Եփրեմ Պատրիարքին հաջորդում է Ավետիքը – Նրա նենգ հնարքները Մխիթարին ձեռք ձգելու համար – Գրադարան – Mashtoz.org

Եփրեմ Պատրիարքին հաջորդում է Ավետիքը – Նրա նենգ հնարքները Մխիթարին ձեռք ձգելու համար

Դեսպան Ֆերիոլի պաշտոնական նամակներից տեղեկանում ենք, որ իր պնդումներին տեղի տալով, Ղալաթիայի Հայ եպիսկոպոսը, ուրիշ մի եպիսկոպոս և Պոլսի Հայոց Պատրիարքական Փոխանորդը նույնպես ստորագրել էին հիշյալ պայմանագիրը: Ստորագրել էր Պատրիարքական Փոխանորդը, որովհետև Եփրեմն իր Պատրիարքության ամբողջ տևողության ընթացքում Ադրիանապոլսում մնաց և ո՛չ թե Կոստանդնուպոլսում: Եվ մինչև իսկ, դեսպանի հանձնարարությամբ, Հայր Հակինթոսը Ադրիանապոլիս գնաց՝ Եփրեմ Պատրիարքին տեսակցելու և Հայ Ազգի երկու պառակտված կողմերի միության խնդիրը կարգավորելու համար:

Ճիշտ այդ օրերին, այսինքն 1701 թվականի Դեկտեմբեր ամսում, Պոլիս «եկավ Ավետիք անունով մի հայ արքեպիսկոպոս», գրում է Ֆերիոլը Լյուդովիկոս Տասնչորսերորդին ուղղված իր նամակում, «որին Թուրքերի (Ֆեյզուլլահ) դենպետն էր կանչել, նրան Պոլսի Պատրիարք դարձնելու նպատակով»: «Նա», շարունակում է դեսպանն իր նամակում, «առանց արքունի հրամանագրերն ունենալու, այստեղ Պատրիարքական պաշտոնները կատարելու հանդգնությունն ունեցավ անգամ»:

Ավետիք եպիսկոպոսը, նենգամիտ հնարքներով Պոլսում խռովության սերմը ձգելուց և հոգիները Եփրեմ Պատրիարքի դեմ գրգռելուց հետո, գնաց Ադրիանապոլիս, հանդիպեց իր վաղեմի ազդեցիկ բարեկամին, որի միջնորդությամբ նախ Պատրիարքական Փոխանորդ անվանվեց, մինչև որ իր կուսակիցների թիվն ավելացնելով և Եփրեմին սուտ զրպարտություններով անվանարկելով, Ադրիանապոլսում ահագին աղմուկ հարուցեց Պատրիարքի դեմ: «Կիրակի մի օր, 1702 թվականի Փետրվարի 12ին», Ֆերիոլին նամակով տեղեկացնում է Հայր Հակինթոսը, «Ավետիքի կողմնակիցները հայոց եկեղեցու մեջ դավադրություն կազմակերպելով Եփրեմին դուրս վտարեցին Ադրիանապոլսից, քարկոծելով հալածեցին նրա փոխանորդին, որը մոտակա մզկիթում ապաստան գտավ, և ծանր կերպով վիրավորեցին վերջինիս եղբոր գլուխը: Հինգ օր տևեց այս խռովությունը, և Ավետիքն անգամ ստիպվեց թաքնվել: Եպարքոսի հրամանով՝ խռովարարներից վեց հոգի բռնվեցին, և Եփրեմը դարձյալ հաստատվեց իր Պատրիարքական պաշտոնին, դենպետի ձեռքով, որը նրան պատվիրեց արգելել Հայերին ընդունելու լատին ծեսը: [...] Իսկ Ավետիքն ամեն հնարք գործադրում է Պատրիարքությունը ձեռք բերելու համար. Եփրեմին և նրա փոխանորդին ամբաստանում է, թե իբր կաշառք են ընդունել՝ լատինների եկեղեցիները հաճախելու համար»:

Ավետիքը, որն ի բնե փառասեր, հնարագետ, նենգամիտ անձնավորություն էր, չհոգնեց, չհուսալքվեց այդքան դժվարությունների պատճառով, և ի վերջո կարողացավ ձեռք բերել իրեն այդքա՜ն ցանկալի Աթոռը. 1702 թվականի Մարտի 7ին, հազարից ավելի անձանց ընկերակցությամբ և մեծ շուքով տարան նրան եպարքոսի ատյանը, ուր և ընդունեց Պատրիարքական իշխանությունը: Իր առաջին գործը եղավ Եփրեմին Ադրիանապոլսից հեռացնելն ու Էջմիածին աքսորելը: Ապա, մասամբ ուրիշների կողմից հրահրվելով, մասամբ էլ իր խիստ ու բուռն բնավորության պատճառով, կրկին արծարծեց հալածանքները կաթողիկե Հայերի դեմ, շատերին աքսորելով, բանտարկելով, շղթայելով ու թիավարության դատապարտելով, որոնցից ոմանք մեռնում էին՝ այդ տանջանքներին չդիմանալով: Միայն նրանք էին ազատվում, ովքեր դրամով փրկագնում էին իրենց կյանքը: Տեսնելով, որ դրամից բացի ուրիշ ոչինչ չի շահում, փոխեց իր խիստ վերաբերմունքը, կամ ավելի ճիշտը՝ քաղցրության դիմակի ներքո ծպտվեց: Սկսեց ամենքին սիրո և օրհնության նամակներ գրել, մանավանդ Ազգի մեծերին, որոնք Պոլսում էին բնակվում, պատվիրելով, որ դավանանքով բաժանված Հայերը հանդարտությամբ ու սիրով ապրեն միասին: Մի պահ բոլորն էլ հուսացին, թե Ավետիքի Պատրիարքության օրոք Հայ Ազգի մեջ խաղաղություն պիտի հաստատվի: Նա ճարտարությամբ կարողացավ նույնիսկ իր ամենաոխերիմ հակառակորդի՝ Ֆերիոլի սիրտը շահել, որն իր 1702 Մայիս 11 թվակիր նամակում գրում է. «Ավետիքը, որի աքսորն էի ես խնդրում, դենպետի շնորհիվ մնաց իր Պատրիարքության մեջ. և այժմ շատ խոհեմ է վարվում. ինձ էլ հասկացնում է, որ իր պաշտոնն այնպես է վարելու, որ գանգատվելու նորանոր առիթներ չեն լինելու»: Միևնույն դեսպանը, նույն տարվա Հունիսի 9ին գրված իր մի ա՛յլ նամակում, ավելացնում է. «Բոլորովին դադարել են կաթողիկե Հայերի դեմ հալածանքները և երեք քահանաներն ազատ են արձակվել»:

Ահա այս ժամանակ էր, անկասկած, ինչպես որ կարդում ենք մեր միաբանական Ժամանակագրության մեջ, որ հակառակ իր բուռն բնավորության, նա աշխատում էր խոստումներով ու փաղաքշական խոսքերով դեպի իրեն ձգել կաթողիկե Հայերի գլխավորներին, որոնց մեջ առաջինն էր Մխիթար վարդապետը: Նա իրեն երեսանց համաձայն էր ցույց տալիս Հռոմեական Եկեղեցու վարդապետությանը և մեծ սեր ու ընտանություն էր ցուցաբերում Վեղարավորների Մեծավորի հանդեպ, ցանկանալով լիովին շահել նրա վստահությունը: Ամեն առիթով մեծարում էր Վանահորը, մեծահաց խնջույքների էր հրավիրում նրան, ամեն մեքենայություն գործի էր դնում, միայն թե հասներ իր նպատակին, այն է՝ ձեռք ձգել ադրիանապոլսեցի երեք քահանաներին, որոնք բանտից ազատվելով ապաստանել էին Վեղարավորների վանքում, բայց մանավանդ՝ Մխիթար վարդապետին, իմանալով, որ նա մեծ ազդեցություն ուներ ժողովրդի վրա: Նա իր պատիր խոստումներով օրորում էր բարեսիրտ ու միամիտ Վանահոր միտքը, որն այլևս իրականացած էր տեսնում Հռոմեական Եկեղեցու հետ Հայ Ազգի միությունը, ինչպես իրեն խոստացվել էր Պատրիարքի կողմից. որի խոսքերին ու երդումներին վստահելով, և այդ միությունն օր առաջ իրագործված տեսնելու բաղձանքով, նույնիսկ ճարել և Պատրիարքին էր հանձնել այն մեծագումար դրամը, որն Ավետիքը պահանջել էր ի նպաստ այդ գործի հաջողության: Նույն նպատակով Ավետիքը Վանահորից նաև խնդրում էր, որ իրեն հանձնի Մխիթար վարդապետին և մյուս երեք քահանաներին, որպեսզի իրենց քարոզներով և ազդեցությամբ հեշտացնեն միության գործը, հավաստիացնելով, որ առանց նրանց օգնության՝ կասկածելի էր ձեռնարկի հաջողությունը: Միամիտ Վանահայրն ու իր կրոնավորներն այնքան հաստատ կերպով համոզված էին Ավետիք Պատրիարքի անկեղծությանը, որ ըստ ամենայնի ողջամիտ և ուղղափառ անձ էին համարում նրան, և իրենց այդ համոզմանը հակառակ որևէ դիտողություն չէին կարողանում լսել առանց զայրանալու: Մխիթարն այդ բոլորը գիտեր, իր հեռատես մտքով հասկանում էր, որ Պատրիարքի ասածներն ու արածները առերես են, բայց միաժամանակ տեսնում էր, որ նրա կեղծ դիմակն անկարելի էր վար առնել, քանի որ Վանահայրն իր բարեսրտությամբ խաբված՝ իր համոզման մեջ անդրդվելի էր: Իսկ ինքը, որ կասկած չուներ, որ այդ ամենն իր դեմ լարված թակարդ էր, սրտով իր աշակերտներին ուղեկցելով և իր ամբողջ ուշադրությունն իր միակ գործի ապագային հառած լինելով, Պոլսից մեկնելու հաջող առիթի էր սպասում: Այդ պահին Վանահայրը, Հայ Ազգի կրոնական միության գործին միայն մտադիր և ամբողջ սրտով դրա հաջողությունը կամենալով, վազեց Մխիթարի մոտ, որպեսզի նրան մեծ ավետիսը հայտնի և հորդորի, որ փութով ելնի ու գնա Պատրիարքի մոտ: Մխիթարը ժպտաց Վանահոր միամտության վրա և հակառակ նրա թախանձագին հորդորների՝ չզիջեց, հանձն չառավ Պատրիարքի մոտ գնալ, հայտնելով իր հիմնավոր կասկածները Ավետիքի գործի անկեղծության վերաբերյալ: Վանահայրն ապշած մնաց, քանի որ գիտեր, որ Մխիթարն այդ գործի ամենաեռանդուն փափաքողներից և այդ ուղղությամբ աշխատողներից մեկն էր: Մինչ նրանք խոսում էին, Պատրիարքի կողմից Մխիթարին ուղղված մի նամակ հասավ, շողոմ խոսքերով և հուսադրական խոստումներով լի, ուր հետևյալ խոսքերն էին գրված. «Շատ ժամանակից ի վեր քեզ ճանաչելով, սիրելի որդյակ իմ, փափաքում էի, որ մոտս գայիր, որպեսզի փառավոր պատիվների արժանացնեի քեզ. բայց դու մինչև այսօր չեկար: Եթե սկզբից եկած լինեիր, քեզ իմ աջ բազուկս էի դարձնելու, և մյուս վարդապետների նման պատվելու ու փառավորելու էին քեզ, և երբեք վնաս չէր հասնելու քեզ. բայց դու չեկար իմ մոտ: Սակայն ես ներում եմ քեզ, եթե հիմա հանձն առնես գալ. ուստի մի՛ ուշացիր, նամակս ստանալուդ պես փութա՛ իմ մոտ գալու, և խոստանում եմ քեզ մեծամեծ պատիվների արժանացնել և իմ Պատրիարքության կարևոր գործերի վրա դնել քեզ: Ո՛ղջ եղիր»: Մխիթարի խորաթափանց միտքը հասկացավ այդ խոսքերի տակ թաքնված նպատակները և իր որոշման մեջ անդրդվելի մնաց: Այդ ժամանակ Վանահայրը, որ Պատրիարքին խոստացել էր անպատճառ նրա մոտ ուղարկել Մխիթարին, փոխեց լեզուն, հորդորը սաստ ու սպառնալիք դարձրեց, հասկացնելով, որ հակառակ պարագայում այլևս չէր կարող իրենց վանքում մնալ: Մխիթարն աճապարանքով գնաց Ֆրանսիայի դեսպանի մոտ և իր շնորհակալությունն ու պատշաճ հարգանքը հայտնեց նրանից ստացած պաշտպանության և հյուրընկալության համար: Ապա, գիշեր ժամանակ դուրս ելավ Վեղարավորների վանքից և գնաց թաքնվեց իրեն ծանոթ մի ֆրանսիացի գինեվաճառի տանը: Իսկ երեք պարզամիտ քահանաները, Վանահոր խոսքին վստահելով, գնացին Ավետիք Պատրիարքի մոտ, որը նախ առերես պատվեց նրանց, բայց մի քանի օր անց թիավարության դատապարտեց: Ահա այդ եղավ բարեմիտ Վանահոր այդքա՜ն աշխատանքի պտուղը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։