Լևոն Տասներեքերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Լևոն Տասներեքերորդ Պապ

Անարատ Հղության դոգմայի հռչակման հիսուներորդ տարեդարձի առթիվ Լևոն Տասներեքերորդ Պապը (1878-1903) հրապարակեց մի կոնդակ, որտեղ ընդգծում էր Մարիամի դերը մարդկության փրկագործության մեջ: Նրա մարեմաբանությունը մեծ ազդեցություն է կրել Սբ. Թովմա Աքուինացու մտքերից, մանավանդ՝ Ավետման և Մարդեղության մասին: Լևոն Տասներեքերորդի ձևակերպումը՝ «Մարիամի միջոցով՝ դեպի Քրիստոսը», դարձավ կաթոլիկ մարեմաբանության առանցքային դրույթներից մեկը: Մարեմաբանությունը նա համարում էր քրիստոսաբանության անբաժանելի մասը: Վարդարանը նա համարում էր կապը՝ այդ երկու աստվածաբանական գիտաճյուղերի միջև: Այս Պապը աննախադեպ թվով՝ 12 կոնդակ է գրել Վարդարանի մասին, հաստատել է ամենօրյա Վարդարանի աղոթքը՝ Հոկտեմբեր ամսին, 1883թ.ին հռչակելով Սուրբ Վարդարանի Թագուհու տոնը: Լևոն Տասներեքերորդի գրությունները հաճախ էին մեջբերում, ի մասնավորի, Հովհաննես Պողոս Երկրորդ և Բենեդիկտոս Տասնվեցերորդ Պապերը:

Լևոն Տասներեքերորդն աջակցում էր Մարիամի հանդեպ ջերմեռանդության տարածմանը՝ նրա երևումների վայրերում: Լուրդում Տիրամորը նվիրված սրբավայրի օրհնությունից և բացումից հետո՝ նա հատուկ գրությամբ խրախուսեց ուխտագնացությունների կատարումը դեպի Լուրդ և ա՛յլ մարեմական սրբավայրեր: Նա Մոնսերատի Կույսին հռչակեց Կատալոնիայի հովանավոր, 1894թ.ին հաստատեց Տիրամոր Հրաշագործ Մեդալի տոնը: Դատապարտում էր Անարատ Հղության վերաբերյալ հերձվածող տեսությունները: Մարիամի և Հովսեփի հարաբերության մասին հրապարակեց մի առանձին կոնդակ՝ 1889թ.ի Օգոստոսի 15-ին, որտեղ ասում է, որ Վարդարանը ճանապարհ է դեպի Աստված, որ անցնում է Մարիամի միջոցով դեպի Քրիստոսը և դեպի Հայրը: Վարդարանը կենսական միջոց է՝ մասնակցելու Մարիամի կյանքին և ճանապարհ գտնելու դեպի Քրիստոսը:

Լևոն Տասներեքերորդն առաջին Պապն էր, որ ամբողջությամբ ընդունեց Մարիամի «Միջնորդ» - «Mediatrix» տիտղոսը: Իր կոնդակներում նա գրում էր, որ Մարիամն է բոլոր շնորհների ընդունման միջնորդը: 1883թ.ին նա գրում էր, որ չկա ոչինչ ավելի փրկարար և հզոր, քան՝ Մարիամի միջնորդությունը խնդրելը: Իր «Հոկտեմբեր ամիսը» (Octobri Mense) նամակում նա գրում է, որ Մարիամը բոլոր շնորհների բաշխողն է, մի նոր փրկարար կարգի մի մասը: «Օգոստափառ Կույս Մարիամ» (Augustissimae Virginis Mariae) նամակում նա գրում է, որ Մարիամին դիմելը լավագույն միջոցն է, որ Աստված լսի աղոթքը և բաշխի Իր շնորհը:

Լևոն Տասներեքերորդն ընդգծում և զարգացնում է Սբ. Թովմա Աքուինացու այն միտքը, որ Ավետման և Մարդեղության ժամանակ Կույս Մարիամը նպաստեց փրկագործության խորհրդի կատարմանը: Այդպիսով, բոլոր քրիստոնյաները ծնվում են Մարիամի միջոցով: Հիսուսի հետ միասին, Մարիամը բոլոր քրիստոնյաներին կրեց Իր արգանդում (հոգևոր իմաստով), հետևաբար՝ բոլոր քրիստոնյաները Մարիամի զավակներն են:

Առավել քան որևէ ա՛յլ Պապ, Լևոն Տասներեքերորդը սերտորեն կապված էր Բարի Խորհրդի Տիրամոր պատկերին և այդ անունը կրող բարեպաշտ միության անդամ էր: 1893թ.ին նա հավանություն տվեց Բարի Խորհրդի Տիրամոր վզնոցին, որ կոչվում է «սկապուլյար», և այն օժտեց լիակատար ներումներ շնորհելու հնարավորություններով: 1903թ.ի Ապրիլի 22-ին Լևոն Տասներեքերորդը Լորեթյան Լիթանիայի մեջ ավելացրեց «Մայր Բարի Խորհրդոյ» աղերսանքը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։