Բ. Անարատ Հղությունը – Գրադարան – Mashtoz.org

Բ. Անարատ Հղությունը

Մարիամի Անարատ Հղության մասին վարդապետությունը չպետք է շփոթել Մանուկ Հիսուսով Մարիամի կուսական հղիության մասին վարդապետության հետ, որովհետև սա հենց Մարիամի հղացումն է՝ իր մայր Աննայի արգանդում, մինչդեռ մյուսը Մարիամի արգանդում Հիսուսի հղացվելու և Մարիամի կուսության մասին է:

Մարիամի Անարատ Հղության տոնը նշվում է Դեկտեմբերի 8-ին, իսկ Հայ Կաթոլիկ ծիսական օրացույցով՝ Դեկտեմբերի 9-ին, և հաստատվել է 1476թ.ին՝ Սիքստոս Չորրորդ Պապի կողմից, մինչդեռ վարդապետական դոգմատիկ ձևակերպումը հռչակվել է 1854թ.ի Դեկտեմբերի 8-ին՝ Պիուս Իններորդ Պապի «Ineffabilis Deus» - «Անճառելին Աստված» Կոնդակով:

Այս ուսմունքի էությունը հետևյալն է. Մարիամը հղացվել է առանց սկզբնական կամ ադամական մեղքի: Սա նշանակում է, որ Մարիամն իր գոյության առաջին իսկ վայրկյանից Աստծո կողմից մաքուր է պահվել, կամ, ինչպես Հայրերն էին ասում, «նախափրկվել է» ադամական կամ սկզբնական մեղքի արատից և լիացվել է աստվածային սրբարար շնորհով: Մարիամի նման առանձնաշնորհության պատճառը Նրա հատուկ դերն է փրկագործության պատմության մեջ, որը նախապես սահմանված էր աստվածային նախախնամությամբ. այսինքն՝ Աստծո Որդու համար Մայր լինելը, Նրան կրելն իր արգանդում՝ որպես Սրբություն Սրբոցի մաքրամաքուր տապանակ. Մարիամն «ի հավիտենից նախասահմանված էր աստվածային նախախնամությամբ՝ լինելու Աստծո Մայր, Աստծո Որդու մարդեղության ժամանակ»[1]: Մարիամի անարատ հղացվելն իր մորից մի բացառիկ ու եզակի աստվածային պարգև է՝ տրված միայն Մարիամին, որպեսզի հետագայում՝ մարդեղության ժամանակ, Աստծո Որդին նրանից վերցներ մեղքով չարատավորված մարմին:

Մարիամը ո՛չ միայն ձևավորվեց ու ծնվեց որպես Անարատ Հղացյալ՝ առանց մեղքի, այլ նաև՝ իր ողջ կյանքի ընթացքում որևէ մեղք չգործեց. «Ո՞վ կհամարձակվի կասկածել, որ Մարիամը, ով հրեշտակներից ավելի մաքուր էր և մաքուր է բոլոր ժամանակներում, կարող էր մի ակնթարթ, նույնիսկ ամենակարճ մի պահ, ազատ չլինել մեղքի բոլոր բծերից»[2]։

[1] Վատիկանյան Երկրորդ Ժողով, Վարդ. Սահմ. Լույս Ազգաց (Lumen Gentium), 61.
[2] Պիուս Տասներկուերորդ, Կոնդակ Մեծափայլ Պսակը փառքի (Fulgens Corona) (8 Սեպտեմբերի, 1953թ.).
Կայքին օգնելու համար կարող եք դիտել / ունկնդրել այս տեսանյութը։
Շնորհակալություն կանխավ։