Կրոնավոր և սարկավագ – Գրադարան – Mashtoz.org

Կրոնավոր և սարկավագ

Այդ օրվանից սկսում է երևալ հավատքի ապագա առաքյալ Մխիթարը. սկսվում է նրա արկածալից, գործուն և գրական կյանքը, որի մեջ փայլում է հոգին իր առաքինություններով, ազնվական սիրտն իր գորովալից զգացումներով, բարձր միտքն իր գեղեցիկ արտահայտություններով: Ինչից որ զուրկ էր ընտանեկան անձուկ մթնոլորտում, նա գտավ վանքում. աղոթում էր՝ որքան փափաքում էր, կարդում էր՝ որքան ներում էր ժամանակը, ճգնում էր՝ որքան մարմինն էր կարողանում տանել: Դրանք երջանիկ օրեր էին Մխիթարի համար, երբ օրն ի բուն փակված սենյակի մեջ, գիշերը ցերեկ էր անում, անհագ եռանդով կարդում էր Աստվածաշնչի Սուրբ Գրքերը և ժամերով իր մտքի մեջ արծարծում այդ սրբազան էջերում բացահայտած իմաստները: Գրեթե մի ամսում ծայրից ծայր կարդաց ձեռագիր Աստվածաշունչը: Այնուհետև անցավ Եկեղեցու Սուրբ Հայրերի ու Վարդապետների երկերին, Ճառընտիրներին, Հայսմավուրքներին: Վանքի խորշերում գիրք չմնաց, որ չկարդար, որ ծարավ մտքով չկլաներ դրանց իմաստները կամ վկայությունները, որոնք իր մտքում ամբարելով կամ հատընտիր հատվածներ իր տետրակի մեջ արտագրելով՝ հետագայում իր զորավոր զենքերն էին դառնալու քարոզների ժամանակ. ի ցույց հանելու մարդկային կյանքը թունավորող ախտերը և թյուր ըմբռնումները հերքելով՝ լուսավորելու մթագնած մտքերը: Հոգևոր կրթության կամ ուսման համար սահմանված հատուկ ժամեր չկային վանքում, յուրաքանչյուր աբեղա իր ազատ կամքով էր որոշում ու կանոնավորում իր օրը: Մխիթարն իր հատուկ օրակարգն ուներ, որի մեջ առաջնային տեղ էր գրավում հոգևոր պարապմունքը. ուներ գրելու ժամեր, երբ գրում էր քարոզներ, սրբազան տաղեր և հորինում ոտանավորներ: Երբեմն իր սենյակում առանձնացած՝ քարոզ խոսելու վարժություններ էր անում, գրածները բերանացի արտասանելով՝ երբեմն ոգևորվում ու բարձրացնում էր ձայնը, այնքան, որ վանքի աբեղաները դրսից լսելով զարմանում էին նրա հանճարի ու հմտության վրա: Նա չէր հետևում մյուս աբեղաների սովորությանը, որոնք իրենց ամբողջ օրն անցկացնում էին սենյակից սենյակ թափառելով ու դատարկ զրույցների բռնվելով: Մխիթարի դուռը միշտ փակ էր, թե՛ իր և թե՛ ուրիշների համար: Նրան միայն եկեղեցում էին տեսնում, ուր այնքա՜ն ջերմեռանդ ու ամփոփ էր աղոթում, որ շարժում էր տեսնողների եռանդը: Շա՜տ հազվագյուտ դեպքերում էր վանքից դուրս գալիս, միայն երբ հարկադրված էր լինում ինչ որ մի կարևոր գործի համար քաղաք գնալ: Նա վանքում այդպես մի ամբողջ տարի անցկացրեց: Բայց Մխիթարը սկսեց այլևս չզգալ առաջին օրերի քաղցրությունը: Դեռ ինչ որ մի բան պակասում էր իրեն: Փափաքում էր գտնել հոգեսեր և բանիմաց ուսուցիչներ, որոնք կկարողանային կրթել իրեն և լուսավոր նոր հորիզոններ բացել իր առջև: Անհրաժեշտությունը զգաց թողնելու Սուրբ Նշան վանքը և մի ուրիշ կողմ ուղղելու իր քայլերը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։