Խնդրագրեր են հասնում ամեն կողմից – Գրադարան – Mashtoz.org

Խնդրագրեր են հասնում ամեն կողմից

Հայրենի հողի վրա հազիվ էր հասել Մխիթարի Միաբանության համբավը, երբ ամեն կողմից սկսեցին հասնել գանգատների ձայներ, հուսահատ հառաչանքներ, տառապանքի ու թշվառության արձագանքներ, խավարի ու վտանգի մեջ խարխափող հոգիների աղերսանքներ, որոնք ի մի ձուլվելով՝ կազմում էին Ազգի ամեն տեսակ ցավերի մարմնացումը, վիրավոր ու անապաքեն Հայրենիքի աղերսող ստվերը, որը Մխիթարին հաճախ երևալով, ասում էր. «Անցեալ ի Հայս, օգնեսցես մեզ»: Այդ ձայներից մի քանիսը լսենք նաև մենք, նույն ժամանակի ցավալի կացության շուրջ որոշակի գաղափար ունենալու համար:

Տրապիզոնի քահանաները միաբան գրում էին Մխիթարին. «Չունենք մի բարի հովիվ, որ մեզ խրատի իր խոհական խոսքերով ու քարոզներով: [...] Դրա համար բոլորս՝ եկեղեցականներ և իշխաններ միացած, խնդրում ենք, որ մեր մոտ ուղարկեք ձեր վարդապետներից մեկին, որպեսզի խոհեմ քարոզիչ և խոստովանահայր լինի» (1713 Սեպտեմբեր 9): Նույն անձինք մի ուրիշ անգամ դարձյալ գրում էին Մխիթարին. «Գերապատվությանդ ծանուցում ենք մեր քաղաքի որպիսությունը, որովհետև հոգևոր իմաստով մեծ խեղճության մեջ ենք գտնվում. չունենք մի այնպիսի վարդապետ, որ մեր բոլոր հոգևոր պետքերը հոգա, լինի վստահելի ու նվիրյալ. այդ իսկ պատճառով, ահա երկար ժամանակ է արդեն, որ առանց խոստովանության ենք մնացել, և օրեցօր սպառվում է մեր ջերմությունը և խոպանացած երկիր ենք դառնում: [...] Ուստի, իմանալով, թե որքան մեծ սեր ես տածում մեր Ազգի հանդեպ, խնդրում ենք, որ միաբաններիցդ մեկին ուղարկես, որպեսզի գա մեր քաղաքում քարոզելու և մեր հոգու ծարավը հագեցնի ճշմարիտ քարոզությամբ» (1726 Հուլիս 3):

Գաղատացի կաթողիկեները հետևյալ խոսքերով էին նկարագրում իրենց վիճակը. «Մեր ներկա կացությունն այս է. չունենք մի առաջնորդ, մեր մեջ չկա կաթողիկե քահանա, ուստի զուրկ ենք հոգևոր ամեն տեսակ մխիթարությունից: Հազիվ երկու կամ երեք տարին մեկ է պատահում, որ ուրիշ քաղաքներից մի քանի կաթողիկե քարոզիչներ կամ խոստովանահայրեր են գալիս, տասնհինգ կամ քսան օր մնում են մեր մոտ, մեր հոգևոր պետքերը լրացնում ու հետո գնում են: Եթե ուզում եք մեր թիվն իմանալ, ասենք, որ մենք գրեթե երեք-չորս հարյուր հոգի ենք, ազնվականներն ու ռամիկները միասին վերցրած: Հինգ տարուց ի վեր կաթողիկե քահանայի երես չենք տեսել, բայց գրով կամ խոսքով իմացանք, թե չպետք է Հայոց եկեղեցիները գնանք: Այստեղ՝ մեր քաղաքում, կաթողիկե եկեղեցի չկա. արդ, ինչպե՞ս և ո՞վ պիտի անի մեր պսակն ու մկրտությունը, եթե նրանց եկեղեցին չգնանք. Պատարագ պիտի չտեսնե՞նք կիրակի և տոն օրերին, եթե արգելված է նրանց եկեղեցին գնալ[1]: Հակառակորդները զայրացել են, ամեն առիթով նախատում ու բամբասում են մեզ, մեր երեսին ասելով, թե Հրյաներն իրենց ժողովարանն ունեն, Տաջիկներն՝ իրենց մզկիթները, Հայերը, Հոռոմներն ու Ֆռանկները՝ իրենց եկեղեցիները, բայց դուք ի՞նչ ազգ եք և ի՞նչ դավանանքի, որ եկեղեցի անգամ չունեք: Ահա այսպես, խեղճության մեջ տվայտվում ենք. ամեն կողմից մահ, տանջանք, սպառնալիք» (1717 Հունիս 30):

Միևնույն տարվա մեջ, այդ նույն բողոքն ու հառաչանքը լսում ենք նաև Բուրսացիներից. «Չունենք մխիթարություն, չունենք ամենևին սրտի հանդարտություն. ո՛չ Պատարագ ենք տեսնում, ո՛չ խրատ կամ քարոզ ենք լսում, և որ ամենացավալին է, տարիներ են արդեն, որ չենք խոստովանվում. շատերը քաղաքից քաղաք են թափառում խոստովանահայր գտնելու համար, շատերն էլ գերեզման են մտնում մեղքերով ծանրաբեռնված և խղճի խայթերով տանջված: Երբեմն հինգ կամ վեց տարին մի անգամ, իսկ երբեմն էլ՝ ավելի ուշ, մեկ կամ երկու կաթողիկե քահանա պատահաբար անցնում են մեր քաղաքով և խոստովանեցնում են: [...] Ժանտամահն էլ պակաս չէ մեր միջից: Կարող եք երևակայել, թե ինչպիսի անմխիթար կյանք ենք վարում: Հակառակորդները հարձակվում են մեր վրա, նեղում են, սպառնալիքներով ստիպում, որ իրենց եկեղեցին գնանք, ապա թե ոչ՝ դատավորի ձեռքն են մատնում մեզ: [...] Արդ, մեր ավաղելի վիճակի մասին քիչ թե շատ տեղեկություն ունենալով, արտասվագին խնդրում ենք, որ մեզ քարոզիչներ և խոստովանահայրեր ուղարկեք» (1717 Սեպտեմբեր 20):

[1] Ինչպես արդեն տեսանք, Մխիթարը դեմ էր այդ արգելքին, որ հարուցում էին ոմանք: Ընդհակառակն, Մխիթարն իր Հռոմում գտնված ժամանակ գրավոր հայտնեց իր համոզումը Սրբազան Քահանայապետին և Ծիրանավորների Ժողովին, երբ վերջիններս կամեցան լսել իր հեղինակավոր կարծիքը:

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։