« ԴՈՒ, ՈՐ ԶՈՒՐԿ ԷԻՐ ԻՄԱՍՏԻՑ, ՍՆՈՒՆԴ ԵՍ ՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԻՄԱՍՏԻՑ » – Գրադարան – Mashtoz.org

« ԴՈՒ, ՈՐ ԶՈՒՐԿ ԷԻՐ ԻՄԱՍՏԻՑ, ՍՆՈՒՆԴ ԵՍ ՍՏԱՆՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԻՄԱՍՏԻՑ »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԼԸ., Աստվածահայտնության մասին, 2.4.16-17 (PG 36, 313B.316A.329C-332A; SC 358, pp. 106, 108-110, 142-144).
 
 
[...] Ես նույնպես կհռչակեմ այս օրվա մեծությունը. աննյութականը մարմնանում է, Բանը դառնում է մարմին, անտեսանելին հայտնվում է, անշոշափելիին հնարավոր է հպվել, անժամանակը ստանձնում է սկիզբ, Աստծո Որդին դառնում է մարդու Որդի. Հիսուս Քրիստոսն է, միշտ նույնը, երեկ, այսօր և հավիտյանս հավիտենից: [...]
Ահա՛ հանդիսությունը, որն այսօր տոնակատարում ենք. Աստծո գալուստը մարդկանց մոտ, որպեսզի մենք գնանք Աստծո մոտ, կամ ավելի ճիշտ է ասել՝ որպեսզի վերադառնանք Նրա մոտ. որպեսզի հին մարդուց մերկանալով՝ զգեստավորվենք նորով, և ինչպես մեռել էինք Ադամի մեջ, այնպես էլ ապրենք Քրիստոսի մեջ, ծնվենք Նրա հետ, հարություն առնենք Նրա հետ [...] :
Հրաշք է սա ո՛չ թե արարման, այլ ավելի՝ վերաարարման: [...] Որովհետև այս տոնը իմ կատարելագործումն է, իմ վերադարձն է նախկին վիճակին, սկզբնական Ադամին: [...]
Հարգանք մատուցիր Սուրբ Ծննդյանը, որն արձակում է քեզ չարի կապանքներից: Մեծարիր այս փոքրիկ Բեթղեհեմին, որը քեզ վերադարձնում է դրախտը: Պատիվ ընծայիր այս մսուրին. նրա շնորհիվ դու, որ զուրկ էիր իմաստից («lόgos»ից), սնունդ ես ստանում աստվածային Իմաստից՝ նույն Ինքն աստվածային Բանից («Lόgos»ից): [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։