21) Հայր Վահան Հովհաննեսյան (1884-1977) – Գրադարան – Mashtoz.org

21) Հայր Վահան Հովհաննեսյան (1884-1977)

Ծնվել է Ջավախքի Նոր Շեն գյուղում (այժմ Ծղալթբիլա), 1908-1913 թվականներին ուսանել է Վենետիկի Մխիթարյան վանքում և դարձել Միաբանության անդամ: Եղել է հանրահայտ գրող, մանկավարժ, հոգևոր գործիչ:

1924-1926 թվականներին դասավանդել է Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, հետագայում եղել է նույն վարժարանի տնօրենը (1930-1931), ավելի ուշ՝ տեսուչ (1957-1960), 1929-1930 թվականներին խմբագրել է «Բազմավէպ» ամսագիրը: 1931-1937 թվականներին եղել է ուսուցիչ Փարիզի Սամուել-Մուրադյան վարժարանում: 1937-1941 թվականներին ղեկավարել է Ադիս Աբեբայի (Եթովպիա) Գևորգյան հայկական վարժարանի աշխատանքները:

Իտալա-եթովպական պատերազմի ժամանակ անգլիացիների կողմից գերվել է Քենիայում (1941-1947): 1947 թվականին Վենետիկում հիմնադրել է «Մխիթարեան ընտանիք» ամսագիրը, որի խմբագիրն է եղել որոշ ընդհատումներով (սույն ամսագիրը հրատարակվել է մինչև 1987 թվականը՝«Հայ Ընտանիք» անվամբ): 1948-1956 թվականներին եղել է Հալեպի Մխիթարյան վարժարանի տնօրենը: Բազմիցս այցելել է Խորհրդային Հայաստան: Հրատարակել է «Հայրենի կրակարան» (1930), «Սրտերու երգը. Վանքի ծաղիկներ» (1939), «Մարեմական» (1954), «Հայրենի հող» (1962), «Մաշտոցական» (1963), «Հոգիներու հանգրուան» (1970) և ա՛յլ բանաստեղծական ժողովածուներ: Գրել է նաև վեպեր («Անիէն քար մը բեր» (1971), «Արգինայի զանգակները» (1971), «Լեռներու երգը» (1971), և այլն): Սփյուռքահայ դպրոցների համար կազմել է «Պատմութիւն Հայոց» բազմահատոր դասագիրքը: Հեղինակել է «Տաւրոսի առիւծը» (1960), «Դէպի Աւարայր» (1962), «Շուշան Վարդենի» դրամատիկական գործերը: Նրա բանաստեղծությունների մի ստվար հատոր տպագրվել է իտալերեն: Հայր Վահան Հովհաննեսյանի գրական վաստակն ընդգրկում է 11 հատոր բանաստեղծություն, 10 հատոր պատմվածքներ, 3 թատերական երկեր, 5 հատոր թարգմանություն, 6 հատոր ազգային պատմություն և բանասիրական, գրական, գեղարվեստական, գրաքննադատական հոդվածներ, արձակ էջեր և այլն:

1965 թվականին ընտրվել է Վենետիկի Ակադեմիայի իսկական անդամ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։