« ՄԵՂԱՆՉԱԾ ՄԱՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՄԱՀՎԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՉԱՐԻՔՆ ԱՆՄԱՀ ՉԼԻՆԵՐ » – Գրադարան – Mashtoz.org

« ՄԵՂԱՆՉԱԾ ՄԱՐԴԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵՑ ՄԱՀՎԱՆ, ՈՐՊԵՍԶԻ ՉԱՐԻՔՆ ԱՆՄԱՀ ՉԼԻՆԵՐ »

ԳՐԻԳՈՐ ՆԱԶԻԱՆԶԱՑԻ, Ճառ ԽԵ., Զատիկի մասին, 8 (PG 36, 632C-633B).
 
 
[...] Աստված դրեց մարդուն դրախտի մեջ, – ինչպիսին էլ որ եղած լինի այդ դրախտը, – տվեց նրան ազատություն, որպեսզի շնորհընկալի երանությունը նվազ չլիներ, քան շնորհատուինը: Պատվիրեց նրան հսկել անմահ բույսերի վրա, որոնք թերևս [խորհրդանշում են] աստվածային մտքերը: [...]
Տվեց նրան մի օրենք, որով կկարողանար հրահանգվել նրա ազատությունը: Այդ օրենքը մի պատվիրան էր. ծառերը, որոնց պտուղները կարող էր քաղել, և այն միակը, որին չէր կարող հպվել: Այդ ծառը գիտության ծառն էր: Մարդու կորստյան համար չէ, որ Աստված ի սկզբանե տնկել էր այդ ծառը, ո՛չ էլ նախանձի պատճառով է, որ արգելել էր մերձենալ դրան, – թող որ Աստծո թշնամիներն այս հարցին միջամուխ չանեն իրենց լեզուները, թող որ չնմանվեն օձին, – այլ՝ բարությունից դրդված, եթե ուղղամտորեն մեկնաբանենք այդ արգելքը: Իմ կարծիքով, արդարև, դա հայեցողության ծառն էր, որին անվնաս կերպով կարող էին մերձենալ միայն նրանք, որոնց հոգևոր պատրաստությունը հասել էր բավականաչափ կատարելության: Այդ ծառն, ընդհակառակն, միայն աղետաբեր կարող էր լինել չափազանց անտաշ հոգիների համար, որոնց ախորժակը չափազանց բիրտ ու վայրագ է: Միևնույն կերպ, չափից ավելի խիտ կերակուրը վնասակար է փոքր երեխաներին, որոնք տակավին կարիքն ունեն կաթի:
Երբ, սատանայի ատելության պատճառով, [...] – ա՜հ, որքա՜ն ողբալի է իմ տկարությունը, որովհետև ի՛մն է հեռավոր նախածնողի տկարությունը, – առաջին մարդը պարտվեց, [...] հեռացվեց կյանքի ծառից, դրախտից և Ինքնին Աստծուց, և հագավ կաշվե զգեստներ, – ինչը որ կարող է այլաբանորեն նշանակել մի մարմին, որն ավելի թանձր է, մահկանացու և անհնազանդ: Եվ, առաջին անգամ լինելով, մարդը ճանաչեց իր անարժանությունը և փորձեց թաքնվել Աստծո առաջ: Բայց շահեց նաև դրա վարձը՝ մահը, [...] որպեսզի չարիքն անմահ չլիներ: Պատիժն, այդպիսով, դարձավ մարդկության հանդեպ սիրո ապացույց: Այդպիսին է, իմ կարծիքով, պատժելու աստվածային կերպը: [...]
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։