Մխիթարը նախ թաքնվում է մի բարեկամի տանը, ապա փախչում է Զմյուռնիա – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարը նախ թաքնվում է մի բարեկամի տանը, ապա փախչում է Զմյուռնիա

Ֆրանսիացու տանը մի քանի օր վարձով մնալուց հետո, Մխիթարը գնաց իր ծանոթ մի հավատարիմ հայի տանը թաքնվեց, ուր ցերեկները հաճախ ամեն տեսակ մարդիկ ելումուտ էին անում: Ուստի ստիպված տասնհինգ օր իր աշակերտների հետ թաքնված մնաց ձեղնահարկում. անձայն, անշշուկ, քանի որ փոքրիկ մի անզգուշություն, մի ոտնաձայն կամ մի հազ կարող էր իրենց իրական վտանգի մեջ գցել: Տագնապի այդ օրերին մի հարմար առիթ գտավ և իր մոտ մնացած աշակերտներից ոմանց էլ ուղարկեց Մոռեա: Իր մոտ մնացին միայն երեք հոգի: Մխիթարն ու իր երեք աշակերտները սաստիկ ահուդողի մեջ անցկացրեցին այդ տասնհինգ օրը, քանի որ քաղաքում իմացվել էր իր անհայտանալը և մեծ գումար էր խոստացվել նրան, ով իրեն կգտներ ու կձերբակալեր: Ուստի ամեն տեղ մտնում ու ելնում էին մատնիչներն ու լրտեսները: Տարակույս չկա, որ Միաբանությանը և նրա հիմնադրին անփոխարինելի մի բարիք արեց այդ հայ մարդը, որի անունը ցավոք անծանոթ մնաց. նա անձամբ էր ծառայում իր հյուրերին, խնամք տանում ու սպասավորում, իր տան ծառաներին անգամ չվստահելով այնպիսի կյանքեր, որոնց վրա գուրգուրում էր իր կյանքի չափ: Մխիթարը, նեղ ու մթին ձեղնահարկում փակված լինելով հանդերձ, տեղեկանում էր քաղաքում կատարվող անցուդարձերին և գաղտնի նամակագրության մեջ էր իր մտերիմների հետ, շնորհիվ իր հավատարիմ ասպնջականի: Լսելով, որ Զմյուռնիա գնացող պատրաստ մի նավ կար, աճապարեց այլափոխվել և վաճառականի կերպարանքով ու տարազով, գիշեր ժամանակ նավ մտավ իր երեք աշակերտների հետ, որոնք նույնպես կերպարանափոխվել էին. Հայր Մանուելը նույնպես վաճառականի զգեստներ էր հագել, իբրև Մխիթարի ընկերը. իրենց սենեկապետն էր եղել Միքայել անունով Սեբաստացի նորեկ պատանին, որին ընդունել էր որպես աշակերտ. իսկ Եվդոկիացի Հովհաննես սարկավագն իրենց հետ ճանապարհորդում էր իբրև իրենց խոհարարը: 1702 թվականի Սեպտեմբերին Մխիթարը Պոլսից մեկնեց դեպի Զմյուռնիա, իր և աշակերտների ամբողջ ծախսի ու կարիքների համար մոտն ունենալով ընդամենը 400 դահեկան: Գնում էր հեռու մի աշխարհ, օտարների մեջ վանք շինելու և իր նորահայտ Միաբանությունը հաստատելու, առանց մարդկային օգնության կամ հաջողության որևէ մի հույս ունենալու: Նա նման դեպքերում, որքան որ մտահոգվում էր, նույնքան էլ անկասկած էր մնում ապագայի նկատմամբ, մեծահավատ և քաջահույս, Նախախնամության ձեռքը հանձնելով իրեն և իրեններին:

Նավն արագորեն կտրում էր Մարմարայի ալիքները, որոնք իրենց մեղմությամբ՝ հաջող նավարկություն էին խոստանում մինչև Զմյուռնիա: Եվ իրոք, բարեշունչ քամու օգնությամբ, մի քանի օրվա ընթացքում հասան Զմյուռնիա, ուր նավից ելնելով և քաղաք գնալով, որպես վաճառականներ՝ մի պանդոկում մնացին մի քանի օր: Մխիթարը, որ հոգևորից բացի ուրիշ բանի մասին խոսելու սովոր չէր, ինքն իրեն չմատնելու համար այդ օրերին ստիպված էր լինում բերանը փակ պահել. իր ո՛վ լինելը հայտնեց միայն մի քանի հավատարիմ անձանց, որոնք իրեն տեսության էին գալիս: Այդ օրերին Մոռեա գնացող նավ չլինելու պատճառով գրեթե երեք շաբաթ ստիպված այնտեղ մնացին: Մի օր բարեկամ հայերից մեկը նրան տեղեկացրեց, թե Պոլսից հասել և ատյանում կարդացվել է արքունի մի հրովարտակ, որի մեջ ասվում է, թե ֆռանկացած մի հայ վարդապետ Պոլսից փախել և Զմյուռնիա է եկել, ուստի պետք է փնտրվի և գտնվելու դեպքում անմիջապես Պոլիս ուղարկվի: Այդ լուրը լսելով, Մխիթարը շտապեց ապաստանել Հիսուսյանների վանքում, ուր մեծ սիրով ընդունվեց, և այդպես կարողացավ ազատվել փնտրողների ձեռքից:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։