ԱՄՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ – Գրադարան – Mashtoz.org

ԱՄՄԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՄԻ ՓՈՔՐԻԿ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻ

1952 թվականի Մայիսի 10-ին Կարդինալ Աղաջանյանը ժամանեց Ամման, Հորդանանում։ Նրան ընկերակցում էին Արհպ. Պաթանեանը՝ Հայ Կաթողիկե Պատրիարքության Ընդհանուր Փոխանորդը, և քարտուղարը՝ Հոգշն. Բարթանյանը։ Հովվական այցելության համար նախատեսվում էին երկու հանգրվաններ. հանդիպել Ամմանի և Երուսաղեմի հայ համայնքներին։ Առաքելական Պատվիրակ Գերպ. Գուստավո Տեստան Երուսաղեմից մանրակրկիտ հաշվետվություն ուղարկեց Արևելյան Ժողովի Նախագահ Կարդինալ Տիսսերանին, այս խոսքերով արտահայտվելով. «Ինչպես որ իմ պարտքն էր, պատվված զգացի ինձ՝ հոգալու ամեն բան, որպեսզի իր պատվին կազմակերպված հանդիսությունները արժանի լինեին Եկեղեցու Իշխաններից մեկին և մի Պատրիարքի, ով այսքա՜ն համատարած կերպով ճանաչված և իր բարձրակարգ հատկությունների ու առաքինությունների համար հարգված է։ ... Կեսօրից հետո, Ն.Գ. Կարդինալը հաճույքն ունեցավ տեսնելու Ամմանի Հայոց նոր եկեղեցին ու դպրոցը։ Հաջորդ օրը՝ Կիրակի, Մայիսի 11ը, սկսվեց նոր եկեղեցու հանդիսավոր օծմամբ, որն առաջինն է Միջին Արևելքում, որ ձոնվել է Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխմանը, այդ Դոգմայի հռչակումից հետո։ Եկեղեցու օծման արարողությանը հաջորդեց Սուրբ Պատարագը, որը նույնպես մատուցեց Ն.Գ. Կարդինալը, ներկայությամբ եկեղեցական Իշխանությունների, Դիվանագիտական Կորպուսի Անդամների, և ողջ Հայ Համայնքի, որն աղոթքով ու երգով միացավ իր Հովվին ու Պատրիարքին, որից ծարավով լսեց հորդորի, քաջալերման ու մաղթանքի խոսքերը, և որից ուրախությամբ ստացավ Օրհնությունը»։

Եկեղեցում հավաքված հոծ բազմությունը լսեց իրենց Հովվի հորդորը. « ... Համագործակցել որևէ նախաձեռնության, որ առաջնորդում է ճշմարիտ բարիքին ու ճշմարիտ մեծությանը»։ Աղաջանյանի համար դա մի Շնորհ էր՝ այցելել կարողանալ այդ Սրբազան Վայրերը, «որոնք մի ժամանակ օրհնվել էին Աստվածային Փրկչի ներկայությամբ։ ... Եվ կամեցավ Սուրբ Պատարագ մատուցել Ամմանի իտալական հիվանդանոցի մատուռում, որպես երախտագիտության տուրք այն հյուրընկալության համար, որ այդ հաստատությունն ընծայել էր հայ համայնքին, այն ամբողջ ժամանակվա ընթացքում, որ այն չէր ունեցել իր սեփական եկեղեցին»։

Աստվածածնի Վերափոխմանը ձոնված եկեղեցին կառուցվեց Ամերիկայի հայ բարերարների առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ, – «որոնք հնարավոր էին դարձրել այդքա՜ն անհրաժեշտ ու բարենպաստ գործը», – և Պաղեստինի համար Պապական Առաքելության կողմից տրված նպաստով, «որն իր վրա էր վերցրել դպրոցի պահպանման ծախսերը»։

Աղաջանյան Պատրիարքը այդ փոքրիկ տաճարի ժողովրդապետ նշանակեց Գերհ. Կամսարականին, որին այսպիսի խոսքերով էր նկարագրում. «Եռանդուն քահանա և զոհողության մեծ ոգու տեր, հարգված և սիրված է բոլորի կողմից. և շատ բարիք է գործում։ Իր դպրոցը 100-ից ավելի աշակերտներ ունի և շատ ավելիներին է դեռ ընդունելու, երբ կլուծվի դպրոցականների տեղափոխման խնդիրը։ ... Բլուրը» – եկեղեցու կողքին – «գրեթե բնակեցված չէ, բայց շինությունները կամաց կամաց մոտենում են, և բազմաթիվ հայ ընտանիքներ բնակություն են հաստատում դպրոցի մոտակայքում»։

Հիսուսի Մորը ձոնված եկեղեցու կառուցումը վերակոչում էր բարեպաշտության ու բերկրանքի այն զգացումը՝ բոլոր այն ցրված զավակների համար, որոնք փափաքում են վերամիավորվել՝ կարողանալու համար մասնակցել Նրա միևնույն փառքին, որն Աղաջանյանը սիրում էր այս կերպ հաստատել. «Ուր որ մայրն է, այնտեղ պետք է իր զավակները հավաքվեն։ Մի մոր փառքը նաև իր զավակների փառքն է, հատկապես երբ մեր Տիրուհին, ամենափառավորյալը հրեշտակների երկնային բոլոր դասերի կողմից, լիակատար սեր ունի իր զավակների հանդեպ»։

Մայիսի 13-ին ժամանում է Երուսաղեմ, ողջունել կարողանալու համար Սուրբ Քաղաքի Հայ Համայնքին. «Ն.Գ. Կարդինալը մեկնեց Ամմանից՝ այցելելու համար Երուսաղեմ, ուր հասավ ժամը 11-ին, բուռն բերկրանքով ու խանդավառությամբ ընդունվելով Հայ Համայնքի կողմից։ ... Այցելեց գեղեցիկ Հայոց Եկեղեցին, որ գտնվում է Խաչի Ճանապարհի Երրորդ Կայանի մոտ, և իր օրհնությունը ջամբեց բարեպաշտ ու հարգալիր ամբոխին, որ հավաքվել էր այնտեղ։ Ապա այցելեց Սուրբ Գերեզման և Սուրբ Երկրի վաստակաշատ Պահապաններին»։

Կեսօրից հետո մեկնեց Բեյրութ, Կալանդիայի օդանավակայանից, «հարգանքներ ընդունելով, մեկնումի պահին, ներքոստորագրյալիս՝ Առաքելական Պատվիրակիս կողմից, ինչպես նաև Հայ Համայնքի բազմաթիվ անդամների կողմից, որոնք կամենում էին ևս մեկ անգամ կրկնել իրենց Պատրիարքին իրենց մեծարանքի զգացումները և ջերմ երախտագիտությունը՝ այն պատվի ու բերկրանքի համար, որոնց աղբյուր էր հանդիսացել իր այցելությունը, բոլորի համար»։

 

 

«ՏԻՐԱՄՈՐ ԽՈՍՏՈՒՄԸ»

 

1952 թվականի Հուլիսի 7-ին, «Sacro Vergente Anno» - «Ավարտվող Սուրբ տարին» Առաքելական Նամակում, Ն.Ս. Պիուս 12րդ Պապը Մարիամի Սուրբ Սրտին նվիրաբերեց Ռուսաստանը, Ֆաթիմայում Սուրբ Կույսի արտահայտած փափաքի համաձայն։

1953 թվականի Հունվարի 28-ին, Կարդինալ Աղաջանյանը մի նշանակալի նամակ գրեց վշտի փոխակերպող ու կերտող ուժի մասին, և այն մատնացույց արեց որպես Ռուսաստանի դարձին հասնելու միջոց։

Կարդինալի նամակը հրապարակվեց «L'Ancora» պարբերաթերթի կողմից։ Դա մի հրավեր էր և «մի զորեղագույն զենք՝ հոգիները նվաճելու համար», հետևյալ խոսքերով. «Քրիստոնեաբար կրված ու փարված վիշտը աղոթքի գործնական կերպերից մեկն է»։ Մի աշխարհի դիմաց, որ շարունակ փոփոխվում է, քաղաքական ու կրոնական ատելություններով բաժանվում, երկրի վրա Քրիստոսի Թագավորության տարածումը Աղաջանյանի համար ներկայանում էր որպես իր առաքելության գլխավոր տարրը։

Այդ նամակը մի առավել խորը պատգամ էր ավանդում։ Մի աղոթք, հույսի մի հորդոր այն բոլոր ժողովուրդների համար, որոնք դատապարտվել էին լռության։ Ռուսաստանի ժողովուրդների նվիրաբերումը Մարիամի Անարատ Սրտին՝ Աղաջանյանի համար դառնում էր զորեղ պատճառը՝ բացելու հավատացյալների սրտերը ամենաուրախ հույսերի առաջ։ «Այսքա՜ն փոթորկալի ժամանակներում, երբ բաժանումը, պետական աթեիզմին ստրկացած, նենգ ու հոխորտ շարժվում է բնաջնջելու Կաթողիկե Համայնքները, որոնք իրենց ուժն ու գեղեցկությունը քաղում են Սուրբ Աթոռից, հոգին, թեև խորապես դառնացած է բազմաթիվ հոգիների համար, որ կորչում են, այդուհանդերձ՝ լի ու լցված է մնում վստահությամբ՝ վերջնական հաղթանակի հանդեպ։ ... Եվ մենք աղոթում ենք Տիրոջը, հարատևությամբ ու անսահման վստահությամբ, որպեսզի կամենա հաղթանակ պարգևել նրանց՝ ի փառս Իր Եկեղեցու և ի փրկություն մեր բազմաչարչար ժողովրդի, որի գրկում շա՜տ շատերը տակավին զավակներ են մարտիրոսների»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։