Մխիթարի արտաքին նկարագիրը – Տապանի առաջին փոխադրումը – Մխիթարի առաջին երկու հրաշքները – Գրադարան – Mashtoz.org

Մխիթարի արտաքին նկարագիրը – Տապանի առաջին փոխադրումը – Մխիթարի առաջին երկու հրաշքները

Մխիթարի առաջին ականատես կենսագիրները հետևյալ կերպ են նկարագրում նրա արտաքին տեսքը. միջահասակ էր, ո՛չ շատ գեր և ո՛չ շատ նիհար, անձնագեղ և վայելուչ: Կազմվածքով զորեղ էր. խառնվածքով՝ տաքարյուն. դեմքը՝ փոքր ինչ երկայներես, բայց մեծարո և պատկառելի: Նայվածքը՝ քաղցր և միաժամանակ խիստ. քիթը՝ կանոնավոր և վայելուչ, և գրեթե արծվեռունգ. հոնքերը՝ բարեձև, ո՛չ շատ թավ և ո՛չ շատ նոսր: Դեմքի գույնը՝ թուխի և շառագույնի միջև. կերպարանքը՝ զվարթ, դեմքին ունենալով հակնթագույն մանրաթել երակներ, բայց առիթի համեմատ՝ քաղցր կամ խիստ: Ձայնը զորավոր էր և հնչեղ. խոսվածքը՝ ազդու և գրավիչ. քայլվածքը՝ ծանր ու վսեմ. կենակցությունն՝ ախորժելի: Ով առնում էր նրա խոհական ու անուշ ընկերության համը, սիրում էր և կապվում հետը: Այդ պատճառով է, որ շատ մեծամեծ և նշանավոր անձինք, միայն մեկ անգամ տեսակցելով նրա հետ, նրա ընտանի ու սերտ բարեկամներն էին դառնում:

Մխիթարի մահից մի տարի անց, երբ եկեղեցում նորոգություններ կատարելով՝ բեմը բարձրացվեց և Ավագ Խորանը ետ տարվեց, Մխիթարի երախտապարտ զավակները բեմի վրա, ճիշտ Ավագ Խորանի առաջ, շինեցին նոր, վիմակերտ, շքեղ մի տապան և նրա մարմինը, որ տակավին անեղծ ու անապական էր մնացել, փոխադրեցին այնտեղ: Տապանի վրա դրվեց երկնագույն մարմարե գեղեցիկ մի կափարիչ, վրան քանդակելով հետևյալ արձանագրությունը.

ՔՆԱՐ ՔԵՐՈՒԲ ՀՈԳԵՏԱՒԻՂ
ՆԵՐԿՈՒՌ ՄԱՏԻՆ ԱՍՏՈՒԱԾԱՃԻՂ
ԱԶԴԵԱԼ ՍԵԲԱՍՏ ՄԱՐԶԷՆ ԽԱՒԻՂ
ՐԱԿԵՐՏ ԱԲԲԱՅ ԼՈՒՍԱՇԱՒԻՂ
ՔԱՏԱԿ ՄԱՐՄՆՈՅ ԿԱՅՏԱՌ ՈՒՂԻՂ
ԱՆՃԱՌ ԱՆՀԱՍ ԽՈՐՈՑ ԲԱՒԻՂ
ՂԱՄԲԱՐՔ ՇՆՈՐՀԱՑ ԳԵՐՇԱՌԱՒԻՂ
ՑԱՅՏԻՉ ԼՈՒՍՈՅ ՇԸԼԱՑ ՇԱՒԻՂ
ՐԱԽՃԱՆ ԳԻՏՆՈՑ ԻՄԱՍՏ ԱՆՆԻՆՋ
ԱԶԴՈՒ ՈՒՍԱՒ ԻՆՔՆԻՆ ԱՆՋԻՆՋ
ԽՄԲԻՑ ՈՒՍՈՅՑ ԲԻՒՐՈՒՑ ԱՌԻՆՉ
ՕՃԱՆ ՈԳՒՈՑ ՄԸՏԱՑ ՇԸՌԻՆՉ
ՍՈՓԵՐՍ ԳՐԵԱՑ ՅԱԽՏԷ ՈՉԻՆՉ
ԱՍՔԱՆԱԶԵԱՆ ՏՈՀՄԻՍ ՍԱՏՐԻՆՋ
ՍԱՅԹԱՔ ՉԱՐԻՆ ԳՈՌՈՑ ԿԸՌԻՆՉ
ՏԱՐԱՒ ԱՆԲԱՒ ԻԲՐԵՒ ԶԵՐԻՆՋ
ՈՐՈՎ ՀԱՍՏԵԱՑ ԿԱՐԳ ՀՈՄԱՇՈՒՆՉ
ՒԻՒՍԵԱԼ ՏԷՐԱՄԲ ԻԲՐ ՈՍԿԵՓՈՒՆՋ
ԱԿՈՒՄԲ ԿԱՑՈՅՑ ԴՊՐԱՑ ՄՐՄՈՒՆՋ
ԾԱՂԻԿ ՎԱՐՈՒՑ ՔԱՐՈԶ ԱՆՇՈՒՆՉ
ԱՐՓՒՈՅՆ ՄԱՐԶԷ ՄԸՏԻՑՆ Ի ՔՈՒՆՋ
ՅՂԿԵԱԼ ԴԱՐԱՍՏ ՏՆԿԵԱՑ Ի ՅՈՒՆՋ
ԻՒՐԱՅՕՐԷՆ ՆԱԽ ՎԱՆԸՍ ՋՈՒՆՋ
ՆԻՒԹԵԱՑ ՆԱՐՕՏ ԿԱՐԳԻՍ Ի ՓՈՒՆՋ
ՀԱԳԱԳ ՀՈՎՈՒԻՍ ԱԽՏԻՑ ՑԸՐՕՆ
ՈԽՈՐՏ ՀՆՉԷՐ ՄԵՂԿԻՑ ԿԸՐՕՆ
ԳՈՒՀԱՐ ՄՏԱՑ ԽՈՆԱՐՀ ՍԻԳՆՕՆ
ՒԻՒԾԵԱԼ ՈԳՒՈՑ ԳԵՐ ԼԻԲԱՆՕՆ
ՈՂՈՔ ՅԱԽՏԻՆ ԳԱՂԹԷՐ ՊԱՇՏՕՆ
ՅԱՍՊԻՍՆ ՀԱՅՈՑ ԱՐԺԱՆՆ Ի ՏՕՆ
ՆՈՒԱԳ ՈՍԿԻ ԸՆԾԱՅ Ի ՁՕՆ
1749   ԱՊՐԻԼ   27

 

Մխիթարի դամբարանը շուտով ուխտատեղի է դառնում: Նրա անունը տարեցտարի տարածվում և հարգվում է Վենետիկում և շրջակա քաղաքներում ու գյուղերում, մանավանդ՝ մոտակա Քիոջջա քաղաքում: Շաբաթ չէր անցնում, որ մի քանի քիոջջացի ընտանիք ուխտի չգար նրա շիրիմին, չնայելով չորս-հինգ ժամվա ճանապարհի հեռավորությանը, հաճախ էլ՝ անձրևոտ կամ մրրկալից եղանակին, երբ Սուրբ Ղազարի շրջակա լճակն ամբողջովին ալեկոծ վիճակում է: Այստեղ կամենում ենք պատմել այն առաջին երկու բժշկումների մասին, որոնք կատարվեցին Երանաշնորհ Հիմնադրի բարեխոսությամբ: Երկուսն էլ արձանագրված են ականատես ու արժանահավատ վկաների կողմից և երբեք երկբայության առարկա չեն եղել: Առաջինը պատահել է Մխիթարի Հաջորդի՝ Մելգոնյանի Աբբայության ժամանակ:

Վենետիկում տասներկու տարեկան մի պատանի կար, ազնվական ընտանիքի զավակ: Մի օր պատանին այնպես սաստիկ հիվանդացավ, որ բժիշկները հուսահատվեցին նրա կյանքը փրկելու մտքից: Հայազգի պարոն Խաչիկ Ջուղայեցին, որ շատ մտերիմ էր պատանու ծնողներին, ցավակցության գնալով նրանց տուն, Մխիթար Աբբահոր փոքրադիր պատկերը տվեց նրանց, ասելով. «Հավատքով դիմեցեք Աստծո այս Ծառայի հզոր բարեխոսությանը: Մխիթար Աբբահայրն է, որ թաղված է Հայոց Սուրբ Ղազար վանքում»: Բարեպաշտ ծնողները երեկոյան աղոթեցին և Մխիթար Աբբահոր պատկերը դրեցին հոգեվարքի մեջ գտնվող պատանու բարձի տակ: Որքա՜ն մեծ եղավ ծնողների զարմանքն ու ուրախությունը, երբ հաջորդ առավոտյան իրենց զավակին բոլորովին առողջացած գտան: Պատանին այդ նույն օրն իսկ անկողնուց ելնելով՝ քայլեց, ախորժակով կերավ, զարմացնելով բոլոր տեսնողներին ու լսողներին, և նույնիսկ բժշկին: Երրորդ օրը ծնողներն իրենց տղային վանք բերեցին և երախտագետ սրտով համբուրելով Մխիթար Աբբահոր դամբարանը, ուխտի Սուրբ Պատարագ մատուցել տվեցին[1]:

Երկրորդը Տիկին Նէվիլի բժշկությունն է, որ կատարվեց Մխիթարի դամբանի վրա, ինչպես իր գեղեցիկ գրքերից մեկում պատմում է Տիկին Ավգուստուս Քրավեն[2]:

«Վենետիկ, հինգշաբթի, Ապրիլ 1847.

[...] Երկու շաբաթից ավելի է արդեն, որ քեզ գրելու համար ազատ մի պահ եմ փնտրում: Ավագ Շաբաթվա տոնական օրերի զբաղումներն ինձ ժամանակ չթողեցին, բայց քեզ հաղորդելու շատ կարևոր մի լուր ունեմ իմ սիրելի հիվանդի մասին, որի վիճակն իմ վերջին նամակից հետո գնալով վատացել էր: Քեզ գրելուցս հետո, թե սկսել է լավանալ, հաջորդ օրն, ընդհակառակն, այնքան վատացավ, որ մեզ մեծ տագնապի մեջ գցեց. և այդ օրվանից այս հյուծիչ հիվանդությունն այնքան արագորեն խորացավ, որ բժիշկը հայտարարեց, թե այլևս ոչ մի դեղ նրան չի օգնի: Կարող ես երևակայել նրա բարեկամների տագնապը: Եվ իրոք, զգալի կերպով հալվում ու մաշվում էր, և այդ ակնհայտ հյուծումը բոլորովին հուսահատեցնում էր մեզ: Մեր վշտացած սրտերը, սակայն, տակավին օրորվում էին մի հրաշքի հույսով: Նախորդ օրը, երեկոյան ուշ ժամի, կարդացել էի Մարգարիտ Մարիամ Ալաքոքի միջնորդությամբ ընդունված երեք այսպիսի մեծ շնորհների պատմությունը: Մտքումս ասում էի. «Եթե ավելի կենդանի հավատք ունենայի, իննօրյա ջերմեռանդություն կանեի»: Բայց ժամանակն այլևս անցել էր, և հիվանդությունը չափազանց առաջ էր գնացել: Տարակույս չկար, որ նրաուժերը բոլորովին սպառվել էին, և չէր կարողանում որևէ կերակուր ուտել: Ի վերջո, ամսի 23ի երեկոյան, բժիշկը հայտնեց, որ այլևս հույս չկար և հրաժարվեց իր դեղերն ու դարմանները շարունակել: [...]

Ամսի 24ին, առավոտյան ժամը 9ին, դեռ սենյակումս էի: Մի գոնդոլա կանգ առավ մեր դռան առաջ: Ստեփանիա Նէվիլը, շնչակտուր վազելով, հանկարծ սենյակս մտավ և խնդրեց, որ շուտով վար իջնեմ, որովհետև մի բան պիտի ցույց տա ինձ, «մի բան», ասում էր, «որ չեմ կարող վեր բերել, այսքան բարձր»:

Իր հետ վար իջա և մոտեցա գոնդոլային: Գուշակիր, թե ի՞նչ գտա այնտեղ ... իմ սիրելի մայրիկս, հրաշքով բժշկված, որ հուզմունքից դեռ տրոփող սրտով, եկել էր իմացնելու իր թոռնիկին: Այդ շնորհն ընդունել էր Սուրբ Մխիթարի դամբանի վրա, Սուրբ Ղազարի վանքում, ուր իրեն տարել էին իր իսկ ցանկությամբ: Մնացած մանրամասնությունները կիմանաս Վենետիկում, իսկ այս մի քանի տողերը գրում եմ միմիայն այն նպատակով, որ գալու և մեզ տեսնելու փափաքդ արթնացնեմ»:

[1] Ագոնց, Պատմութիւն վարուց Մխիթարայ, էջ 294-295:
[2] M.me Augustus Craven, «La soeur Natalie Narischkin» ect., pp. 183-185, Paris, Perrin et Cie. ect.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։