Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Հովհաննես Պողոս Երկրորդ Պապ

Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը ևս (1978-2005) իր քահանայապետական երկարատև ծառայության ընթացքում մարեմական ընդգծված ուղղվածություն ուներ: Նա առաջին անգամ պապական զինանշանի մեջ ներմուծեց Մարիամի անվան առաջին տառը՝ Խաչի տակ, որպեսզի շեշտի Կույս Մարիամի ներկայությունը Փրկչի Խաչի տակ և Նրա հատուկ դերակատարությունը Փրկագործության մեջ:

Երիտասարդ տարիներին Կառոլ Վոյթիվուան (նրա քաղաքացիական անունը) խորապես ազդվել էր Սբ. Լուի-Մարի Մոնֆորտացու գրություններից, մանավանդ նրա «Ճշմարիտ ջերմեռանդություն Մարիամի հանդեպ» գրքից: Նրա մարեմասիրության վրա ազդել է ո՛չ միայն այդ ֆրանսիացի մարեմասեր սուրբը, այլ նաև՝ լեհական ավանդական նվիրումը Տիրամոր հանդեպ, ով պատվվում է որպես «Լեհաստանի Թագուհի»:

Երբ 1981թ.ի Մայիսի 13-ին Հովհաննես Պողոս Երկրորդի հանդեպ մահափորձ կատարեցին, իր կենդանի մնալը նա վերագրեց Տիրամոր պաշտպանությանը. մահափորձը կատարվեց ճիշտ Ֆաթիմայի Տիրամոր տոնի օրը՝ Սուրբ Կույսի առաջին երևման օրը: Մեկ տարի անց Պապը ուխտագնացություն կատարեց դեպի Ֆաթիմա՝ շնորհակալություն հայտնելու Տիրամորը:

1987թ.ի «Փրկչի Մայրը» («Redemptoris Mater») Կոնդակում Հովհաննես Պողոս Երկրորդը վերստին կրկնեց Մարիամի «Մայր Եկեղեցու» տիտղոսը: Այդ Կոնդակը Եկեղեցու ժամանակակից մարեմաբանության մի ամփոփում է և ավելացնում է մի քանի նոր գաղափարներ: Հովհաննես Պողոս Երկրորդն ասում է, որ Մարիամը հստակ տեղ ունի Աստծո Փրկագործության ծրագրում.

« [...] ''Շնորհներով լի'' խոսքերը ցույց են տալիս այն գերբնական առատաձեռնությունը, որից օգտվում է Մարիամը՝ ընտրվելով և նախատեսվելով որպես Քրիստոսի Մայր: Եթե այս ընտրությունը հիմնարար է՝ մարդկության համար Աստծո փրկարար ծրագրերի իրականացման համար, և եթե Քրիստոսի մեջ հավիտենական ընտրվածությունը և որդեգրված զավակների արժանապատվությունն ընդունելու կոչումը յուրաքանչյուր մարդու համար է, այդ դեպքում Մարիամի ընտրությունն ամբողջությամբ բացառիկ և եզակի իրականություն է: Այստեղից էլ բխում է նաև Քրիստոսի Խորհրդի մեջ Մարիամի տեղի եզակիությունն ու բացառիկությունը»[1]:

2002թ.ի «Կույս Մարիամի Վարդարանը» («Rosarium Virginis Mariae») Առաքելական Հորդորում Հովհաննես Պողոս Երկրորդը շարունակում է խոսել իր մարեմականության մասին և բացատրում է, որ իր պապական նշանաբանը՝ «Totus Tuus» - «Ամբողջովին Քոնը», ներշնչված է Սբ. Լուի-Մարի Մոնֆորտացու վարդապետության համաձայն Մարիամին ամբողջությամբ նվիրվելու գաղափարից: Այս գրության մեջ Պապը հղում է անում Մոնֆորտացուն.

«Մեր ողջ կատարելությունը կայանում է Հիսուս Քրիստոսին նմանվելու, Նրան միանալու և Նրան նվիրվելու մեջ: Հետևաբար, բոլոր ջերմեռանդություններից առավել կատարյալն անկասկած այն է, որը առավել կատարյալ ձևով մեզ նմանեցնում, միավորում և նվիրագործում է Հիսուս Քրիստոսին: Արդ, քանի որ Մարիամը բոլոր արարածներից առավելապես նմանն է Հիսուս Քրիստոսին, ապա ուրեմն բոլոր ջերմեռանդություններից մարդկային հոգին ամենաշատը Քրիստոսին նվիրագործողն ու նմանեցնողը Մարիամի՝ Նրա Սուրբ Մոր հանդեպ ջերմեռանդությունն է, և որքան շատ է հոգին նվիրագործվում Մարիամին, այնքան ավելի այն կնվիրագործվի Հիսուս Քրիստոսին»:

[1] Հովհաննես Պողոս Երկրորդ, Կոնդակ Փրկչի Մայրը, 9.

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։