Հավելված Բ. – Մխիթարյան առաքելությունը. Լույսի և ծառայության 300 տարի – Գրադարան – Mashtoz.org

Հավելված Բ. – Մխիթարյան առաքելությունը. Լույսի և ծառայության 300 տարի

Հայերեն թարգմանությամբ ներկայացնում ենք Մխիթարյան Միաբանության հիմնադրման 300ամյակի կապակցությամբ իտալերեն լեզվով լույս տեսած սույն հոդվածը, որի բնագրի վերնագիրն է. «Մխիթարյան առաքելությունը. Լույսի և ծառայության 300 տարի»:

***

Մխիթար Վարդապետ Սեբաստացին (1676-1749) Տասնութերորդ դարի Հայ կրոնական կյանքի և մշակույթի ամենալուսավոր ու ամենաակնառու կերպարներից մեկն է: Նրա գործունեությունը կարող է համառոտվել հետևյալ տասներեք կետերում:

 

Կրոն, Բարոյականություն և Հայ Ծես

Մխիթար Աբբահայրը համոզված էր, որ եթե Հայ ժողովուրդը հեռանար իր հայրերի հավատքից, կդատապարտվեր կորցնելու իր նկարագրի էությունը: Հայաստանի գավառներում անցկացրած իր պատանեկության ընթացքում տեսել էր կրոնից հեռացած բազմաթիվ անձանց և համոզվել էր, որ տգիտությունն էր այդ ամենի արմատը: Բազմաթիվ հայեր թողնում էին Քրիստոնեությունը և մահմեդական դառնալով թրքանում էին, պարզապես խուսափելու համար հարկերից, որոնք պարտավոր էին վճարել Օսմանյան Կայսրության ոչ-մահմեդական քաղաքացիները: Ահա այստեղից նրա հոգում ծնվեց գիտակցությունը, որ անհապաղ անհրաժեշտություն էր լուսավորել իր ազգը կրոնական և բարոյական այնպիսի գրքերով, ինչպիսիք էին Աստվածաշունչը, Ավետարանների և Հովհաննու Հայտնության մեկնությունները, Ալբերտ Մեծի աստվածաբանությունը և ուրիշ շատ ու շատ աշխատություններ: Մխիթարի հաջորդները շարունակեցին ընդլայնել կրոնական ու բարոյական ուսուցումը աստվածաբանական ու հայրախոսական հրատարակությունների միջոցով, որոնցից պարզապես մի օրինակ մեջբերելու համար կարող ենք հիշել Հայր Միքայել Չամչյանի (1738-1823) հեղինակած «Վահան Հաւատոյ» աշխատությունը, որում ջատագովում է Հայ Եկեղեցու սկզբնական դավանանքը որպես ինքնատիպ ու ճշմարտացի հարում Քրիստոնեական Վարդապետությանը:

Հայր Գաբրիել Ավետիքյանը ևս (1751-1827) եղել է նշանավոր աստվածաբան և փիլիսոփա: Հեղինակելով և թարգմանելով կրոնական նկարագիր ունեցող բազմաթիվ աշխատություններ, գրեց իր գլուխգործներից մեկը հանդիսացող «Նարեկ Աղօթից»ը (1801թ.), որը Սբ. Գրիգոր Նարեկացու Մատյան Ողբերգության խորաթափանց ու վերլուծական ուսումնասիրություն է, ուր հեղինակը բացահայտում է բազմաթիվ նրբիմաց թեմաներ ու հասկացողություններ: Տակավին այսօր հիմնական կարևորություն ունեցող աշխատություն է Նարեկացու մասնագետների համար:

Հիշարժան է նաև նրա եռահատոր մեծղի աշխատությունը. «Մեկնութիւն չորեքտասան թղթոցն Պօղոսի» (1806, 1811, 1812): Սրանցից բացի, գրել է նաև կարևոր մեկնություններ Հայ Եկեղեցու Շարականների մասին:

Հայր Մկրտիչ Ավգերյանը (1762-1854) հեղինակել է «Լիակատար վարք եւ վկայաբանութիւն Սրբոց, որ կան ի հին տօնացուցի Եկեղեցւոյ Հայաստանեայց» տասներկուհատորյա (1167 էջ) կոթողային աշխատությունը (1810-1815), ուր լուսաբանել է Սրբերի կյանքը, կատարել է բանասիրական վերլուծումներ ու ճշգրտումներ: Առանձնակի արժեք ունի 12րդ հատորը. «Մնացորդք Վարուց Սրբոց արտաքոյ տօնացուցին մերոյ, յիշատակելոց ի Յայսմաւուրս կամ ի Ճառընտիրս Հայոց, որպէս եւ Յունաց եւ Լատինացւոց» (1815), որն այբբենական սկզբունքով կազմված սրբանունների բառարան է, հարուստ հավելյալ տվյալներով:

Հիշարժան է նաև Հայր Միքայել Չամչյանի «Սաղմոսաց Մեկնութիւն»ը, տասներկուհատորյա այդ վիթխարի աշխատությունը, որ Սուրբ Ղազարի տպարանից լույս է տեսել 1815-1823 թվականներին:

Մխիթարյան կրոնական հրատարակչությունը շարունակեց երեք դարերի ընթացքում լույս ընծայել մեծաքանակ գրականություն տարբեր հարթությունների վրա, լեզվաբանական և ծիսական մեկնություններից սկսած մինչև մանուկների նկարազարդ քրիստոնեականները, որոնց առաջին հրատարակողը եղավ ինքը՝ Մխիթար Աբբահայրը 1727 թվականին:

 

Լեզվական բարենորոգումը

Մխիթար Աբբահայրը խորապես ըմբռնել էր, որ Հայ ժողովրդի հոգևոր և մշակութային վերածնունդը որպես պարտադիր պայման պետք է անցներ Հայոց Լեզվի նորոգված գործածության ճանապարհով: Այդ համոզմունքը նա վերածեց լեզվաբանական ուսումնասիրությունների և դրանց հանրային տարածման ուժգին գործունեության, որը հետագա երեք դարերի ընթացքում ծնունդ տվեց կոթողային աշխատությունների, որոնք եզակի ու վճռորոշ դեր խաղացին Հայոց լեզվի հետագա զարգացման վրա:

Տասնութերորդ դարի սկզբնավորության Հայոց լեզուն ծայրաստիճան ապականվել էր օտար լեզուների ազդեցությամբ: Լեզվական ապականության այդ գործընթացի արդյունքում հայերի համար մեծապես դժվարին էր դարձել գրաբարով գրված գրականության ընթերցումն ու ընկալումը: Մխիթարն էր, որ սկիզբ տվեց Հայոց լեզվի վերածննդին, շնորհիվ տպագրական հրատարակությունների, որոնց համար գործածեց Հայոց նախնյաց լեզուն իր անաղարտ մաքրությամբ: Պատահական չէ, որ իր առաջին աշխատությունը եղավ գրաբարի քերականությունը, որն անհրաժեշտ գործիք էր Հայոց լեզվի ըմբռնման և ուսումնասիրման համար, որոնք տպագրական գործիքները թույլ էին տալիս հեշտորեն տարածել ժողովրդի մեջ:

Լեզվական ոլորտում Մխիթար Աբբահայրն էր, որ շարադրեց Հայոց Լեզվի առաջին Բառարանը («Բառգիրք Հայկազեան Լեզուի»), որի հրատարակությունն ավարտվեց նրա մահից մի քանի շաբաթ անց, 1749 թվականի Մայիսին:

Մխիթարի հաջորդները վերահրատարակեցին Հիմնադրի բառարանը, 1836-1837 թվականներին լույս ընծայելով «Նոր Բառգիրք Հայկազեան Լեզուի» աշխատությունը, որ մինչև օրս մնում է Հայոց ծիսական և գրական լեզվի վերջնական ու անգերազանցելի աշխատությունը: Երեք վարդապետներ են աշխատել այդ գործի վրա. Հայր Գաբրիել Ավետիքյանը, Հայր Խաչատուր Սյուրմելյանը և Հայր Մկրտիչ Ավգերյանը: Այս բառարանի առանձնահատկություններից մեկն այն է, որ այնտեղ ընդգրկվել են նաև մի շարք բառեր, որոնք համեմատվել են հունարեն, լատիներեն, պարսկերեն, ասորերեն և ա՛յլ լեզվական համարժեքների հետ: 1846 թվականին Հայր Մկրտիչ Ավգերյանը հրատարակում է «Առձեռն բառարան հայկազեան լեզուի» բառարանը, որը նախորդի համառոտ խմբագրությունն է: 1865 թվականին այս բառարանը վերահրատարակվել է և պարունակում է նախորդ հրատարակությունից դուրս մնացած 5000 լրացուցիչ բառային միավոր:

Հայր Արսեն Այտընյանի (1824-1902) աշխատասիրությամբ է, որ պաշտոնականացվեց Հայոց աշխարհաբար լեզվի գործածությունը, 1866 թվականին լույս ընծայելով «Քննական Քերականութիւն Աշխարհաբար կամ Արդի Հայերէն Լեզուի» աշխատությունը: Ընդունելով հանդերձ կարևոր դերը, որ մինչ այդ գրաբար լեզուն կատարել էր Հայ ժողովրդի գրական կյանքում, նա պաշտպանում էր աշխարհաբար լեզվի գործածությանն անցնելու անհրաժեշտությունը: Որպես քերականագետ, Այտընյանը մինչև օրս անգերազանցելի է մնացել իր ոճով, մեթոդով ու կատարած աշխատանքի անթերիությամբ:

Հիշատակված բառարաններից բացի, Մխիթարյանները հրատարակել են նաև տարբեր լեզուներով ա՛յլ բառարաններ կամ, ինչպես իրենք էին կոչում, «առաջնորդներ»: Դրանցից են, օրինակի համար, Հայր Մանուել Ջախջախյանի հրատարակած «Բառարան յիտալական լեզուէ ի հայ եւ ի տաճիկ բարբառ» աշխատությունը (1804), Հայր Հարություն Ավգերյանի հրատարակած «Բառգիրք ի գաղղիականէ ի հայ եւ ի տաճիկ բառբառս» (1812), ինչպես նաև անգլերեն-հայերեն Քերականությունը, որ կազմել է Սուրբ Ղազարում ուսանող Լորդ Ջորջ Գորդոն Բայրոնի օժանդակությամբ:

Հիշարժան են նաև Հայր Պողոս Հովնանյանցի հեղինակած «Մարդկային լեզուին սկզբան, հանգամանաց, միութեան ու բաժանման, Եւ ազգային լեզուաց վրայ քննական տեսութիւն մը» (1857), և Հայր Սերովբե Տերվիշյանի հեղինակած «Հնդեւրոպական նախալեզու» (1885) աշխատությունները:

Հիշարժան են նաև Հայր Մատթեոս Եվդոկիացու, Հայր Մկրտիչ Անանյանի, Հայր Միքայել Չամչյանի, Հայր Գաբրիել Ավետիքյանի, Հայր Արսեն Բագրատունու, Հայր Հովսեփ Գաթրճյանի և Հայր Մատաթիա Գարագաշյանի աշխատանքները, սոսկ մի քանի անուն հիշատակելու համար:

 

Պատմագիտություն, աշխարհագրություն և հնագիտություն

Հայ ժողովրդի պատմական հիշողության վերածնունդը, հատկապես Տասնութերորդ և Տասնիններորդ դարերում, մեծավ մասամբ պարտական է Մխիթարյան Միաբանների աշխատանքին, որոնք բուռն թափով աշխատեցին և՛ պատմական աղբյուրների ուսումնասիրության ոլորտում, և՛ հետազոտական առաքելություններ կատարելով պատմական Հայաստանի տարածքներում:

Հայր Միքայել Չամչյանը (1738-1823) եղավ Հայ արդի պատմագիտության հիմնադիրը: Հեղինակել է «Պատմութիւն Հայոց» եռահատոր կոթողային աշխատությունը (1784-1786): Դա հայ իրականության մեջ իր նախադեպը չունեցող աշխատանք էր, որի հիմնական նպատակն էր բարելավել և ճիշտ լույսի ներքո դնել Հայոց ազգային ինքնագիտակցությունը, կողմնորոշելով այն դեպի հայրենասիրական առավել վառ զգացումները:

Հայր Ղուկաս Ինճիճյանը (1758-1833) հնեագիտական և ազգագրական արշավների առաջին կազմակերպողը եղավ դեպի պատմական Հայաստանի տարածքներ: Նրա կատարած ուսումնասիրությունները մանրակրկիտ կերպով նկարագրում են յուրաքանչյուր հայկական եկեղեցին, վանքը, գյուղը, քաղաքը կամ բերդը, որ տակավին գոյություն ուներ Տասնիններորդ դարի կեսին, իսկ այսօր ամբողջովին ոչնչացված են: Ուստի, յուրաքանչյուր ոք կարող է հեշտորեն պատկերացնել այդ ուսումնասիրությունների անգնահատելի արժեքը:

Խոսելով աշխարհագրությանն առնչվող գործերի մասին, անհնարին է չհիշատակել Հայր Ղուկաս Ինճիճյանի և Հայր Ստեփանոս Ագոնցի ջանքերով հրատարակված «Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի» աշխատությունը (1802-1808): Բաղկացած է 11 մեծղի հատորներից, բոլորն էլ ոսկեզօծ ու կաշվեկազմ: Հաշվում է մոտ 8000 էջ, որոնցում նկարագրվում են Ասիայի, Եվրոպայի, Աֆրիկայի և Ամերիկայի բոլոր երկրները, նրանց աշխարհագրական դիրքը, բուսականությունը, վաճառականությունը, տեղագրությունը և զանազան ա՛յլ տեղեկություններ:

Հայր Ղուկաս Ինճիճյանի աշխատանքները շարունակվեցին Հայր Ներսես Սարգիսյանի (1800-1866) և Հայր Ղևոնդ Ալիշանի (1820-1901) կողմից, որն արժանավոր կերպով նկատվում է իբրև Հայ Մշակույթի հերոսն ու դյուցազնը: Ալիշանը եղել է Մխիթարյան Միաբանության ամենաականավոր անդամներից մեկը: Իր պատմագիտական, հնեաբանական, լեզվաբանական, ինչպես նաև բանաստեղծական հատորները ընդարձակ համբավ ու ճանաչում են վայելում մինչև այսօր: Կրթական-դաստիարակչական գործունեություն է վարել մինչև 1872 թվականը, որից հետո ամբողջովին նվիրվել է իր հատորների շարադրմանը: Հայությանը նվիրել է իր կողմից հեղինակված ավելի քան 30 հատոր գրականություն, որոնցից այստեղ սոսկ որպես օրինակ հիշում ենք. Քաղաքական Աշխարհագրութիւն (1852), Տեղագիր Հայոց Մեծաց (1855), Շիրակ (1881), Սիսուան (1885), Այրարատ (1890), Սիսական (1893), Հայ Բուսակ (1895), Հին Հաւատք Հայոց (1895), Հայ Վէնէտ (1896), Հայապատում (1901-1902), և այլն: Իր ողջ սրտով երազում էր Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, որի համար գրել է նաև մի պետական օրհներգ, և իր աշակերտներին կրթում էր այդ նպատակին հասնելու մտադրությամբ:

Հայր Համազասպ Ոսկեանը (1895-1968) պատմագիտական աշխատանքներ է կատարել ավելի քան հիսուն տարի, մասնագիտանալով հայոց հին վանքերի վերաբերյալ հարցերում: Նրա աշխատություններից հիշարժան են հատկապես. Վասպուրականի վանքերը (1940-1947), Սեբաստիայի վանքերը (1946), Բարձր Հայքի վանքերը (1951), Տարօն Տուրուբերանի վանքերը (1957), Արցախի վանքերը (1953), Կիլիկիայի վանքերը (1957), Գուգարքի վանքերը (1960):

 

Հայ դասական գրականության տպագրումը

Եվս մի կարևորագույն աշխատանք, որ իրականացրեցին Մխիթարյան Միաբաններն իրենց Միաբանության գոյության առաջին իսկ տարիներից սկսած, եղավ Հայ դասական հեղինակների մատենագրական ժառանգության քննական ուսումնասիրությունն ու տարածումը ժողովրդի մեջ, դրանք դուրս բերելով վանական գրադարաններից, ուր շատ քչերին էին հասանելի ձեռագիր վիճակում: Այս աշխատանքը կրկնակի արդյունք ունեցավ. և՛ ընդարձակ կերպով տարածեց այդ մատյանները ընթերցողների լայն շրջանակներում, և՛ նպաստեց դրանց պահպանմանն ու ավանդմանը նոր սերունդներին: Տարածման այդ աշխատանքը ցնցող հետևանքներ ունեցավ նաև եվրոպացի գրականագետների համար, որովհետև հնարավոր դարձրեց բացահայտումը հույն և լատին դասական հեղինակների մի քանի գործերի, որոնց բնագիրը կորած է համարվում և պահպանվել է միայն հայերեն թարգմանությամբ: Դրանցից է, օրինակի համար, Եվսեբիոս Կեսարացու «Ժամանակագրություն»ը:

Այդպիսով, շնորհիվ Մխիթարյան Տպարանի, ժողովրդի համար հասանելի դարձան Հայոց մեծ ավանդության հեղինակները, Եկեղեցու Հայրերը, պատմագիրներն ու մշակութային այն հսկայական ժառանգությունը, որ Հայ մատենագիրները ստեղծել էին Հինգից Տասնչորսերորդ դարերի ոսկյա ժամանակաշրջաններում: Սոսկ մի քանի օրինակ հիշելու համար նշենք. Աղօթամատոյց պատկերազարդեալ Սրբոյն Գրիգորի Նարեկայ վանից վանականի (1804), Յովհաննու Իմաստասիրի եւ Կաթողիկոսի Հայոց Օձնեցւոյ Ճառ ընդդէմ երեւութականաց (1807, 1816), Հաւատով խոստովանիմ աղօթք Տեառն Ներսիսի Հայոց Կաթողիկոսի (1810), Ատենաբանութիւն Սրբոյն Ներսիսի Լամբրոնացւոյ (1812), Սրբոյն Յովհաննու Ոսկեբերանի Հատընտիր գիրք եւ ճառք եւ ներբողեանք (1818), Սրբոյ Հօրն մերոյ Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում ճառք եւ Աղօթք (1838), Առակք Մխիթարայ Գոշի (1854), Ղազարայ Փարպեցւոյ Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան (1891), և այլն:

 

Գրական դասականամետ շարժումը

Հայ գրականության ու մշակույթի վերածննդին բերած Մխիթարյանների կարևորագույն նպաստներից մեկը եղավ նաև այն, որ Մխիթարյանների շնորհիվ Հայերը վերջնականապես մերձեցան Արևմտյան մշակույթին ու քաղաքակրթությանը: Սա կատարվեց՝ ծնունդ տալով գրական դասականամետ (կլասիցիզմի) մի շարժման, որի գլխավոր արդյունքը եղավ լատինական և հունական գրականության, ինչպես նաև եվրոպացի մեծ բանաստեղծների կարևորագույն երկերի թարգմանությունը հայերենի:

Այդ ամենի հիմքը հանդիսացավ Մխիթար Աբբահոր 1727 թվականին լույս տեսած «Տաղարան» ժողովածուն, որը կլասիցիզմի առաջին ամբողջական դրսևորումն էր Հայ գրականության մեջ:

Հայր Արսեն Բագրատունին (1790-1866) եղել է լեզվագետ-քերականագետ և իր նմանը չունեցող թարգմանիչ: Աննկարագրելի հմտությամբ գրաբար հայերենի է թարգմանել դասական բազմաթիվ գլուխգործոցներ, որոնցից են Վիրգիլիոսի «Մշակականք»ը (1814), Հորացիուսի «Արուեստ Քերականութեան»ը (1817), Միլթոնի «Կորուստ Դրախտին»ը (1861), Դանթեի «Աստվածային Կատակերգութիւն»ը (1866): Հեղինակել է «Հայկ Դիւցազն» էպիկական-հերոսական պոեմը (1858), ուր ընդարձակ կերպով բացահայտել է իր բանաստեղծական և հայրենասիրական ոգին ու զգացումները:

Այս ոլորտում ակնառու դեմքերից է եղել նաև Հայր Էդուարդ Հյուրմյուզյանը (1799-1876), որի «Բուրաստանք»ը (1851) կարելի է նկատել որպես հայկական դասականամետ քերթողության բարձրագույն արտահայտությունը: Այդ չափածո երկում նա նկարագրել է Հայաստանի բուսական աշխարհը:

 

Հաղորդակցության զարգացումը աշխարհաբար հայերենով

Մխիթարյաններն էին, որ իսկույն հասկացան աշխարհաբար հայերենի գործածությանը զարկ տալու անհրաժեշտությունը, որի ձևավորմանն ու օրինաչափ համակարգմանը վիթխարի կերպով նպաստեցին իրենց մշակութային կենտրոններում: Բայց չսահմանափակվեցին միայն լեզվագետների նեղ շրջանակներին վերապահված աշխատանքով, այլ՝ արդյունալի հաղորդակցություն զարգացրեցին ժողովրդի նվազ ուսյալ շրջանակների համար ևս:

Աշխարհաբար առաջին հրատարակությունները կատարել է ինքը՝ Մխիթար Աբբահայրը. «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց» (1727) և «Գիրք քրիստոնէականի վարդապետութեան շարադրեցեալ աշխարհաբարիւ լեզուաւ» (1727):

1799 թվականին Հայր Ղուկաս Ինճիճյանը սկսեց հրատարակել մի «Տարեգրութիւն» (1799-1802), ուր բովանդակված էին նախորդ տարվա բոլոր քաղաքական, հասարակական և մշակութային իրադարձությունները: «Ազդարարժից հետո, սա երկրորդ պարբերականն էր Հայ իրականության մեջ, և առաջինը՝ աշխարհաբար լեզվով: 1803-1820 թվականներին, «Տարեգրութիւն»ների փոխարեն հրատարակել է «Եղանակ Բիւզանդեան Բազմավէպ» աշխարհաբար տարեգիրքը ավելի ճոխ, բազմազան բովանդակությամբ և ավելի մեծ ծավալով, գեղեցիկ նկարազարդումներով: 1824 թվականից լույս է ընծայել նաև «Դարապատումներ»ի շարքը, տարեկան մեկ կամ երկու հատոր, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է մեկ դարի քաղաքական և մշակութային իրադարձությունների պատմությունը:

Ոչ մի լրագիր կամ պարբերական, սակայն, Հայ հասարակական-մշակութային կյանքում չի ունեցել այնպիսի կարևորագույն դերակատարություն, ինչ 1843 թվականից մինչև օրս լույս տեսնող «Բազմավէպ»ը, որի առաջին խմբագիրը եղել է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու եղբայրը՝ Մխիթարյան Միաբանության անդամ Հայր Գաբրիել Այվազովսկին (1812-1880): «Եղանակ Բիւզանդեան»ի օրինակին հետևելով, Բազմավէպն իր էջերում լայն տեղ է հատկացրել պատմությանը, աշխարհագրությանը, բնագիտությանը, հնագիտությանը, տեղագրությանը, առևտրին, գյուտերին և բազմաթիվ ա՛յլ ոլորտների: Հետագայում, 1887 թվականից սկսած (մինչև այսօր) հրատարակվել է նաև «Հանդէս ամսօրեայ» ամսագիրը, որն առավել կենտրոնացել է լեզվական և մշակութային հարցերի քննարկման վրա:

1847-1863 թվականներին Մխիթարյանները հրատարակել են նաև «Եւրոպա» շաբաթաթերթը:

 

Հայ ժամանակակից Թատրոնի ծնունդը

Մխիթարյան Միաբանները սկսեցին շարադրել նաև թատերական բեմադրություններ: Նրանք համոզված էին, որ թատրոնը ևս մեծապես օգտակար գործիք էր ազգային ինքնագիտակցության վերածննդի համար: Առաջին գործերը բեմադրվեցին Մխիթարյան վանքերում գրաբար լեզվով, 1770-ական թվականներից սկսած, բայց շատ շուտով սկիզբ տրվեց նաև աշխարհաբար լեզվով բեմադրմանը, որով սկիզբ տրվեց նաև ժողովրդական թատերական ընդարձակ մի շարժման, որի կենտրոններն էին հանդիսանում Վենետիկի և Փարիզի Մխիթարյան Վարժարանները, որոնց աշակերտները հայկական բոլոր գաղթօջախներում տարածում էին սեր թատրոնի հանդեպ: Այս ոլորտի ակնառու դեմքերից էին Հայր Մինաս Բժշկյանը (1777-1861) և Հայր Պետրոս Մինասյանը (1799-1867): Հայր Մինաս Բժշկյանը, որն իր կյանքի մի մասն անցկացրել է Ղրիմում, պարգևատրվել է Ռուսական Կայսրության Ոսկե Մեծ Մեդալով: Ֆրանսերենից գրաբարի է թարգմանել Եզովպոսի առակները («Առակք Եզոպոսի», 1818) և Բ. Կամպեի «Նոր Ռոբինզոնը» («Պատմութիւն վարուց Ռոպէնսօնին Քռիւզօյէ», 1817): Հայր Պետրոս Մինասյանը համարվում է հայ դրամատուրգիայի առաջին տեսաբանը: 1846 թվականին Կոստանդնուպոլսում հիմնել է Համազգային Ընկերությունը, որի համար գրել է նաև Կանոնադրությունը: Նրա «Խոսրով Մեծ» և «Սմբատ Առաջին» ողբերգությունները լույս են տեսել «Թատերգութիւն» խորագրով (1845): Նյութը վերցրել է Մովսես Խորենացու Հայոց Պատմությունից: Դրանցում արտահայտել է ազատասիրական գաղափարներ, քննադատել է ազգային տարաձայնությունները: Նա լավ թատրոնը համարել է մարդկության զարգացման ազդակներից մեկը:

Առաջին կլասիկական դրաման, «Արկածք Տիգրանայ» վերնագրով, Մխիթարյանների թատրոնում հայտնվեց 1776 թվականին: 1790-ականներից սկսած Մխիթարյանները ցուցադրում են Հայոց պատմության տարբեր դրվագները ներկայացնող պիեսներ. «Վասակ Մամիկոնեան» (1792), «Ղեւոնդեանց նահատակութիւնը» (1795), «Մեծն Վարդան Մամիկոնեան» (1799), «Հայկ Դիւցազն» (1805) և այլն: Այդ ժամանակաշրջանում ցուցադրվել է նաև երկու ողբերգություն. «Յաղթութիւն Տրդատայ» և «Վաճառումն Յովսէփայ»: Ավելի ուշ, 1820-1860 թվականներին բեմականացրել են նաև կենցաղին վերաբերվող կատակերգություններ. «Ծաղրածու Յուսուֆ», «Ճիմիճ Ահմեդի նկարագիրը», «Ավրամ հրեա», «Վաճառական Մոշոն» և այլն: Դեռ 1810-ական թվականներից սկսած Մխիթարյանները ներկայացումներ են կազմակերպել Կոստանդնուպոլսի իրենց դպրոցներում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում կազմակերպել են Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» երկի բեմականացումը:

Մխիթարյան Վարժարաններում են ուսանել միջազգային համբավի արժանացած այնպիսի թատերագետներ ու դերասաններ, ինչպիսիք են, օրինակի համար, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Արմեն Արմենյանը, Ստեփան Էքշյանը, Հովհաննես Աճեմյանը, Տիգրան Փեշտիմլճյանը, Հովսեփ Յազըճյանը և շատ ուրիշներ:

 

Մխիթարյանների կրթական գործունեությունը

Համոզվածությունը, որ միմիայն նոր սերնդի դաստիարակության շնորհիվ կարող է հնարավոր դառնալ Հայ ժողովրդի վերածննդի ծրագրի իրականացումը, Մխիթարյան Միաբանությանը մղեց դպրոցների ու վարժարանների հիմնմանն ու կազմակերպմանը: Մխիթարյան առաջին դպրոցը հիմնվել է տակավին Մխիթար Աբբահոր կենդանության օրոք:

Մխիթարյան Վարժարանների ցանցը պատմության ընթացքում ճյուղավորվեց այն բոլոր ուղղություններով, ուր գոյություն ունեին հայկական գաղթօջախներ, հետևեց դրանց տեղափոխություններին և կրեց դրանց միևնույն ճակատագիրը: Իրենց ողջ պատմության ընթացքում Մխիթարյանները հիմնել են 54 դպրոց: Դրանցից ամենահռչակավորը եղել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան Վարժարանը:

Մխիթարյան Միաբանության կողմից հիմնված և տնօրինված գլխավոր Վարժարանների անվանացանկը հետևյալն է.

1) Եղիսաբեթուպոլիս, Հունգարիա (1746-1820, 74 տարի)
2) Վարատին, Հունգարիա (1749-1820, 71 տարի)
3) Սեփվիզ Ֆրումոասա, Հունգարիա (1797-1815, 18 տարի)
4) Պոլիս, Թուրքիա (1803-ից ցայսօր, 2 վարժարան)
5) Բերա, Թուրքիա (1808-1870, 62 տարի)
6) Ղալաթիա, Թուրքիա (1808-1915, 107 տարի)
7) Տրապիզոն, Թուրքիա (1817-1915, 98 տարի)
8) Խարասու Բազար, Ղրիմ (1821-1918, 97 տարի)
9) Քեաֆթարլու, Կովկաս (1830-1884, 54 տարի)
10) Ախալցխա, Կովկաս (1831-1844, 13 տարի)
11) Քյոթահիա, Թուրքիա (1912-1915, 3 տարի)
12) Պադովա, Իտալիա (1834-1846, 12 տարի)
13) Վենետիկ, Իտալիա (1836-1997, 161 տարի)
14) Փարիզ, Ֆրանսիա (1846-1870 և 1928-ից ցայսօր)
15) Սիմֆերոպոլ, Ղրիմ (1850-1918, 68 տարի)
16) Մուշ, Թուրքիա (1852-1913, 61 տարի)
17) Քաղկեդոն, Թուրքիա (1870-1915, 45 տարի)
18) Պարտիզակ, Թուրքիա (1883-1915, 32 տարի)
19) Սաիրա, Պարսկաստան (1885-1900, 15 տարի)
20) Նիկոմեդիա, Թուրքիա (1887-1915, 28 տարի)
21) Խարբերդ, Թուրքիա (1912-1915, 3 տարի)
22) Մալաթիա, Թուրքիա (1912-1915, 3 տարի)
23) Մարդին, Թուրքիա (1912-1918, 6 տարի)
24) Միլան, Իտալիա (1918-1933, 15 տարի)
25) Երուսաղեմ, Պաղեստին (1931-1934, 3 տարի)
26) Աղեքսանդրիա, Եգիպտոս (1936-1964, 28 տարի)
27) Հալեպ, Սիրիա (1936-ից ցայսօր)
28) Բեյրութ, Լիբանան (1948-ից ցայսօր, 2 վարժարան)
29) Բուենոս Այրես, Արգենտինա (1956-ից ցայսօր)
30) Լոս Անջելոս, ԱՄՆ (1979-ից ցայսօր):

 

Ներկայումս գործում են Մխիթարյանների Բուենոս Այրեսի, Լոս Անջելոսի, Հալեպի, Բեյրութի, Ստամբուլի և Փարիզի վարժարանները:

Ժառանգավորաց դպրոցներից ներկայումս գործում են երկուսը՝ Լիբանանի և հատկապես Հայաստանի (Երևանի Ավան համայնքում) ժառանգավորաց դպրոցները, որոնց վերապահված է Միաբանությունը նոր վարդապետ-միաբաններով համալրելու առաքելությունը:

Մխիթարյան Միաբանության վարժարաններում են ուսանել և աշխատել այնպիսի ակնառու անձնավորություններ, ինչպիսիք են Միքայել Չամչյանը, Ղևոնդ Ալիշանը, Ծերենցը, Մկրտիչ Պեշիկթաշլյանը, Դանիել Վարուժանը, Արփիար Արփիարյանը, Պետրոս Ադամյանը, Վահրամ Փափազյանը, Սրապիոն Հեքիմյանը, Թովմաս Թերզյանը, Նարպեյը, Էմմանուել Եսայանը, Սրապիոն Թղլյանը, Մկրտիչ Աճեմյանը և ուրիշ շա՜տ շատերը, որոնց անունները կապված են 18-19րդ դարերի Հայկական գրական, քաղաքական ու հասարակական Վերածննդի հետ, ինչպես նաև օտարներից՝ Ջորջ Բայրոնը, Վալտեր Սկոտը, Ալֆրեդ Դը Մյուսեն, Ստենդալը, Հայնրիխ Պետերմանը և եվրոպացի բազմաթիվ ա՛յլ անվանի գրականագետներ ու հայագետներ:

 

Քարտեզագրական գործունեությունը

Հայերը, որոնք մշտապես առևտրականներ ու ճանապարհորդներ են եղել երկրագնդի չորս ծագերով մեկ, ծնունդ են տվել քարտեզագրական մի բեղուն գործունեության: Հայերեն առաջին աշխարհացույցը («Համատարած Աշխարհացոյց») պղնձի վրա փորագրվել է Թովմաս Վանանդեցու ձեռամբ, 1695 թվականին Ամստերդամում, և այդ նույն քաղաքում տպագրվել է Ադրիանոս և Պետրոս Սքոմփեկի տպարանում:

Այդ ժառանգության արժանավոր հետևորդները եղան Մխիթարն ու իր աշակերտները: Հիմնադրի օրոք արդեն և նրա իսկ հրամանով, Հայր Իգնատիոս Խաչատուրյանը (1710-1780) և Հայր Զաքարիա Ալեքսանյանը (1711-1793) առաջինները եղան, որ ուսանեցին պղնձի վրա փորագրելու և քարտեզագրության արվեստը: Այս ոլորտում գերազանց հմտության հասավ Հայր Եղիա Էնտազյանը (1755-1789), որի փորագրությունները հաջողությամբ մրցում էին իր ժամանակվա վենետիկցի ամենանշանավոր վարպետների գործերի հետ:

Հայաստանն ու Մերձավոր Արևելքն ընդգրկող կարևորագույն քարտեզներ են հրատարակվել Մխիթարյան Միաբանության գլխավոր երկու կենտրոններում. Վենետիկում և Վիեննայում: 19րդ դարի կեսերին կազմվել և հրատարակվել են նաև մեծածավալ (սեղանի) և փոքրածավալ (գրպանի) աշխարհագրական ատլասներ: Առավել աչքի է ընկել «Ատլաս Աշխարհացոյց պատկերաց, ըստ արքունի աշխարհագրաց Գաղղիոյ, Անգղիոյ, Գերմանիոյ եւ Ռուսաց» (Վենետիկ, 1849) ատլասը, որ բաղկացած է տեքստից (46 մեծադիր էջ) և Փարիզում փորագրված 10 տախտակ-քարտեզներից (յուրաքանչյուրը 2 էջի վրա, 60 x 90 սմ չափսով): Առաջին հայերեն գլոբուսները նույնպես պատրաստել են Մխիթարյանները. Հայր Արսեն Այտնյանի հեղինակությամբ կազմվել է «Նոր երկրագունդ» 60 սմ տրամագծով գլոբուսը (Վիեննա, 1850):

Հետագա տարիներին ևս կազմվել ու տպագրվել են նոր ատլասներ, որոնցից ի մասնավորի հիշարժան են «Աշխարհացոյց տախտակներ»ը (21 քարտեզ, Վիեննա 1860), և «Համատարած աշխարհագրութիւն»ը (12 քարտեզ, Վենետիկ-Փարիզ 1862):

 

Բնագիտական, գյուղատնտեսական և տնտեսագիտական աշխատությունները

Մխիթարյանների գործունեությունը նպաստել է նաև բնագիտության զարգացմանը: Բազմավէպի էջերում, Հայ իրականության մեջ առաջին անգամ լինելով, տպագրվել են մի շարք աշխատություններ, ինչպիսիք են «Սկզբունք բուսաբանութեան» (1846), «Տարերք բուսաբանութեան» (1883), «Տարերք կենդանաբանութեան» (1885), «Նմոյշ հայ կենդանաբանութեան» (1879), և այլն:

Նույն Բազմավէպ պարբերականում Մխիթարյանները տեղ են հատկացրել նաև տնտեսագիտությանը: Անդրադարձել են տնտեսական գործունեության դասակարգմանը, առաջ են քաշել մի շարք տեսություններ, անդրադարձել են ապրանքի արժեքին և գնի կատեգորիաներին, բավականին մոտենալով արժեքի գիտական բնութագրությանը: Զբաղվել են նաև ապրանքի, փողի, արժեքի և գնի խնդիրներով, փորձել են ստեղծել արտադրության տարրերի մասին մի ամբողջական ուսմունք և դրանք դիտել են որպես եկամտի երեք գլխավոր աղբյուրներ: Հիշարժան են, օրինակ, Հայր Իգնատիոս Փափազյանի (1765-1852) «Կրկնատումար վաճառականութեան» (1824), «Հաշուետումար պարզագիր» (1828) և «Հաշուեգիրք կամ հաշւեմատեան» (1830) աշխատությունները:

Մխիթարյաններն իրենց հրատարակություններով անգնահատելի նպաստ են բերել հայ գյուղացու կյանքին, ընտիր գրքերով օգնելով ճիշտ կազմակերպել կենդանաբուծությունը, հողագործությունը և գյուղատնտեսական մթերքների վերամշակումը: Սոսկ մի քանի օրինակ մեջբերելու համար հիշենք հետևյալ հատորները. Հայր Միքայել Վեցմատնյանի «Երկրագործութիւն համառօտ»ը (1845), Հայր Ղուկաս Տերտերյանի «Համառօտ օդերեւութաբանութիւն»ը (1850), Հայր Մանուել Քաջունու «Մեղուաբուծութիւն տեսական եւ գործնական» (1895), «Պարտիզպանութիւն կամ բանջարաբանութիւն» (1899) և «Կաթնաբանութիւն» (1901) աշխատությունները, Հայր Հակոբ Տիրոյանի «Հաւաբուծութիւն» (1916), «Արջառաբուծութիւն» (1919) և «Ճագարաբուծութիւն» (1930) աշխատությունները, և այլն, որոնց կողմից Հայ գյուղացու բարօրության գործին բերված կոնկրետ նպաստը անհնարին է անգամ մոտավոր կերպով հաշվել կամ պատկերացնել:

 

Մխիթարյան Տպարանը

Վենետիկում է, որ 1512 թվականին Հակոբ Մեղապարտը տպագրեց հայերեն առաջին գիրքը: Մինչև 1789 թվականը Մխիթարն ու իր աշակերտները նույնպես իրենց աշխատությունները տպագրում էին վենետիկցի տպագրողների աշխատանոցներում: Մխիթարյան Միաբանները, հազիվ թե ունեցան դրա կարողությունը, 1789 թվականին տպարան հիմնեցին հենց Սուրբ Ղազար կղզում, որը կարճ ժամանակում հռչակավոր դարձավ ո՛չ միայն Հայության մոտ, այլ նաև Վենետիկում, Իտալիայում և ամբողջ Եվրոպայում: Կոչվում էր «Սուրբ Ղազարի Բազմալեզու Տպարան» («Tipografia Poliglotta di San Lazzaro») և գրքեր էր հրատարակում 36 տարբեր լեզուներով, գործածելով 10 տարբեր այբուբեններ: Արժանացել է միջազգային բազմաթիվ պատվոգրերի ու շքանշանների: 1811 թվականին Մխիթարյան տպարան է հիմնվել նաև Վիեննայում: Համակարգչային արդի դարաշրջանում այլևս անիմաստ լինելով առանձին տպարանների գոյությունը, 1993 թվականին դրանք փակվեցին՝ վերածվելով Մխիթարյան Հրատարակչատան: Իրենց գործունեության մոտ 200 տարվա ընթացքում Մխիթարյան զույգ տպարանները Հայությանը պարգևել են մոտ 6000 անուն գիրք, յուրաքանչյուրը բազմահազար օրինակներով:

 

Մխիթարյան Ձեռագրատունը, Գրադարանն ու Թանգարանը

Մխիթարն ու իր հաջորդները ծրագրված ու հետևողական աշխատանքով հավաքեցին և Սուրբ Ղազար տեղափոխեցին հայկական հազարավոր ընտիր ձեռագրեր, փրկելով դրանք անխուսափելի կորուստից: Այսօր Մխիթարյան Միաբանությունը հայկական ձեռագրեր պահպանող աշխարհում երկրորդ հաստատությունն է, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից հետո. Վենետիկի և Վիեննայի վանքերում պահվում է 6.500-ից ավելի հայկական ձեռագրերից կազմված մի ճոծ հավաքածու, մեծարժեք ու բացառիկ կարևորությամբ:

Մխիթարյան Գրադարանը մեծարժեք է ո՛չ միայն Հայության, այլ նաև Իտալիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի համար: Մոտավորապես 300.000 միավոր հաշվող հավաքածուում պահվում են հնատիպ գրքերի բազմաթիվ եզակի նմույշներ, որոնք անգնահատելի արժեքներ են մշակութային աշխարհի համար:

Վենետիկի և Վիեննայի վանական թանգարաններում խնամքով պահվում են հին հայկական դրամների ճոխ հավաքածուներ, ուրարտական գտածոներ, հայկական գորգեր, հախճապակիներ, արծաթագործական ու ոսկերչական առարկաներ, ծիսական հարուստ հանդերձներ, հայկական տարազներ, անվանի նկարիչների գործեր, և այլն:

 

Մխիթարի համամիութենական ոգին

Տակավին քսանամյա պատանի էր Մխիթարը, երբ անկոտրում կամքով հրապարակ իջավ քարոզելու համերաշխություն, սեր, եղբայրություն: Նրա նպատակն էր Հայ ժողովրդի միջից արմատախիլ անել որևէ տեսակի մոլեռանդություն, որովհետև մոլեռանդությունն է որևէ տեսակի զարգացման հիմնական խոչընդոտը, երբ մարդու առաջ փակում է ընդարձակ հորիզոնները և նրան բանտարկում է գաղափարային միայնության մեջ, դատապարտելով անխուսափելի ճահճացման:

Սա վերաբերվում է նաև հասարակական կյանքին և Մխիթարն ու իր աշակերտները վիթխարի աշխատանք են կատարել այս ուղղությամբ: Բայց քանի որ Մխիթարն ինքը հոգևորական էր, ուստի եկեղեցական ասպարէզն է ի մասնավորի հետաքրքրել իրեն և իրեններին, նաև որովհետև կրոնական ոլորտով է հիմնականում պայմանավորվում հասարակական կյանքը, ուզեն դա ոմանք, թե ո՛չ:

Մխիթարը անկեղծ սրտով սիրում էր Քրիստոսի Միակ Եկեղեցու ընդհանրականությունը և մեծապես փափաքում էր Հայ Եկեղեցին դուրս բերել այն հոգեմտավոր կղզիացումից, որի մեջ այն հայտնվել էր դարերի ընթացքում, հիմնականում սխալ մեկնաբանությունների ու թյուրիմացությունների պատճառով: Միաժամանակ, սակայն, և ո՛չ նվազ չափով, Մխիթարը անկեղծ սրտով սիրահարված էր Հայ Եկեղեցուն, Հայոց մշակութային ու ծիսական հարազատ ու անաղարտ ավանդությանը: Եվ իր ողջ կյանքի ընթացքում Մխիթարը անհասկացողություններ ու հալածանքներ կրեց երկու ծայրահեղ մոլեռանդությունների կողմից. մի կողմից մոլի þþազգայնականներիþþ, իսկ մյուս կողմից՝ մոլի þþլատինականներիþþ, որոնցից մեկը Հայ Ազգի միակ փրկությունը տեսնում էր կղզիացման, իսկ մյուսը՝ ազգային ամեն բան ստորադասելու և օտարին ամեն ինչում կերպարանակցելու մեջ: Մխիթարն ու իր աշակերտները ո՛չ թե ունայն խոսքով, այլ՝ իրենց կյանքով ու գործունեությամբ փաստեցին, որ հնարավոր է լինել և մնալ Հայ, մանավանդ թե՝ ընտի՛ր Հայ, բացվելով հանդերձ Քրիստոսի Միակ Եկեղեցու ընդհանրականությանը և անստվեր հաղորդություն հաստատելով Հռոմի Սուրբ Աթոռի հետ, առանց կորցնելու սեփական ազգային նկարագիրը, այլ մանավանդ թե՝ ընդհանրականության ջրերից խմել և զորանալ, և սեփական Ազգն էլ հաղորդակից դարձնել այդ ջրերի ամենաընտիր վտակներին, այնպես, ինչպես վարվեցին Հայոց Ոսկեդարի Սուրբ Թարգմանիչները:

Մխիթարի տեսլականը երեք հարյուր տարի անց տակավին վավերական է:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։