Հովնան վարդապետի հետ ուղևորվում է դեպի Հալեպ – Գրադարան – Mashtoz.org

Հովնան վարդապետի հետ ուղևորվում է դեպի Հալեպ

Այս անգամ Սուրբ Նշան վանքում նա քիչ ժամանակ մնաց, որովհետև ժողովարարության համար Սեբաստիա եկած Սահակ անունով կեսարացի մի փառասեր վարդապետ, համոզիչ լեզվով քաղաքացիների սիրտը շահելով, բռնությամբ հեռացրեց խոնարհ և բարեսիրտ Առաջնորդ Անանիա եպիսկոպոսին, և հակառակ վանքի միաբանների կամքի՝ ինքը գրավեց նրա տեղը: Կատարվածի պատճառով վանքում շփոթություն տիրեց, ամեն բան տակնուվրա եղավ և այլևս աղոթքի ու ուսման պարապելու ժամանակ չմնաց: Մխիթարն այդ ամենը տեսնելով՝ վերջնականապես վճռեց Արևմուտք գնալ և մտածեց, որ հասել էր իր այդ մտադրությունը գործադրելու ժամանակը: Տարիքն առաջ էր գնացել, արդեն գրեթե տասնիննամյա պատանի էր: Բոլոր արգելքներն ու դժվարությունները հարթվել էին: Մտքում դարձյալ պատկերվեց Հռոմ քաղաքը, որն իր երազների միակ առարկան էր դարձել:

Երբ այդ մտքերի մեջ էր, Սուրբ Նշան որպես հյուր եկավ Հովնան անունով եվդոկիացի քսանվեց տարեկան մի նորընծա վարդապետ, բարեմիտ և հեզահամբույր բնավորությամբ, Կայծակ կոչված Գալուստ եպիսկոպոսի աշակերտներից: Մի գիշեր բնակվեց վանքում, ուր գտնվում էր նաև Մխիթարը: Իսկույն մտերմացան և սրտանց համակրանք զգացին միմյանց նկատմամբ, առանց նախապես իրար ճանաչելու: Մխիթարի հետ ունեցած առաջին իսկ զրույցը բավական եղավ վարդապետին հասկանալու համար, թե ինչպիսի ուշիմ միտք, ազնվական սիրտ և մաքուր վարք ունի և կարող է իրեն ընկեր ու օգնական լինել: Հորդորեց նրան, որ իրենց ուսումն ու եկեղեցական ասպարեզը կատարելագործելու համար միասին գնան Երուսաղեմ: Մխիթարը չմերժեց նրա առաջարկը և հանձն առավ ուղեկցել նրան գոնե մինչև Հալեպ, հուսալով ճանապարհին համոզել, որ Երուսաղեմ գնալու փոխարեն՝ իրենց ընթացքն ուղղեին դեպի Հռոմ, ուր միասին ուսանելով եկեղեցական գիտությունները, որոնց ծարավը երկուսն էլ ունեին, հետո հայրենիք վերադառնային՝ լուսավորելու Ազգը:

1695 թվականի Մարտի սկզբին, Սեբաստիայից ճանապարհ ընկավ Հալեպ գնացող կարավանը: Ուղևորների մեջ էին նաև Հովնան վարդապետն ու Մխիթար սարկավագը, որոնք ճանապարհին զրուցում էին այդ ժամանակ Ազգին հուզող կրոնական խնդիրների մասին: Խոսողը Մխիթարն էր, իսկ վարդապետը լսում էր: Ո՛չ ձյունապատ սարերն ու սաստկավեժ գետերը, ո՛չ ձորերն ու դաշտերը, որոնց մոտից կամ միջից անցնում էին, չկարողացան գրավել այդ երկուսի ուշադրությունը և փոխել նրանց խոսակցության նյութը: Ճանապարհի կեսին, դեռ Մալաթիա չհասած, հանդիպեցին մի լայն ու սրընթաց գետի, նախկին Մելասին, որն այժմ Գարասու է կոչվում: Սա գարնան եղանակին սովորականից ավելի հորդացած էր ու կատաղի: Կամուրջ չգտնելով, ստիպված էին գրաստով կամ լողալով անցնել, իսկ դա նշանակում էր մեծ նեղություն կրել և վտանգել կյանքը: Այստեղ էլ երևաց Մխիթարի անձնվիրությունը, որ շատ առիթներով էր արդեն ցույց տվել: Իր ուժեղ գրաստը Հովնան վարդապետին տվեց, որով սա հաջողությամբ անցավ գետի մյուս կողմը, իսկ ինքը նրա տկար գրաստն առավ, որը գետի սաստիկ հոսանքին չդիմանալով, դեռ մեջտեղը չհասած՝ ցած գլորեց Մխիթարին, որը լողալով կարողացավ ետ դառնալ և ցամաք ելնել: Ճանապարհորդներից մեկն իր զորավոր ձիու վրա վերցրեց և անվտանգ գետի մյուս ափն անցկացրեց նրան: Այդպես, թեև կյանքն ազատեց, բայց թանկագին մի բան՝ իր գրառումների ծրարը կորցրեց, որն այնքա՜ն տարիների ու երկար տքնությունների արդյունքն էր: Գրեթե երեք ժամ, մինչև Մալաթիա հասնելը, ստիպված թաց զգեստների մեջ մնաց, փոխելու հնար չունենալով: Մալաթիայից ճանապարհը շարունակեցին գրեթե առանց կանգ առնելու և Մարտի վերջավորության հասան Հալեպ:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։