարիամը այդ այցելության առիթով: Այս բառերով Մարիամն արտահայտում է իր կյանքի ամբողջ ծրագիրը` ո՛չ թե ինքն իրեն դնելով այդ ծրագրի կենտրոնում, այլ՝ տեղ թողնելով Աստծո համար, Ում հանդիպում ենք և՛ աղոթելիս, և՛ մերձավորին ծառայելիս. միայն այդ դեպքում է բարությունը մուտք գործում աշխարհ: Մարիամի բարությունը կայանում է այն փաստի մեջ, որ նա ուզում է փառաբանել ո՛չ թե ինքն իրեն, այլ՝ Աստծուն: Նա խոնարհ է, նրա միակ ցանկությունն է՝ լինել Տիրոջ Աղախինը: Նա գիտի, որ աշխարհի փրկությանը կնպաստի միայն այն դեպքում, երբ ո՛չ թե իրականացնի իր ծրագրերը, այլ՝ ինքն իրեն ամբողջությամբ դնի Աստծո նախաձեռնությունների տրամադրության տակ:

Մարիամը հույսի կին է. միայն այն պատճառով, որ նա հավատում է Աստծո խոստումներին և սպասում է Իսրայելի փրկությանը, հրեշտակը կարողանում է այցելել նրան և կանչել այս խոստումների համար վճռորոշ ծառայությանը: Մարիամը հավատքի կին է. ''Երանի՜ նրան, ով հավատաց [...] '' (Ղկս 1, 45), ասում է նրան Եղիսաբեթը: ''Մեծասուսցէ''ն, կարծես, նրա հոգու դիմանկարն է և ամբողջությամբ կարված է Աստվածաշնչի թելերով, Աստծո Խոսքից վերցված թելերով: Այստեղ տեսնում ենք, թե Մարիամի համար որքա՜ն հոգեհարազատ է Աստծո Խոսքը. նա դյուրությամբ է օգտվում Աստծո Խոսքից: Նա խոսում և մտածում է Աստծո Խոսքի օգնությամբ: Քանի որ Մարիամն ամբողջությամբ ներծծված է Աստծո Խոսքով, կարողանում է դառնալ մարմնացած Խոսքի Մայրը»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։