Մխիթարի Ծնունդը – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի Ծնունդը

Այդ բարձունքների վրա, այդ ողբերի ու ավերակների քաղաքում, 1676 թվականի Փետրվարի 7ին ծնվեց Մխիթարը: Նրա հայրական տունը գտնվում էր Հողդար թաղում, կամ ավելի ճիշտը՝ արվարձանում, քանի որ այդ թաղամասն այնժամ փոքր-ինչ զատված էր քաղաքից: Հոր անունը Պետրոս էր, իսկ մոր անունը՝ Շահրիստան: Հայրն արհեստով փերեզակ էր, այսինքն՝ քաղաքից քաղաք ապրանք տանող վաճառական: Միջակ կարողության տեր ընտանիք էր, բարեպաշտ, ինչպես երևում է իրենց զավակներին տված դաստիարակությունից[1]: Նահապետական մի տուն, ուր միասին ապրում էին երեք եղբայր, երեքն էլ արհեստով վաճառական: Մկրտության ժամանակ տղան մեծ հոր, այսինքն՝ պապի անունով կոչվեց Մանուկ, իսկ հետո, երբ կրոնավոր դարձավ և սարկավագ ձեռնադրվեց, հոգևոր անվանափոխությամբ Մխիթար կոչվեց:

[1] Մխիթար Աբբահոր նամակներից եզրակացնում ենք, որ նա ուներ մի քույր, որն իրենից երեք տարի մեծ էր, և մի եղբայր: Միայն քրոջ անունն է, սակայն, մեզ հայտնի. Հռիփսիմե:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։