Պիուս Տասներկուերորդ Պապ – Գրադարան – Mashtoz.org

Պիուս Տասներկուերորդ Պապ

Պիուս Տասներկուերորդին (1939-1958) սովորաբար անվանում են ամենամարեմական Պապը Ընդհանրական Եկեղեցու պատմության մեջ: Նա իր ողջ քահանայապետությունը դրել էր Մարիամի պաշտպանության ներքո: Իր 1943թ.ի «Խորհրդավոր Մարմինը» («Mystici Corporis») Կոնդակի մեջ նա խոսում է 1854թ.ին հռչակված Անարատ Հղության դոգմայի մասին: Նա բացատրում է, որ Մարիամը, ում հոգին լցվեց Հիսուս Քրիստոսի աստվածային Հոգով ավելի, քան ա՛յլ արարածներինը, «ամբողջ մարդկային ցեղի անունից» իր համաձայնությունը տվեց «Աստծո Որդու և մարդկային բնության միջև հոգևոր ամուսնության համար», այդպիսով մարդկային բնությունը բարձրացնելով զուտ նյութական իրականությունից վեր: Իր զորեղ աղոթքներով նա աղաչում էր, որ աստվածային Փրկչի Հոգին իջնի նոր հիմնված Եկեղեցու վրա՝ Հոգեգալստյան օրը: Նա Քրիստոսի բոլոր անդամների ամենասուրբ Մայրն է և Երկնքում թագավորում է իր Որդու հետ միասին և նրա մարմինն ու հոգին լուսավորված են երկնային փառքի շողերով[1]:

Պիուս Տասներկուերորդը՝ Էուջենիո Պաչելլին, Արքեպիսկոպոս է ձեռնադրվել 1917թ.ի Մայիսի 13-ին՝ Ֆաթիմայի Տիրամոր առաջին երևման օրը: Հետագայում, երբ Պաչելլին արդեն դարձել էր Պիուս Տասներկուերորդ, նրա համար մշտապես թանկ էր այդ հրաշալի զուգադիպությունը, ինչպես հիշում է նրա պետքարտուղար Կարդինալ Լուիջի Մալյոնեն: Պիուս Տասներկուերորդն ինքը այդ մասին ասել է. «Այն նույն ժամին, երբ Տերն ամբողջ Եկեղեցու հոգսը դրեց Մեր ուսերին, առաջին անգամ Ֆաթիմայի լեռան մոտ երևաց Սուրբ Վարդարանի Սպիտակազգեստ Թագուհին. Ողորմության Մայրը ուզում էր կարծես հասկացնել, որ Մեր քահանայապետության փոթորկալից ժամանակներում, մարդկային պատմության մեծ ճգնաժամի մեջտեղում, մշտապես ունենալու ենք մեծ հաղթանակող Թագուհու մայրական և մշտարթուն աջակցությունը, ով կպաշտպանի և կառաջնորդի մեզ»[2]:

Կարդինալ Թեդեսկինին, ով ներկա էր 1917թ.ի այդ ձեռնադրությանը, իր կարծիքն է ասել այդ զուգադիպության վերաբերյալ. «Պիուս Տասներկուերորդի քահանայապետությունը կենտրոնացած է Ֆաթիմայի Մայիսի 13-ի երևման վրա: Ֆաթիմայի Տիրամայրն էր, որ Էուջենիո Պաչելլիի անձն ու ապագան կապում էր իր հետ՝ Բենեդիկտոս Տասնհինգերորդ Պապի ձեռամբ նվիրագործելով նրան ամբողջական քահանայության համար, հենց այն նույն օրն ու ժամին, երբ Երանելի Կույսը առաջին անգամ հայտնվեց Ֆաթիմայում՝ իր ուղերձներով: Մայիսի 13-ը փորագրված է մեր բոլորի սրտերում, որքա՜ն ավելի՝ այս Պապի սրտում»:

1942թ.ի Մայիսի 13-ին՝ Ֆաթիմայի առաջին երևման 25-րդ տարեդարձի և Պիուս Տասներկուերորդի եպիսկոպոսական ձեռնադրության արծաթե հոբելյանի օրը, Վատիկանը հրապարակեց Ֆաթիմայի Ուղերձն ու Գաղտնիքը: 1946թ.ի Մայիսին Պիուս Տասներկուերորդը լիազորեց իր անձնական ներկայացուցչին՝ Կարդինալ Մազելլային, նախագահել Ֆաթիմայի Տիրամոր կանոնական թագադրության արարողությանը՝ Պորտուգալիայի Ֆաթիմայի սրբավայրում: «Հավատարիմ Կույսը երբեք չհիասթափեցրեց այն մարդկանց, ովքեր վստահում էին իրեն: Տիրամայրն այդ վստահությունը կվերափոխի շնորհների աղբյուրի՝ ֆիզիկական և հոգևոր շնորհների, որոնք կլցվեն ամբողջ Պորտուգալիայի վրա, և այնտեղից, կոտրելով բոլոր սահմանները, կտարածվեն ամբողջ Եկեղեցու և ամբողջ աշխարհի վրա», գրում էր Պապն իր նամակում:

Իսկ 1950թ.ի Մայիսի 18-ին նա մի ուղերձ հղեց Պորտուգալիայի ժողովրդին. «Պորտուգալիան թող որ երբեք չմոռանա Ֆաթիմայի երկնային ուղերձը, որը Պորտուգալիան առաջինը օրհնությամբ լսեց: Ֆաթիման պահել ձեր սրտերում և Ֆաթիման վերածել գործերի՝ սա լավագույն գրավականն է՝ առավել շատ շնորհների»:

1953թ.ի Սեպտեմբերի 8-ի «Մեծապայծառ Պսակ» («Fulgens Corona») վերնագրով Կոնդակով Պիուս Տասներկուերորդը դարձավ առաջին Պապը, որ 1954 թվականը հռչակեց Մարեմական Տարի, ամբողջ Ընդհանրական Եկեղեցուն հրավիրելով 1954թ.ին առավել մեծ ուշադրություն դարձնել Տիրամորը և ջանասիրությամբ գործադրել մարեմական բարեպաշտությունները: Հաջորդ Պապը, որ հռչակեց Մարեմական Տարի, եղավ Հովհաննես Պողոս Երկրորդը՝ 1987թ.ին:

1957թ.ի Հուլիսի 2-ին հրապարակված «Լուրդի ուխտագնացությունը» («Le pelerinage de Lourdes») Կոնդակում Պիուս Տասներկուերորդը գործածում է մարեմական երևումների վերաբերյալ ամենաազդեցիկ խոսքերը, որ Եկեղեցու վարդապետական իշխանությունը (magisterium) երբևէ ասել է այդ առնչությամբ: Պիուս Տասներկուերորդը հիշում է դեռևս Պապական Պատվիրակի կարգավիճակում դեպի Լուրդ 1937թ.ին իր կատարած ուխտագնացության վերաբերյալ իր հաճելի հիշողությունները: Պապը Ֆրանսիայի հավատացյալներին հիշեցնում է, որ յուրաքանչյուր քրիստոնյա երկիր պատկանում է Մարիամին, և որ «չկա մի ազգ, որ փրկագնված չլինի Քրիստոսի Արյամբ, և որ չի փառավորվում՝ Մարիամին հռչակելով իր Մայրը և Հովանավորը»[3]:

Պապը հիշատակում է մարեմական ջերմեռանդությունների պատմությունը, Լուրդի պատմությունը և գրում, որ քրիստոնյա ընտանիքները պետք է հավատարիմ մնան իրենց կենսական առաքելությանը՝ հասարակության մեջ և հոբելյանական տարվա ընթացքում նվիրվեն Մարիամի Անարատ Սրտին: Ամուսնական զույգերի համար այդ ինքնանվիրաբերումը արժեքավոր օգնություն կլինի՝ ժուժկալության և հավատարմության իրենց ամուսնական պարտականությունների մեջ և մաքուր կպահի այն միջավայրը, որտեղ մեծանում են երեխաները[4]:

«Մասնագիտական և քաղաքացիական գործերն առաջարկում են մարեմական գործողությունների լայն դաշտ: Հավաքված Սուրբ Կույսի ոտքերի մոտ և բաց լինելով նրա ուսուցումների առջև, ինքնաքննությունը արմատախիլ կանի բոլոր կեղծ դատողություններն ու եսասիրական մղումները։ [...] Քաղաքական և հասարակական խաղաղության փնտրտուքը մարդկանց մեջ նախևառաջ բարոյական խնդիր է, որովհետև ո՛չ մի բարեփոխում չի կարող պտուղ տալ, ո՛չ մի համաձայնություն չի կարող տևական լինել՝ առանց դարձի կամ սրտի մաքրագործման: Այս հոբելյանական տարում Լուրդի Կույսը բոլորին հիշեցնում է այս ճշմարտությունը»[5]:

Պիուս Տասներկուերորդը սովորեցնում է, որ Սուրբ Կույսն իր որոշ զավակներին նայում է հատուկ սիրով՝ խեղճերին, աղքատներին և տառապյալներին, որոնց Հիսուսն այնքա՜ն շատ էր սիրում: Նա գրում է.

«Գնացե՛ք նրա մոտ՝ դուք բոլորդ, որ ճնշված եք նյութական թշվառությամբ, անպաշտպան եք՝ կյանքի դժվարությունների և մարդկանց անտարբերության դիմաց: Գնացե՛ք Մարիամի մոտ, դուք, որ ճնշված եք վշտերով և բարոյական փորձություններով: Գնացե՛ք նրա մոտ, դուք՝ սիրելի հաշմվածներ և հիվանդներ, որ անկեղծորեն ընդունված և հարգված եք Լուրդում՝ որպես մեր Տիրոջ տառապյալ Մարմնի անդամներ: Գնացե՛ք Մարիամի մոտ և ձեր սրտերը կխաղաղվեն, և դուք կզորանաք՝ կատարելու ձեր ամենօրյա պարտականությունները, կստանաք ուրախություն՝ ձեր ընծայաբերած զոհաբերության համար»[6]:

Պապը գրում է, որ Անարատ Կույսը գիտի գաղտնի ճանապարհները, որոնց միջոցով աստվածային շնորհը գործում է մարդկանց հոգիների մեջ: Մարիամը նաև գիտի այն մեծ արժեքը, որն Աստված տալիս է այն տառապանքներին, որոնք միացվում են Քրիստոսի չարչարանքներին: Կոնդակն ավարտվում է Սբ. Բեռնարդոս Քլեռվոյացու խոսքերով. «Վտանգների, դժվարությունների և կասկածների մեջ մտածեցե՛ք Մարիամի մասին, խնդրեցե՛ք Մարիամի օգնությունը։ [...] Եթե հետևեք նրան, չեք շեղվի: Եթե աղաչեք նրան, չեք հուսահատվի: Եթե խորհրդածեք նրա մասին, չեք սխալվի: Եթե նա օգնի ձեզ, ապա չեք ընկնի: Եթե նա պաշտպանի ձեզ, ապա չեք վախենա: Եթե նա առաջնորդի ձեզ, ապա չեք հոգնի: Եթե նա բարեհաճ գտնվի, ապա դուք կհասնեք ձեր նպատակին»:

1942թ.ի Հոկտեմբերի 31-ին Պիուս Տասներկուերորդը ամբողջ մարդկությունը և, մասնավորապես, Ռուսաստանը նվիրաբերեց Մարիամի Անարատ Սրտին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ընթացքում տեղի էին ունենում վճռական շրջադարձեր՝ հոգուտ ֆաշիստական ուժերի: Պապը կոչ արեց բոլոր կաթոլիկ հավատացյալներին՝ աղոթել Խաղաղության Թագուհուն:

1944թ.ին Պիուս Տասներկուերորդը Ընդհանրական Եկեղեցում հաստատեց Մարիամի Անարատ Սրտի տոնը և իր քահանայապետությունն ամբողջությամբ վստահեց Սուրբ Կույսին:

1952թ.ի Հուլիսի 7-ի Առաքելական հատուկ Նամակով Պիուս Տասներկուերորդը ևս մեկ անգամ Ռուսաստանը նվիրաբերեց Երանելի Կույս Մարիամին՝ երկիրը կոմունիստական ռեժիմի տիրապետությունից ազատելու խնդրանքով:

1948թ.ի Մայիսի 1-ին հատուկ Կոնդակով Պիուս Տասներկուերորդը խնդրեց բոլոր կաթոլիկ հավատացյալներին, ընտանիքներին և թեմերին՝ նվիրվել Մարիամի Անարատ Սրտին:

 

Պիուս Տասներկուերորդի մարեմաբանությունը

Պիուս Տասներկուերորդի մարեմաբանությունն ամփոփված է նրա «Խորհրդավոր Մարմինը» («Mystici Corporis») Կոնդակում: Նա գրում է, որ Մարիամը, որի անմեղ հոգին լցվեց Հիսուս Քրիստոսի աստվածային հոգով առավել շատ, քան մյուս բոլոր արարված հոգիները, «մարդկային ողջ ցեղի անունից» իր համաձայնությունը տվեց «Աստծո Որդու և մարդկային բնության միջև հոգևոր ամուսնությանը», այդպիսով մարդկային բնությունը բարձրացնելով զուտ նյութական իրականությունից: Մարիամը, ով ըստ մարմնի Մայրն էր մեր Գլխի, դարձավ նաև Մայրը Նրա բոլոր անդամների: Իր զորավոր աղոթքների միջոցով նա բարեխոսեց, որ մեր Աստվածային Փրկչի Հոգին հեղվի նոր հիմնադրված Եկեղեցու վրա՝ Հոգեգալստյան օրը: Նա Քրիստոսի բոլոր անդամների Ամենասուրբ Մայրն է և թագավորում է Երկնքում իր Որդու հետ միասին, և նրա մարմինն ու հոգին փայլում են երկնային փառքով[7]:

 

Վերափոխման մասին դոգմայի հռչակումը

Պիուս Տասներկուերորդ Պապի մարեմական ամենամեծ գործը, թերևս, կարելի է համարել Վերափոխման մասին նոր դոգմայի հռչակումը, որ կատարվեց 1950թ.ի Նոյեմբերի 1-ին հրապարակված «Ամենաառատաձեռն Աստված» («Munificentissimus Deus») Կոնդակով: Պապը հռչակում էր հետևյալը.

«Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հեղինակությամբ, երանելի Առաքյալներ Պետրոսի և Պողոսի հեղինակությամբ և Մեր սեփական հեղինակությամբ՝ Մենք հռչակում, հայտարարում և որոշում ենք, որ աստվածային հայտնված դոգմա է այն, որ Անարատ Աստվածածինը՝ Մշտապես Կույս Մարիամը, ավարտելով իր երկրային կյանքի ընթացքը՝ մարմնով և հոգով վերափոխվեց երկնային փառքի մեջ»:

Այս դոգման հռչակելուց առաջ Պիուս Տասներկուերորդը ևս, ըստ իր նախորդի՝ Պիուս Իններորդի օրինակի, նախապես ուսումնասիրել էր բոլոր կաթոլիկ Եպիսկոպոսների կարծիքները՝ նոր դոգմայի հռչակման հնարավորության վերաբերյալ: 1946թ.ին նա հատուկ Կոնդակով («Deiparae Virginis Mariae» - «Աստվածածին Կույս Մարիամ») խնդրում էր բոլոր Եպիսկոպոսներին ուսումնասիրել այդ հնարավորությունը և ներկայացնել իրենց կարծիքները: Այդպիսով, նոր դոգմայի հռչակումը և ձևակերպումները արտահայտում էին ամբողջ Եկեղեցու դիրքորոշումը և Տիրամոր Անարատ կերպարի պատմական դարավոր ընկալումը:

Վերափոխման մասին դոգմայի հռչակումը կարելի է նկատել որպես Պիուս Տասներկուերորդի աստվածաբանության թագն ու պսակը:

 

Մարեմական նոր տոները

1944թ.ին Պիուս Տասներկուերորդը որոշում կայացրեց, որ Մարիամի Անարատ Սրտի տոնը պետք է կատարվի Օգոստոսի 22-ին՝ Վերափոխման ութօրեքի ընթացքում:

1954թ.ի Հոկտեմբերի 11-ին «Երկնքի Թագուհուն» («Ad Caeli Reginam») վերտառությամբ Կոնդակով նա հաստատեց մարեմական մի նոր տոն՝ «Մարիամ Թագուհու» տոնը:

Պապը գրում էր. «Երկինք վերափոխվելով՝ Մարիամը Հիսուս Քրսիտոսի՝ իր Աստվածային Որդու հետ է: Նա պետք է կոչվի Թագուհի ո՛չ միայն այն պատճառով, որ Հիսուս Քրիստոսի աստվածային Մայրն է, այլ նաև՝ այն պատճառով, որ Աստված կամեցել է, որ նա բացառիկ դերակատարում ունենա մեր հավիտենական փրկության մեջ»:

Լեհաստանին և կոմունիստական ազդեցության գոտում գտնվող Արևելյան Եվրոպայի երկրներին ուղղված իր նամակներում Պիուս Տասներկուերորդը վստահություն էր հայտնում առ այն, որ Երանելի Կույս Մարիամը հաղթանակելու է իր թշնամիների հանդեպ:

 

Մարեմական ուսումնասիրությունների խթանումը

Պիուս Տասներկուերորդը մեծապես աջակցում էր մարեմաբանական ուսումնասիրությունների խորացմանը՝ Հռոմում հիմնելով մի քանի ուսումնական կենտրոններ: 1950թ.ին և 1958թ.ին նա քաջալերեց, որ Եկեղեցու գիտական հաստատություններն առավել խորությամբ ուսումնասիրեն մարեմական բարեպաշտական սովորությունները: Նա աջակցում և պարգևատրում էր մարեմաբանական ուսումնասիրություններով զբաղվող անձանց, ինչպես օրինակ՝ Գաբրիելե Ռոսքինիին, Ռայմոնդո Սփիացցիին, Օտտո Ֆալերին և Սեբաստիան Թրոմփին: Ռոսքինին նշանակվեց «Մարիանում» կենտրոնի տնօրեն, Սփիացցին և Թրոմփը Պիուս Տասներկուերորդին օգնում էին գրել Կոնդակները, Ֆալերը շքանշան ստացավ իր աշխատանքի համար: Պապի հիմնած ուսումնական կենտրոններն էին.

Սալեզյան Մարեմական Ակադեմիան (Academia Mariana Salesiana) Պապական Համալսարանի մի մասն էր: Ակադեմիան աջակցում է սալեզյան ուսումնասիրություններին՝ Երանելի Կույսին Սբ. Հովհաննես Բոսքոյի ավանդության համաձայն պատվելու նպատակով:

Մոնֆորտյան Մարեմական Կենտրոնը (Centro Mariano Montfortano) նախապես գործում էր Բերգամոյում, իսկ 1950թ.ին այն տեղափոխվեց Հռոմ: Այս կենտրոնը տարածում է նույն Պիուս Տասներկուերորդի կողմից սրբադասված Լուի-Մարի Մոնֆորտացու ուսմունքը: Կենտրոնը հրատարակում է «Մայր և Թագուհի» - «Madre e Regina» ամսագիրը, որը տարածում է Մոնֆորտացու մարեմաբանությունը:

Մարիանումը (Marianum) հիմնադրվեց 1950թ.ին և վստահվեց Մարիամի Ծառաների Միաբանությանը: Այն իրավասու է մարեմաբանական ուսումնասիրությունների համար գիտնականներին շնորհելու ակադեմիական բոլոր գիտական աստիճանները՝ ներառյալ աստվածաբանության դոկտորի աստիճանը: 1976թ.ից ի վեր Մարիանումը յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպում է միջազգային խորհրդաժողովներ՝ գտնելու համար ժամանակակից գիտական ձևակերպումներ՝ առավել բացահայտելու համար Մարիամի խորհուրդը:

Մարեմական Ազգային Ցանցը (Collegamento Mariano Nazionale) հիմնվել է 1958թ.ին: Դա Պիուս Տասներկուերորդի վերջին նախաձեռնությունն էր: Ցանցը համակարգում է մարեմական հովվական ձեռնարկներն Իտալիայում, կազմակերպում է Սուրբ Կույսին նվիրված ուխտագնացություններ և հոգևոր կրթություններ՝ քահանաների համար, ինչպես նաև երիտասարդական հավաքներ՝ մարեմական թեմաներով, հրատարակում է «Madonna» - «Տիրուհի» ամսագիրը:

Այս չորս հաստատություններից ամենաակտիվը «Մարիանումն» է, որի հիմնադիրը եղել է Հայր Գաբրիելե Մարիա Ռոսքինին (1900-1977թթ.) Պիուս Տասներկուերորդի հովանավորությամբ: Ֆակուլտետը տրամադրում է մարեմաբանության մասնագիտական կրթություն՝ մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճաններով: Այս հաստատությունն ունի մարեմաբանության վերաբերյալ ավելի քան 85.000 կտոր գրականություն, ինչպես նաև՝ մի քանի պարբերականներ, ամսագրեր, որոնցից ամենահայտնին «Marianum»ն է, հիմնված դեռևս 1939թ.ին Հայր Ռոսքինիի կողմից:

[1] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Քրիստոսի խորհրդավոր մարմինը, 110.
[2] Johannes M. Höcht, Papst Pius XII und Fatima, Wien 1956, p. 58.
[3] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Լուրդի ուխտագնացությունը, 5.
[4] Նույն, 54.
[5] Նույն, 54.
[6] Նույն, 57.
[7] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Քրիստոսի խորհրդավոր Մարմինը, 110.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։