ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ – Գրադարան – Mashtoz.org

ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿԵ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔ

Քիչ ժամանակվա մեջ տարբեր նշանակումներ ու պաշտոններ հաջորդեցին միմյանց. 1935 թ.ի Մայիսի 29-ին Առաքելական Այցելու եղավ Բեյրութում. 1935 թ.ի Հուլիսի 11-ին անվանվում է Հայոց Կոմանայի տիտղոսավոր Եպիսկոպոս, իսկ 1937 թ.ի Նոյեմբերի 30-ին ընտրվում է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք, առաջին իսկ քվեարկությամբ, վեց կողմ և երեք դեմ ձայներով։ Իր ընտրությունն իսկույն հաստատվում է Ն.Ս. Պիուս 11րդ Պապի կողմից, ով այսպես է արտահայտվում այդ առթիվ. « ... Խոսքն, արդարև, մի արժանավորագույն Եպիսկոպոսի մասին է, ով թեև տարիքով տակավին հառաջացած չէ, այդուհանդերձ՝ այնքան է առանձնացել իմացությամբ ու կարողությամբ, որ ձեռք է բերել բոլորի բարյացակամությունն ու հարգանքը։ Իր հոգու հազվագյուտ ձիրքերը, հետևաբար, հիմնավոր հույս են ներշնչում, որ նա, այս առավել ընդարձակ դաշտում, ի վիճակի կլինի է՛լ ավելի զարգացնելու այն բարձր արժանիքները, որոնք արդեն իսկ ձեռք է բերել, ի մասնավորի՝ երիտասարդների կրթության գործում։ Հոժարությամբ, ուստի, հաստատում ենք նրան որպես Կիլիկիո Հայոց Պատրիարք և նրան հանձնում ենք Սուրբ Պետրոսի դամբանի վրա օրհնված Սուրբ Եմիփորոնը»։

Կաթողիկոս-Պատրիարք ընտրվելով՝ նա իր համար ընտրեց Գրիգոր Պետրոս 15րդ Աղաջանյան անունը։

Ընդամենը 42 տարեկան հասակում, երիտասարդ Պատրիարքը մի ճշմարիտ հեղափոխություն մարմնավորեց իր մեջ։ Բազմաթիվ պարագաներ ու գործողություններ թույլատրեցին նրան առաջնորդել ու պաշտպանել իր ժողովրդին, Լավ Հովվի նման։ Իր ձիրքերը, ինչպես խոհեմությունը, աստվածապաշտությունն ու կշռադատությունը, շարժման մեջ դրեցին և սնուցեցին կաթողիկե ճշմարտության տարածումը ամենայն կոնկրետությամբ։ Իր մանդատի սկզբում, նա գրել է. «Համատարած կերպով պետք է ջանք գործադրենք՝ բազմապատկելու դպրոցական հաստատությունները, քանի որ դրանք են առաքելության ամենաարդյունավետ միջոցը։ Եկեղեցի և դպրոց, կարիքն ունենք բավական թվով քահանաների, քահանաների եռանդի միջոցով՝ կամաց կամաց կհասնենք լավագույն ընթացք և առավել ուժգին ռիթմ հաղորդելու ծխական կյանքին։ ... Մանավանդ թե, կարծում եմ, որ պարտական ենք մատնանշելու, որ տարակարծիք անձանց նախանձախնդրությունն արտակարգ կերպով բազմապատկվել է իմ Պատրիարք ընտրվելու կապակցությամբ, հակադրվելու համար կաթողիկեության վախ ներշնչող քարոզչությանը։ ... Մի երիտասարդ կաթողիկե Պատրիարք, որի մասին թերթերն ու խոսակցություններն ասում են, թե Հռոմում կողմնակցում են իրեն, այդ փաստը անշուշտ մղեց տարակարծիք անձանց՝ դիմելու պաշտպանական քայլերի։ ... Բարի կամքն ինձ չի պակասել՝ օգտակար լինելու համար իմ սիրելի ու բազմաչարչար ժողովրդին. բարի կամքն ինձ չի պակասելու նաև ապագայում, քանի դեռ Տերը կկամենա ինձ կյանք տալ։ Ցնծալու և աղոթելու եմ Տիրոջը, որպեսզի Անարատ Կույսի՝ Պատրիարքական Աթոռի Երկնային Պաշտպանի բարեխոսությամբ, նոր ժամանակաշրջանը օրհնված ու արգասավոր լինի առավել՝ քան երբևէ, հոգիների բարիքի և Սուրբ Մայր Եկեղեցու փառքի համար»։ Իր Պատրիարքության ընթացքում նա կառուցեց 12 եկեղեցի, 15 դպրոց, 2 որբանոց և 2 հոգևոր ճեմարան։ Բազմաթիվ քահանաներ ձեռնադրեց։ Մի կաթողիկե շաբաթաթերթ հիմնեց, որն իբրև նպատակ ուներ պատասխանել, արիաբար, Հայ Ժողովրդի մտահոգություններին։ Բեյրութի Պատրիարքական Նստավայրի բակում Աղաջանյանը կանգնեցնել տվեց Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը, որպես մի հուժկու ազդակ «ամբողջ աշխարհով մեկ սփռված իր բոլոր զավակներին»։

Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։