« ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՄԵԶ ՁԵՐ ԲԵՐԿՐԱՆՔԸ » – Գրադարան – Mashtoz.org

« ՑՈՒՅՑ ՏՎԵՔ ՄԵԶ ՁԵՐ ԲԵՐԿՐԱՆՔԸ »

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ
 
Եսայի 9, 1-4
Ժողովուրդը, որ քայլում էր խավարի մեջ, մի մեծ լույս տեսավ. նրանց վրա, որ բնակվում էին խավարամած երկրում, մի լույս ծագեց։ Բազմապատկեցիր բերկրանքը, ավելացրեցիր ուրախությունը։ Ուրախանում են քո առաջ, ինչպես ուրախանում են հնձի ժամանակ, և ինչպես ուրախանում են, երբ բաժանում են ավարը։ Որովհետև այն լուծը, որ ծանրացել էր նրա վրա, և նրա պարանոցին դրված ձողը, և նրա դաժան հսկիչի գավազանը դու փշրեցիր, ինչպես Մադիանի ժամանակ։
 
Պողոս Առաքյալի Կորնթացիներին ուղղված Առաջին Նամակը 1, 10-13.17
Ուստի հորդորում եմ ձեզ, եղբայրներ, հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի, որ բոլորդ միասիրտ լինեք խոսքի մեջ, որպեսզի բաժանումներ չլինեն ձեր մեջ, այլ՝ մտքի և դիտավորությունների կատարյալ միության մեջ լինեք։ Իրոք, եղբայրներ, Քղոեի մարդկանցից ինձ տեղեկացվեց ձեր մասին, որ երկպառակություններ կան ձեր մեջ։ Խոսքս այն մասին է, որ ձեզնից յուրաքանչյուրն ասում է. «Ես Պողոսյան եմ», «Ես, մինչդեռ, Ապողոսյան եմ», «Իսկ ես Կեփասյան եմ», « Իսկ ես՝ Քրիստոսյան»։
Մի՞թե Քրիստոսը բաժանվել է։ Մի՞թե Պողոսն է խաչվել ձեր համար, կամ մի՞թե Պողոսի անունով եք մկրտվել։ [...] Քրիստոսն, արդարև, ինձ չի ուղարկել մկրտելու, այլ՝ Ավետարանը քարոզելու. ո՛չ, սակայն, ճարտարախոս ճառասացությամբ, որպեսզի ունայն չդառնա Քրիստոսի խաչը։
 
Ավետարան ըստ Մատթեոսի 4, 12-23
Երբ իմացավ, որ Հովհաննեսը ձերբակալվել է, Հիսուսը քաշվեց Գալիլիա, և թողնելով Նազարեթը՝ եկավ բնակվելու Կափառնայումում, ծովեզերքին, Զաբուղոնի և Նեփթաղիմի սահմաններից ներս, որպեսզի կատարվեր այն, ինչ ասվել էր Եսայի մարգարեի միջոցով.
«Զաբուղոնի երկիրը և Նեփթաղիմի երկիրը,
ծովի ճանապարհի վրա, Հորդանանից այն կողմ,
հեթանոսների Գալիլիա.
խավարի մեջ ընկղմված ժողովուրդը
մի մեծ լույս տեսավ.
նրանց վրա, որ բնակվում էին մահվան երկրում և մահվան ստվերների մեջ,
մի լույս ծագեց»։
Այդուհետև Հիսուսը սկսեց քարոզել և ասել. «Դարձի եկեք, որովհետև երկնքի արքայությունը մոտ է»։
Մինչ քայլում էր Գալիլիայի ծովեզերքին, տեսավ երկու եղբայրների. Պետրոս կոչված Սիմոնին, և նրա եղբորը՝ Անդրեասին, որ ծովի մեջ ուռկան էին գցում, քանի որ ձկնորսներ էին։
Եվ նրանց ասաց. «Հետևեցեք ինձ, և ես ձեզ մարդկանց որսորդներ կդարձնեմ»։ Եվ նրանք իսկույն, ուռկանները թողնելով, հետևեցին Նրան։ Եվ այնտեղից առաջ գնալով, ա՛յլ երկու եղբայրների տեսավ. Զեբեդեոսի որդի Հակոբոսին և նրա եղբայր Հովհաննեսին, մինչ նավակի մեջ էին իրենց հոր՝ Զեբեդեոսի հետ միասին, և իրենց ուռկաններն էին կարգի բերում. և նրանց էլ կանչեց։ Եվ նրանք իսկույն, նավակը և իրենց հորը թողնելով, հետևեցին Նրան։
Հիսուսը շրջում էր Գալիլիայի բոլոր կողմերը՝ նրանց ժողովարաններում ուսուցանելով և արքայության բարի լուրը քարոզելով և ժողովրդի մեջ ամեն տեսակ հիվանդություններ ու ախտեր բժշկելով։
 
 
ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹՅՈՒՆ
 
Այս Կիրակիների ընթացքում մենք հետևում ենք Քրիստոսին, մինչ Նա Իր առաջին քայլերն է կատարում Իր հասարակաց կյանքում և Իր քարոզչական գործունեության մեջ։ Վերապրում ենք մեծ ավետումները, որ Նա քայլ առ քայլ կատարում էր աշխարհում և դրանց մեջ սովորում ենք ճանաչել մարդկանց տրված Աստծո խոստումների կատարումը։ Հանձինս Հիսուս Նազովրեցու տեղի է ունենում մեսիական խոստումների կատարումը. սա՛ է այն խորքային թեման, որով բնորոշվում են Ծիսական Տարվա այսպես կոչված Սովորական շրջանի առաջին Կիրակիները, որ ընկնում են Աստվածահայտնության տոնի և Քառասնորդացի սկզբի միջև։
Նախորդ Կիրակի ստացանք մեղքերի թողության մխիթարիչ ավետիսը. Հիսուսը Աստծո Գառն է, որ ջնջում է մեր մեղքերը։ Նրա մեջ, Աստված ամբողջական կատարման է հասցնում այն, ինչ խոստացել էր զատկական գառան խորհրդանշանի միջոցով և «մեր մեղքերի համար խոցված» գառան մարգարեությամբ։
Այսօր ընդունում ենք լույսի ու բերկրանքի մեծ ավետիսը։ Հիսուսը, գալով աշխարհ, մեղքերի թողությունից բացի, մարդկանց բերել է «մի մեծ լույս» և մի մեծ ուրախություն։ Այդպիսով իրականացել է Աստծո խոստումներից ևս մեկը։ Այս ամենը մեզ ասվում է անցած Կիրակի օրվա միևնույն ընթացակարգով. մեզ ընթերցել տալով աստվածաշնչյան երկու հատվածներ, որոնցից մեկը Հին Կտակարանից է և պարունակում է խոստումը, իսկ երկրորդը Նոր Կտակարանից է և պարունակում է այդ խոստման իրականացումը։
Առաջին ընթերցման մեջ Եսայի Մարգարեն իր խոսքն ուղղում է Թիգլաթպալասար Երրորդի կողմից Ք.ա. 732 թվականին աքսորված գալիլիացիներին։ Այդ մարդիկ կքված, շղթայված ու վհատված քայլում էին դեպի իրենց աքսորավայրը։ Քայլում էին կարծես մութ գիշերվա մեջ։ Ահա՛ նրանց Մարգարեն ավետում է մի անակնկալ լույս. ստրկության վերջը, վերադարձը իրենց հայրենիք, առատազեղ ուրախության զգացմունքներով։
Դրանում բովանդակված է նաև մի խոստում, որ ուղղված է ողջ մարդկությանը, որն հեծեծում է չարի փորձառության ու ստրկության տիրապետության տակ գտնվող վիճակում։ Այս մոլորված մարդկությունը, սեփական փորձառությունների բեռան տակ կքված մարդկությունը, իր ոտքերին շղթաներ և իր հոգուն կապանքներ դրած տերերի ստրկացած մարդկությունը, մարդկությունը, որ սարսափում էր անդենական աշխարհի մտքից, – «այնտեղ, ուր ուրախությունն անհայտ բան է», ինչպես ասում էր հույն ողբերգակը (Էսքիլոս), – մի օր մի մեծ լույս է տեսնելու և վերադառնալու է ճաշակելու բերկրանքը. «Ժողովուրդը, որ քայլում էր խավարի մեջ, մի մեծ լույս տեսավ։ [...] Բազմապատկեցիր բերկրանքը, ավելացրեցիր ուրախությունը։ Ուրախանում են քո առաջ, ինչպես ուրախանում են հնձի ժամանակ, և ինչպես ուրախանում են, երբ բաժանում են ավարը»։
 
Իր մկրտությունից քիչ ժամանակ անց, Հիսուսը կարճատև բնակություն հաստատեց Կափառնայումում, հեթանոսների Գալիլիայում, հենց այն երկրամասում, որտեղով ժամանակին անցել էին աքսորի ճանապարհը բռնած հրեաների անվերջանալի շարքերը։ Այդ վայրերում Հիսուսի ներկայությունը Ավետարանչի հոգու աչքերին երևացել է որպես Աստծո «Եղիցի՛»ն՝ Իր հին խոստման կատարմանը. դրա համար է նա մատնացույց անում Եսայիի մարգարեությանը. «Որպեսզի կատարվեր այն, ինչ ասվել էր Եսայի մարգարեի միջոցով»։
Հիսուսն է այն մեծ լույսը, որ պետք է ծագեր մարդկության վրա. «Ես եմ աշխարհի լույսը» (Հվհ 8, 12)։ Ի՞նչ է նշանակում լույսը։ Նշանակում է ճանապարհը, ճշմարտությունը և հատկապես կյանքը։ Նա ճանապարհն է և ճշմարտությունը. այսինքն՝ անցնելիք ուղու վստահությունը, ճանապարհորդակից ընկերը, առ Աստված մերձենալու հնարավորությունը. «Ոչ ոք չի կարող գալ Հոր մոտ, այլ միայն՝ իմ միջոցով» (Հվհ 14, 6)։ Բայց Նա նաև կյանքն է, այսինքն՝ ճանապարհի ավարտն ու նպատակակետը, մարդկային գոյության ճամփորդության հատուցումն ու նպատակը. Նա, ով մեր էությունը փրկում է մահվան նավաբեկությունից։ Լույսը և կյանքը միշտ զուգորդվել են մարդկանց փորձառության մեջ։ Երբ երեխա է ծնվում, ասում ենք, որ լույս աշխարհ եկավ, և Հիսուսն Ինքն էլ զուգորդել է երկու իրողություններն, Իր մասին ասելով. «Ով հետևում է ինձ, կունենա կյանքի լույսը» (Հվհ 8, 12)։
Բայց Նա նաև ուրախությունն է։ Երբ ծնվեց, ավետվեց որպես «աշխարհի մեծ ուրախությունը» (Ղկս 2, 10)։ Նրա կյանքի ողջ իմաստն ամփոփված է թվում այս խոսքերի մեջ, որ արտասանվել են Նրա մահվան նախօրեին. «Որպեսզի իմ ուրախությունը ձեր մեջ լինի», «Որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հվհ 15, 11; 16, 24)։ «Ավետարան» բառն ինքնին նշանակում է բարի լուր, այսինքն՝ զվարթության ու բերկրանքի ավետիս։ «Եկել եմ կյանք պարգևելու», ասում է Հիսուսը (Հվհ 10, 10), և բերկրանքն ու ուրախությունը ա՛յլ բան չեն, քան ինքնին կյանքը, կյանքի լիարժեքությունը։ Հիսուսի հետ վերստին լսում ենք այն խոսքը, որի համը մարդիկ կորցրել էին. «Երանի՜ ձեզ, ցնծացեք և ուրախացեք» (Մտթ 5, 12)։ Պողոս Առաքյալը հորդորում էր աշակերտներին, ասելով. «Եղբայրներ, ուրախ եղեք։ Կրկնում եմ ձեզ, ուրախ եղեք» (Փլպ 4, 4)։
 
Բերկրանքը պետք է անպայման ծաղկի, ուրեմն, այնտեղ՝ որտեղով անցնում է Ավետարանը, նույնիսկ եթե խոսքը գնա «նեղությունների մեջ բերկրանքի» մասին, ինչպես այն անվանում է Պողոս Առաքյալը (2Կր 7, 4)։ Մանավանդ թե, բերկրանքն է քրիստոնյայի մեջ Սուրբ Հոգու ներկայության հայտնող նշանը. «Հոգու պտուղներն են. միություն, բերկրանք, խաղաղություն» (Գղտ 5, 22)։ Աշխարհը, որ դեռ չի հավատում, մեզ մարտահրավեր է նետում հենց ա՛յս ասպարեզում, թե որքան կարողությունն ունենք լինելու բերկրանքի մեջ և հաղթանակել տալու բերկրանքին։ Սա այնքան հին մարտահրավեր է, որքան որ Աստծո հանդեպ հավատքն է։ Եսային, Քրիստոսից բազում դարեր առաջ ապրած մեծ Մարգարեն, արդեն իսկ լսել և ընդունել էր անհավատների բերանից հնչող այս մարտահրավերը. «Ձեզ ատող ձեր եղբայրներն ասացին. Ցույց տվեք մեզ ձեր բերկրանքը» (Ես 66, 5)։
Ուրեմն ինչո՞ւ մենք՝ քրիստոնյաներս – ոմանք երբեմն, ոմանք շատ հաճախ – ուրախ չենք։ Թերևս բերկրանքի ավետիսը – Ավետարանը – դեռևս չի՞ իջել մեր սրտի խորքը։ Մենք դեռևս նմանվում ենք այն տխրադեմ բազմություններին, որոնք քայլում էին խավարի մեջ կքված, ընթանալով դեպի աքսորը։
 
Կիրակնօրյա Սուրբ Պատարագը այս ամենի ճշտման փորձարարական վայրն է։ Սուրբ Պատարագի ժամանակ պետք է որ կրկնվեր – անհատական և կարճատև մակարդակի վրա – այն փոխակերպումը, որի մասին խոսում էր Եսայի Մարգարեն առաջին ընթերցման մեջ։ Գալով Եկեղեցի, մենք որոշակի չափով նման ենք այն հրեաներին՝ վշտահար, հոգնած, ողբասաց։ Բայց դուրս գալուց, Աստծո խոսքն ունկնդրելուց և Քրիստոսի Մարմնին հաղորդվելուց հետո, մենք պետք է որ լինենք նրանց նման, ովքեր ուրախ զվարթ վերադառնում են հունձքից, իրենց ուսերին կրելով առատորեն հավաքված ցորենի խուրձերը (Սղմ 125, 6). իբրև մարդիկ, որոնց «սրտում բազմապատկվել է բերկրանքը», որը նրանք պետք է տանեն աշխարհ՝ որպես Քրիստոսի կողմից բերված ու իրականացված փրկության վկայություն։ Հիշենք Աստվածաշնչի այն սքանչելի խոսքը, ուր ասվում է. «Տիրոջ բերկրանքը մեր ուժն է» (Նեմ 8, 10)։ Այո՛, այսօր էլ, աշխարհի թոհուբոհի մեջ, համոզելու մեր ուժը լինելու է այն բերկրանքը, որ մեզ գալիս է Տիրոջ մտքից։
 
 
Հատված Հայր Ռանիերո Կանտալամեսսայի « Խոսքը և Կյանքը » (« La Parola e la Vita ») գրքից, էջ 144-147.
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։