Երկու ճգնավոր եղբայրները և հոգետես կույսեր Մանասեն ու Մարիամը – Գրադարան – Mashtoz.org

Երկու ճգնավոր եղբայրները և հոգետես կույսեր Մանասեն ու Մարիամը

Հողդար թաղում բնակվում էին երկու կույսեր, որոնք արյունակցական կապով ևս միմյանց քույր էին: Մեծի անունն էր Մանասե, իսկ փոքրինը՝ Մարիամ: Նրանց հայրը մահացել էր, իսկ երկու եղբայրները ճգնավոր վանականներ էին Լիմ անապատում: Երկու քույրերն իրենց այրի մոր հետ առանձնացած, ապրում էին իրենց տանը: Նրանք իրենց օրերն անց էին կացնում աղոթքով, ճգնությամբ ու ձեռագործ աշխատանքներով, կամենալով նմանվել անապատում ճգնող իրենց եղբայրների կուսակրոն վիճակին[1]:

Նույն այդ տարիներին, երբ Մխիթարը հանձնվեց քույրերի խնամքին, այսինքն՝ 1680-1682 թվականներին, Սեբաստիա եկան երկու ճգնավոր եղբայրներ. Հովհաննեսն ու Ալեքսիանոսը: Նրանք իրենց անվանակից Սրբերին նմանվելով, իրենց խստակրոն կենցաղավարությամբ զարմացրել էին Լիմ անապատի աբեղաներին: Երկար տարիներ անապատի և քարանձավների լռության մեջ ապրելուց հետո, նրանք ստիպված էին եղել թողնելու իրենց սիրելի մենակեցությունն Աստծո հետ և մտնել աշխարհի աղմկալի կյանքի մեջ, զիջելով իրենց ծեր մոր թախանձանքներին, որն աշխարհում մնացել էր մենակ և հետին չքավորության մեջ: Չկամենալով, սակայն, իրենց բնիկ քաղաքը վերադառնալ, եկան Սեբաստիա և առանձին տուն վարձելով՝ սկսեցին զբաղվել իրենց ձեռագործ արհեստով. կտավագործ լինելով, նրանք աշխատում ու հոգում էին իրենց առօրյա կարիքները: Տունն, ուր բնակվում էին, հոգեկենցաղ վանքի վերածեցին, աղոթքներով ու ծոմապահությամբ շարունակելով իրենց խստականոն ճգնությունները: Սկզբում մի անթափանց լռություն էր տիրում նրանց շուրջը. ոչ ոք չգիտեր, թե ովքեր էին և ինչու էին եկել: Բայց լույսը ծածկված չի մնում. հակառակ անծանոթ մնալու նրանց բոլոր ջանքերին, ամեն կողմ տարածվեց նրանց սրբության համբավը: Այնուհետև նրանց տունն ուխտատեղի դարձավ: Տան առջև ամեն օր խռնվում էր ցավագարների, թշվառների և մանավանդ բարեպաշտների մի հոծ բազմություն, որոնցից շատերն իրենց տներն էին վերադառնում հոգու կամ մարմնի ցավերին դարման գտած: Նրանց օրինակից ու խոսքերից ամենաշատը շահեցին երկու քույրերը՝ Մանասեն և Մարիամը, որոնք լսելով, որ ճգնավորները Լիմ անապատից են եկել, գնացին նրանց տուն, որպեսզի տեղեկություն ստանային իրենց եղբայրներից: Դա առիթ եղավ, որ ճգնավորները նրանց հետ խոսեն կրոնավորական կյանքի գերազանցության, նրա հոգևոր մխիթարությունների և աշխարհային կյանքի ունայնությունների ու գայթակղությունների մասին: Այդ զրույցներն անարդյունք չմնացին. երկնային մի կրակ վառեցին երկու քույրերի սրտում, որոնք աշխարհիտգեղություններից խորշելով, իրենց կամքի կարողության համար հաղթահարելի տեսան ամեն նեղություն ու դժվարություն և ցանկացան օր առաջ իրենց կյանքն անմնացորդ նվիրել Աստծուն: Ավագ քույրը՝ Մանասեն, նշանված լինելով, մեծ դժվարության առաջ էր կանգնած. երկմտում էր ու տատանվում, չկարողանալով վերջնական վճիռ կայացնել: Ճարահատ նա իր սիրտը բացեց ճգնավոր եղբայրներին, որոնք բազում օրինակներով և Աստվածաշնչի խոսքերով ջանացին փարատել նրա տարակույսները, բայց իզուր: Աստվածային միջամտության, հրաշքի անհրաժեշտություն էր զգացվում: Ճգնավոր եղբայրներից ավագը վառած մի լապտեր ուզեց. նա մի կողմից մատը պահել էր վառվող բոցի վրա, մյուս կողմից խոսում էր Մանասեի հետ, հորդորելով հույսն Աստծո վրա դնել և սրբության ճանապարհով արիաբար առաջ ընթանալ: Այդպես կես ժամ նրա մատը մնաց բոցի վրա, առանց այրվելու ու առանց ցավ զգալու, նույնիսկ առանց մրոտվելու: Ականատեսներն ապշեցին, իսկ Մանասեի տարակույսներն իսկույն փարատվեցին: Կատարված հրաշքի լուրն անմիջապես տարածվեց և խանդավառ ժողովրդի հոսքն ավելացավ: Նրանց աչքին ճգնավոր եղբայրներն հրեշտականման էին երևում: Երբ եղբայրները ժամերգության մասնակցելու համար գնում էին եկեղեցի, միշտ հոծ բազմություն էր հավաքվում եկեղեցու գավթում, նրանց տեսնելու և նրանցից օրհնություն ստանալու համար: Ժողովրդի այդ անկեղծ սերն ու հարգանքը խիստ զայրացրեցին քաղաքի Առաջնորդին և նրա նախանձը շարժեցին: Այդ ժամանակ Սեբաստիայի հոգևոր Առաջնորդն էր Մելքիսեթ կամ Մելքիսեդեկ Երրորդը, որ նշանավոր էր իր պերճախոսությամբ: Հանձինս ճգնավոր եղբայրների միայն կեղծավորներ ու խաբեբաներ տեսնելով, ցանկացավ նրանց տապալել այն պատվանդանից, ուր ժողովրդի սերն ու համարումն էր նրանց բարձրացրել: Բայց մի այնպիսի հանդուգն քայլ կատարեց, որ եղբայրներն ավելի բարձրացան, իսկ ինքը ժողովրդի առջև կորցրեց իր վարկը: Մի օր, երեկոյան ժամերգությունից հետո նստելով բեմի վրա, իր մոտ կանչեց երկու եղբայրներին ու հրամայեց, որ իր առաջ ծնկի գան: Ապա, հին ճգնավորներից մի քանիսի թյուր ընթացքը հիշեցնելով, կծու խոսքերով հանդիմանեց նրանց, խաբեբա ու կեղծավոր անվանեց և անարգելով հեռացրեց իր առջևից: Ճգնավորները խոնարհաբար համբուրեցին Առաջնորդի քղանցքը և գնացին իրենց տեղը: Ոչ ոք երբեք որևէ գանգատ չլսեց նրանց բերանից: Նրանք երբեք չնվազեցրին իրենց սերն ու հարգանքը Առաջնորդի նկատմամբ: Ժողովուրդը հազիվ զսպեց իր զայրույթը, տեղի սրբությունից ակնածելով, բայց այդ օրվանից իրենց սերն ու հարգանքը ավելացան ճգնավոր եղբայրների հանդեպ, որոնց համար ճշմարիտ առաքինության փորձաքար եղավ այդ դեպքը: Առաջնորդի անխոհեմ վարմունքը ցասումով լցրեց ժողովրդի սիրտը և առիթ տվեց բողոքների ու տրտունջների: Իսկ երկու եղբայրներն անընդհատ պահքով և խիստ ճգնությամբ ճնշելով իրենց մարմինները, բոլոր հարկավոր պատրաստությունները տեսնելուց և Սուրբ Խորհուրդներն ընդունելուց հետո, 1685 թվականին երանելի մահով ավարտեցին իրենց կյանքը, իրարից մի քանի ամիս տարբերությամբ: Բազմախուռն ժողովրդի արցունքները նրանց լավագույն դամբանականը եղան: Այս նոր «կամավոր աղքատներ»ը, Հովհաննեսն ու Ալեքսիանոսը, ա՛յլ բան չթողեցին իրենց ծանոթներին, քան իրենց առաքինության օրինակները և ամեն օր Սուրբ Վարդարանի հրեշտակային ողջույններով աղոթելու գեղեցիկ սովորությունը, որն առաջին անգամ իրենք են մուծել Սեբաստիա, ինչպես հաստատում է Մխիթար Աբբահոր առաջին կենսագիր Հ. Մատթեոս Վրդ. Եվդոկիացին, իսկ հետո Սեբաստիայից տարածվել է ուրիշ քաղաքներում ևս:

Նրանց պակասն ամենաշատը զգացին երկու քույրերը, որոնք այլևս չերկմտեցին նրանց հետքերով գնալու որոշման մեջ, քանի որ արդեն համոզվել էին, որ դա է երկինք գնալու ապահովագույն ճանապարհը: Կրտսեր քույրը՝ Մարիամը, որն որևէ արգելք կամ կապվածություն չուներ, վրայից հանեց աշխարհիկ զգեստները և մազեղեն սև զգեստ հագնելով՝ իրեն փակեց սենյակի առանձնության մեջ: Իսկ ավագ քույրը, քանի որ նշանված էր, իր առջև դժվարություններ ուներ և գործին չվնասելու համար զգուշանում էր անխոհեմ քայլ կատարելուց: Բայց նրա հաստատուն կամքի ու արիության առաջ տեղի տվեցին փեսայի կողմից ձեռնարկված բոլոր հնարքները. սա իր հարսնացուի միտքը փոխելու համար դիմել էր անգամ քաղաքային ատյաններին: Իր աղջիկների հաջողությունից ոգևորված, մայրն էլ հետևեց նրանց օրինակին. իրենց տունն այդպիսով մի կուսանոց դարձրեցին, հրաժարվելով աշխարհի բոլոր զվարճություններից ու վայելքներից, իրենց աղոթքների, հոգևոր ընթերցումների, լռության, ճգնության, պահքի ու հսկումների նվիրեցին: Նրանց դուռը մշտապես փակ էր բոլորի համար, միայն երկու հոգու առաջ էր բացվում. մեկը Տեր Հարություն քահանան էր, նրանց խոստովանահայրը, իսկ մյուսը՝ մի փոքրիկ աշխույժ տղա, Մխիթարը, որն իր հետ կյանք ու զվարթություն բերելով՝ գալիս էր Ավետարան կամ ուրիշ հոգևոր գրքեր կարդալու: Նա այնպիսի վարժ, ազդու առոգանությամբ էր կարդում գրվածքները, որ կարող էր օրինակ լինել բազմաթիվ վարդապետների համար:

«Հոգետես կույսեր». ժողովուրդն այս անունը տվեց նրանց այն օրից, երբ նրանք աշխարհից հրաժարվելով՝ իրենց կյանքն անմնացորդ ընծայեցին Աստծուն: Նրանք իրենց տնից դուրս էին գալիս միայն եկեղեցի գնալու համար, ուր ամեն կիրակի կամ տոն օրերին ընդունում էին Սուրբ Խորհուրդները: Բայց չկարողացան երկար ժամանակ վայելել իրենց այդ լուռ առանձնությունը. մի անգամ, տան առաջ խմբված բարեպաշտ ժողովուրդը խանդավառության պահին կոտրեց տան դռները և ներս խուժեց, կամենալով հանդիսատես լինել նրանց առաքինի կենցաղին ու ճգնությանը: Թեպետ խափանեցին նրանց առանձնությունն ու լռությունը, բայց շատերը նրանց օրինակով իրենց սրտերը վառեցին հոգևոր կրակով: Նրանք երևում է, թե ունեին երկնային տեսիլքների կամ հայտնությունների հոգևոր պարգևը, ինչպես վկայում են ժամանակակից և ականատես գրողները, և հաստատում է ժողովուրդը՝նրանց տրված «հոգետես» անվամբ: Այդ մասին են վկայում նաև հետևյալ տեսիլքները, որոնք այստեղ հիշատակում ենք, որովհետև առնչություն ունեցան Մխիթարի կյանքի պատմության հետ:

Պատմվում է, որ մի գիշեր, երբ քույրերն ըստ իրենց սովորության աղոթում էին, հանկարծ թմրություն է իջել նրանց վրա և նրանք տեսիլք են տեսել. լուսազգեստ մի մարդ երևացել է նրանց ու ասել. «Այսօր Հռոմում առ Աստված փոխվեց մի մեծ սուրբ: Ով այսօր աղոթի, նա մեծամեծ շնորհներ կընդունի»: Ապա սթափվելով՝ իրար պատմել են իրենց տեսածը և պարզվել է, որ երկուսն էլ միևնույն տեսիլքն են տեսել: Միայն թե չեն իմացել, թե ի՛նչ քաղաք է Հռոմը և թե ո՛ւր է այն գտնվում, քանի որ այդ ժամանակ այդ կողմերում Հռոմը ճանաչում էին Պետրոս-Պողոս անունով: Խնդիրը լուծել են որոշ վաճառականներ, որոնք լսելով տեսիլքի պատմությունը, փարատել են նրանց տարակույսը: Քսանիննը տարի անց, երբ Մխիթար Աբբան Իտալիա հասավ և 1718 թվականին մի կարևոր գործի համար Հռոմ գնաց, հիշելով քույրերի այդ տեսիլքը, որն իր մտքի վրա խորը տպավորություն էր թողել մանուկ հասակում, քննեց և ճշտեց, որ ճիշտ այդ տարում, 1689ին, տեսիլքի նույն օրերին վախճանվել էր Իննովկենտիոս Տասնմեկերորդ Սրբազան Քահանայապետը, որի սուրբ վարքի և երանելի մահվան ականատեսներից շատերը դեռ ողջ էին:

[1] Սեբաստացի հայերի տեղական ավանդությամբ միայն գիտենք, որ Մխիթար Աբբահոր կենսագրության մեջ հիշվող երկու քույրերը բրգնիքցի Արևյան ընտանիքից էին, ժողովուրդը նրանց «հոգետես կույսեր» էր անվանում: Այդ նույն ավանդության համաձայն, նրանց անուններն էին Մարգարիտ և Թերեզիա: Արևյան գերդաստանը Բագրատուն գյուղից գաղթել էր Բրգնիք: Քույրերի անունների տարբերությունը թերևս բացատրվում է նրանով, որ մկրտության ժամանակ նրանց տրված անուններն էին Մանասե և Մարիամ, իսկ երբ որոշել էին ամբողջովին Աստծուն նվիրվել և կուսակրոնությամբ ապրել, սովորության համաձայն փոխել էին նաև անունները և դարձել էին Մարգարիտ և Թերեզիա:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։