Ֆրանցիսկոս Պապ – Գրադարան – Mashtoz.org

Ֆրանցիսկոս Պապ

Ֆրանցիսկոս Պապը (2013-) իր քահանայապետական ծառայության առաջին Կոնդակում, որ կոչվում է «Ավետարանի Բերկրանքը» («Evangelii Gaudium»), որն իր հետագա առաքելության ծրագիրն է, Մարիամին ներկայացնում է որպես «Ավետարանացման Մայր»: Պապն իր նամակն ավարտում է Մարիամին նվիրված հատվածով՝ որպես նոր ավետարանացման պսակը: Նա գրում է.

«Սուրբ Հոգու շնորհիվ Մարիամը մշտապես ներկա է [քրիստոնյա] ժողովրդի մեջ: Նա աշակերտների հետ միասին աղոթում էր Սուրբ Հոգու գալստյան համար (Գրծ 1, 14), որը հնարավոր դարձրեց առաքելական պոռթկումը՝ Հոգեգալստյան շնորհիվ: Նա ավետարանող Եկեղեցու Մայրն է, և առանց Մարիամի՝ մենք երբեք չէինք կարողանա իսկապես հասկանալ նոր ավետարանացման ոգին»[1]:

Ֆրանցիսկոսը հիշատակում է Խաչի վրայից Հիսուսի արտասանած խոսքերը՝ ուղղված Մարիամին և Հովհաննեսին. «Ո՜վ Կին, ահա՛ քո որդին» և «Ահա՛ քո Մայրը» (Հվհ 19, 26-27): «Մեռնող Հիսուսի այս խոսքերը», գրում է Պապը, «Իր Մոր նկատմամբ Հիսուսի նվիրման և մտահոգության արտահայտությունը չեն, այլ ավելի շուտ՝ դրանք հայտնութենական մի բանաձև են, որ արտահայտում են հատուկ փրկարար առաքելության խորհուրդը: Հիսուսն Իր Մորը թողեց մեզ որպես մեր Մայրը: Միայն այդպես անելով Հիսուսը գիտեր, որ «ամեն ինչ կատարված է» (Հվհ 19, 28): Խաչի տակ՝ Նոր Արարչագործության այդ գերագույն ժամին, Քրիստոսը մեզ առաջնորդեց դեպի Մարիամը: Նա մեզ բերեց նրա մոտ, որովհետև չէր ուզում, որ մենք ճամփորդենք առանց Մոր։ [...] Մարիամն այն առաքյալն է, ով մոտ է մեզ և ընկերակցում է մեզ մեր ողջ կյանքի ընթացքում՝ իր մայրական սիրով բացելով մեր սրտերը հավատքի առաջ: Որպես ճշմարիտ Մայր, նա քայլում է մեր կողքին, նա մասնակցում է մեր պայքարներին և մշտապես պարուրում է մեզ Աստծո սիրով: Իր բազում տիտղոսներով, որոնք հաճախ կապված են իրեն նվիրված սրբավայրերի հետ, Մարիամը մասնակցում է յուրաքանչյուր ժողովրդի պատմությանը, որն ընդունել է Ավետարանը, և դարձել է նրանց պատմական ինքնության մի մասը»[2]:

Մարիամը նոր ավետարանացման աստղն է, որ առաջնորդում է ամբողջ Եկեղեցուն՝ նոր մեթոդներով տարածելու Տիրոջ Ավետարանը և Փրկության Ավետիսն աշխարհում, համոզված է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով, որ Մարիամն ինքն էլ ապրեց ծանր և դժվարին օրեր, խավարի և նույնիսկ հոգնության ժամանակներ, հետևաբար հասկանում է մեր դժվարությունները և կարող է օգնել մեզ իր մայրական բարեխոսությամբ: Պապը գրում է, որ Եկեղեցու ավետարանացման առաքելությունը նույնիսկ մարեմական «ոճ» ունի: «Ամեն անգամ, երբ նայում ենք Մարիամին, սկսում ենք նորից հավատալ սիրո և ջերմության հեղափոխական բնույթին։ [...] Նա աղոթող և Նազարեթում աշխատող կինն է, և նաև մեր Օգնության Կինն է, ով ''անհապաղ'' (Ղկս 1, 39) դուրս է գալիս իր քաղաքից՝ ծառայելու ուրիշներին: Արդարության և քնքշության, խորհրդածության և ուրիշների հանդեպ հոգատարության համադրությունն է, որ եկեղեցական համայնքին մղում է նայելու նրան որպես ավետարանացման տիպարի»[3]:

Նորին Սրբությունն իր Կոնդակն ավարտում է Մարիամին ուղղված մի հիասքանչ աղոթքով, որի մեջ գրում է.

«Ա՜ստղ նոր ավետարանացման,
Օգնի՜ր մեզ՝ լինելու ճառագող վկաները
հաղորդության, ծառայության, եռանդուն և մեծահոգի հավատքի,
արդարության և աղքատների հանդեպ սիրո,
որպեսզի Ավետարանի Բերկրանքը հասնի մինչև աշխարհի ծայրերը։ [...]
Մա՜յր Կենդանի Ավետարանի,
Աղբյո՜ւր երջանկության՝ Աստծո փոքրիկների համար,
Աղոթի՜ր մեր համար»[4]:
[1] Ֆրանցիսկոս Պապ, Կոնդակ Ավետարանի Բերկրանքը, 284.
[2] Նույն, 285-286.
[3] Նույն, 288.
[4] Նույն, 288.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։