Պիուս Իններորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Պիուս Իններորդ Պապ

Պիուս Իններորդ Պապի (1846-1878) մարեմաբանությունը մի ակնառու առաջընթաց է՝ Ընդհանրական Եկեղեցու աստվածաբանության մեջ, քանի որ այն հանգեցրեց Անարատ Հղության մասին դոգմայի հռչակմանը: 19-րդ դարում կաթոլիկ աստվածաբանության մեջ Սուրբ Կույսի Անարատ Հղության վարդապետությունը գերիշխող դիրք ուներ: Պիուս Իններորդը բազմաթիվ խնդրանքներ էր ստանում, որոնցով Եպիսկոպոսները խնդրում էին հռչակել Անարատ Հղության մասին դոգմա: 1848թ.ին նա հիմնեց մի հանձնախումբ, որը պետք է ուսումնասիրեր մարեմական նոր դոգմայի հռչակման հնարավորությունը:

1848թ.ին Պիուս Իններորդը ստիպված էր հեռանալ Հռոմից, երբ հեղափոխական մի շարժում իր տիրապետության տակ վերցրեց պապական մարզը և քաղաքը: Գաէթա քաղաքից Պիուս Իններորդը մի կոնդակ հղեց բոլոր կաթոլիկ Եպիսկոպոսներին՝ հարցնելով նոր դոգմա հռչակելու մասին նրանց կարծիքները: Եպիսկոպոսների մոտ 90 տոկոսը խնդրում էր հռչակել նոր դոգման: 1852թ.ի Մայիսի 10-ին նա կազմեց քսան աստվածաբաններից բաղկացած մի հանձնաժողով, որին հանձնարարվեց պատրաստել նոր դոգմայի հնարավոր տեքստը: 1852թ.ի Դեկտեմբերի 2-ին նա կարդինալներին խնդրեց վերջնական տեսքի բերել այդ տեքստը:

Երկարատև քննարկումներից հետո՝ միայն 1854թ.ի Դեկտեմբերի 8-ին, Պիուս Իններորդն իր «Անճառելի Աստված» (Ineffabilis Deus) կոնդակով հռչակեց Անարատ Հղության մասին դոգման, այսինքն՝ այդուհետ բոլոր կաթոլիկ հավատացյալները պարտավորվում էին որպես հավատքի աներկբա ճշմարտություն ընդունել Սուրբ Կույս Մարիամի Անարատ Հղացյալ լինելու մասին դարավոր վարդապետությունը՝ այդ կոնդակի դոգմատիկ ձևակերպմամբ: Պիուս Իններորդ Պապի օրոք տեղի ունեցած Վատիկանյան Առաջին Ժողովի ժամանակ Եպիսկոպոսները խնդրեցին «Անարատ Հղություն» տիտղոսը ավելացնել նաև «Ողջո՜ւյն քեզ, Մարիամ» աղոթքին, բայց Պապը չընդունեց: Որոշ Եպիսկոպոսներ նույնիսկ առաջարկեցին Պապին, որ Անարատ Հղության մասին հավելումներ կատարվեին Եկեղեցու Հավատքի Հանգանակի մեջ, բայց Պապը մերժեց դա՝ որպես ծայրահեղություն: Հավասարակշռված և զգույշ Պիուս Իններորդը մեծապես նպաստեց նոր դոգմայի արագ տարածմանը և Կույս Մարիամի հանդեպ ջերմեռանդության առավել զարգացմանը:

Վատիկանյան Առաջին տիեզերաժողովի ժամանակ առաջարկներ եղան նաև հռչակելու Մարիամի Վերափոխման մասին մի նոր դոգմա, բայց Ժողովական որոշ Հայրեր խիստ դեմ արտահայտվեցին այդ առաջարկին: Պիուս Իններորդը ևս դեմ էր այդ առաջարկին, որովհետև ճիշտ չէր համարում երկու տասնամյակների ընթացքում հռչակել երկու նոր դոգմա, թեև վստահ էր Մարիամի Վերափոխման ճշմարտության մեջ: Այդ Ժողովի ընթացքում վերահաստատվեցին, սակայն, Մարիամի տիտղոսներից մի քանիսը, ինչպես օրինակ՝ «Մայր բոլոր շնորհների»:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։